Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՐԺԵՔ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ

Հուլիս 14,2010 00:00

Բրյուսելում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի հետ: Վերջինս նշեց, որ Բելգիան մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ թե երկկողմ եւ թե բազմակողմ հարաբերությունների զարգացմանը: Նա անհրաժեշտ համարեց երկու խորհրդարանների միջեւ համագործակցության խորացումը, ինչին մեծապես նպաստեց նաեւ 2009 թ. իր պաշտոնական այցը Երեւան: ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումներն Արցախի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ հարաբերությունների հարցերում: ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով, ինչին մեծապես խոչընդոտում է Ադրբեջանը ավելի հաճախ հնչող իր ռազմատենչ հայտարարություններով: Նա մտահոգություն հայտնեց, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի գործողություններին: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Արման դը Դեկերը բարձր գնահատեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու Հայաստանի համարձակ եւ նախաձեռնողական քաղաքականությունը՝ նշելով, որ Թուրքիայի կողմից նախապայմանների առաջադրումը հիասթափություն առաջացրեց Եվրամիությունում: Սենատի նախագահը շեշտեց, որ Բելգիայի խորհրդարանը միշտ Հայաստանի կողքին է, ինչի մասին փաստում է նաեւ 1998 թ. Բելգիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւի ընդունումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել