Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրունյանն ամփոփեց համերգաշրջանը

Հուլիս 22,2010 00:00

\"\"Բայց չբացեց փակագծերը՝ նոր համերգաշրջանի «մասով»

Ավարտվեց 2009-10թթ. համերգաշրջանը: Ինչով նշանավորվեց այն, իսկ աշնանը մեկնարկելիք նոր համերգաշրջանը ինչ հետաքրքիր մշակութային քաղաքականությամբ կփորձի հանդիսատեսին գրավել: «Առավոտը» այս հարցերն ուղղեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) տնօրեն Ռուզաննա Սիրունյանին: Իսկ ինչո՞ւ ընտրեցինք հատկապես Ֆիլհարմոնիկը. որովհետեւ սկզբնավորման (1925թ.) տարվանից այն մեծանուն դիրիժորներ Ադամյանի, Սպենդիարյանի, Չարեքյանի, Սարաջյանի, Բուդաղյանի, Մալունցյանի, Դուրյանի, Տերյանի, Խանջյանի, Գերգիեւի եւ մյուսների ղեկավարությամբ ունեցել է բեղուն ստեղծագործական ընթացք՝ ոչ միայն Հայաստանում: 2000-ից էլ Ֆիլհարմոնիկը ղեկավարում է Էդուարդ Թոփչյանը, որի օրոք նվագախումբը հաջողությամբ հանդես է եկել Մոսկվայում, Բեռլինում, Չեխիայում, Ֆրանսիայում եւ Ճապոնիայում:
Խոսելով անցած թատերաշրջանի մասին, Ռ. Սիրունյանը կարեւորեց ավանդական դարձած եւ ՀՊՖՆ-ի կողմից անցկացվող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնը, նշելով. «Այս տարի փառատոնը կմեկնարկի 4-րդ անգամ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին դարձյալ կունենանք դասական երաժշտության կատարյալ շքերթ, որի մասնակիցներն են երաժշտական հարուստ ավանդույթներ ունեցող մի շարք երկրների բարձրակարգ երաժիշտները»: Անցյալ փառատոնին ՀՊՖՆ-ի ընկերակցությամբ բեմ են բարձրացել ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը (ԱՄՆ), կլարնետահար Վոլֆգանգ Մայերը (Գերմանիա), օպերային երգիչ Ջուզեպե Ջակոմինին (Իտալիա), թավջութակահարուհի Նատալյա Գուտմանը (Ռուսաստան) եւ այլք: Այս տարի հրավիրված երեւելիների անունները մեր զրուցակիցը չնշեց, կատակելով. «Սերը թող գաղտնի մնա»: Նա տեղեկացրեց, որ Ֆիլհարմոնիկի մեկնաբանմամբ շվեդական ճանաչված BIS RECORDS ձայնագրման ֆիրման թողարկել է ժամանակակից կոմպոզիտորներ Լեւոն Չաուշյանի, Վաչե Շարաֆյանի եւ Սուրեն Զաքարյանի երկերը: Իսկ ՀՊՖՆ-ի եւ Ազգային օպերային թատրոնի մեներգիչների մասնակցությամբ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը բեմադրել է Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերան: Ժամանակին օպերային արվեստի սիրահար Էդ. Թոփչյանը իրականացրել է համաշխարհային օպերային գրականության գլուխգործոցներ հանդիսացող թվով 8 օպերաների համերգային կատարումներ եւ բեմականացումներ՝ բեմադրիչ Սուքիաս Թորոսյանի ռեժիսուրայով: Տիկին Սիրունյանը ասաց նաեւ, որ Ֆիլհարմոնիկի հետ անցած համերգաշրջանում ելույթներ են ունեցել երիտասարդ, ինչպես նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շնորհալի երաժիշտներ, հնչեցվել են նաեւ երիտասարդ հայ կոմպոզիտորների երկեր: Ինչպես նախորդ, այնպես էլ 2010-11թթ. համերգաշրջանում ՀՊՖՆ-ն հավատարիմ կմնա իր որդեգրած մշակութային քաղաքականությանը, այն է՝ ռուս, արեւմտաեվրոպական կոմպոզիտորներից բացի, հնչեցնել մեր կոմպոզիտորների գործերը ոչ միայն տեղացի, այլեւ արտերկրից հրավիրված ճանաչված երաժիշտների կատարմամբ: Նոյեմբերին նվագախումբը կմեկնի հյուրախաղերի Սլովակիա, Գերմանիա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել