Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍԿԵ ՄԵԴԱԼԸ ԳՏԱՎ ԻՐ ՏԻՐՈՋԸ

Հուլիս 27,2010 00:00

«Արամ Խաչատրյան» համերգասրահի գլխավոր նկարիչ Գառնիկ Վարդանյանն արժանացավ                          մշակույթի նախարարության բարձրագույն պարգեւին

\"\"
Կարո Վարդանյանը (աջից) պարգեւը հանձնում է հոբելյարին:

Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ մշակույթի նախարարությունը իր բարձրագույն պարգեւը՝ «Ոսկե մեդալը» շռայլում է՝ կարծես առատության եղջյուրից թափվող ոսկեբեր անձրեւ: Արդյունքում, ինչպես շատերն են նշում, այս պարգեւին արժանանում են մարդիկ, որոնց վաստակն ու ծառայությունը մշակույթին չափազանց կասկածելի է, սակայն երեկ այն բացառիկ դեպքերից մեկն էր, երբ «Ոսկե մեդալը» գտավ իր տիրոջը:
ՀՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության պետի տեղակալ Կարո Վարդանյանը ծննդյան 60-ամյակի եւ կերպարվեստում մեծ վաստակ ունենալու համար «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի գլխավոր նկարիչ Գառնիկ Վարդանյանին հանձնեց նախարարության «Ոսկե մեդալը»: Նշենք, որ արվեստագետը հիշյալ համերգասրահում է աշխատում 1972 թվականից: Նրա առաջին «ելույթը» կայացել է Լեհաստանում՝ 1982թ., միջազգային մրցույթ-ցուցահանդեսին մասնակցությամբ: Այնուհետեւ մինչ այսօր շարունակական են դարձել նկարչի աշխատանքների տեղական եւ միջազգային ցուցադրությունները: Նա շուրջ 40 տարի ոսկե եւ արծաթյա հուշամեդալների եւ դրամի ստեղծման հեղինակ է: Հիշարժան են «Գառնի. 1-ին դար» արծաթյա 25 դրամը, Թեքեյան մշակութային միության ամենամյա մրցանակ՝ «Ադամանդակուռ Արարատ» ոսկե մեդալը, «Արցախ», «Գյումրի», «Կոմիտաս», «Անկախություն», «Սարդարապատ» եւ այլ հուշամեդալները: Ի դեպ, Գ. Վարդանյանի որոշ աշխատանքներ գտնվում են ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Լեհաստանի, Թաիլանդի, Ավստրալիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Սիրիայի, Լիբանանի անհատ քաղաքացիների հավաքածուներում:
Նկատենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալի» հետ հանձնված նախարարի ստորագրությամբ վկայականը կնքված էր նախարարության ընդհանուր բաժնի կողմից: «Առավոտի» այս դիտարկմանը Կարո Վարդանյանն ասաց, որ առայսօր կարգն է այդպիսին. «Առաջարկ կներկայացնեմ նախարարին, որ մայր օրինակը ոչ միայն պահպանվի ընդհանուր բաժնում, այլեւ տրվի հասցեատիրոջը»:
Պարգեւի հանձնման արարողությանը ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը, որն «Առավոտին» տեղեկացրեց ծնունդով գյումրեցի Գ. Վարդանյանի՝ մշակույթին նվիրված նախնիների մասին. «Հայրը՝ պարոն Անդրանիկը, շուրջ 20 տարի Լենինականի գլխավոր ճարտարապետն էր, եւ պատկերացնո՞ւմ եք, նրա նախագծած շենքերից եւ ոչ մեկը չփլուզվեց երկրաշարժից: Ականատեսները պատմում են, որ նույնիսկ արհավիրքից հետո այդ առիթով բաժակ էր բարձրացվում պարոն Անդրանիկի պատվին…»:
Անդրադառնալով նկարչի գործունեությանը՝ նրանից հարցրինք, թե ինչո՞ւ են մեր հայաստանյան հայտագրերը այդչափ խայտաբղետ, գույնզգույն, եվրոպական չափանիշներին չհամապատասխանող: Գառնիկ Վարդանյանն ասաց. «Համակարգչի հայտնվելը իր հետ բերեց ռոբոտային աշխատանք, ինչի մեջ հոգի չկա եւ, որ ամենակարեւորն է, հայտագրերի հարցով զբաղվում են ոչ մասնագետները, մինչդեռ սա արվեստ է, եւ իրենց խոսքը պետք է ասեն պրոֆեսիոնալ նկարիչ-դիզայներները: Այսօր ձեռագիր հայտագրերի պատվերները քիչ են: Այո, համամիտ եմ ձեր դիտարկմանը, որ համերգասրահներ, թատրոններ, մշակութային օջախներ հրավիրող հայտագրերը անճաշակ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել