Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-Ն ՉԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՊԱՌԱԿՏՎԵԼ

Հուլիս 30,2010 00:00

\"\"Արարատ Մկրտչյանը սփյուռքյան ընկերներին կոչ է անում դուրս գալ ակումբային մտածելակերպից

«Կուսակցություններում ինքնամաքրման, առողջացման գործընթացներ են գնում, եւ դա նորմալ է: Նույնը կցանկանայի տեսնել իշխանական, իշխանամետ կուսակցություններում. դա առողջացման պրոցես է՝ ներկուսակցական, արտակուսակցական մարտահրավերներին դիմակայելու եւ պայքարելու»,- «Առավոտի» հարցին՝ ի՞նչ կարծիք ունեք վերջին 1-2 ամսում ՀՀՇ-ի հետ եւ շուրջ տեղի ունեցածի վերաբերյալ, մանավանդ, որ ամիսներ առաջ ՍԴՀԿ-ն անցավ այդ ամենի միջով, ասաց ՍԴՀԿ (լյուդմիլասարգսյանական) անդամ, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը: Տարակուսանքին՝ այսինքն, դուք համարում եք, որ Արարատ Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Մասիս Այվազյանը եւ մյուսներն այն «հիվանդ» հատվածն էին, որից ՀՀՇ-ն մաքրվե՞ց, պարոն Մկրտչյանը նշեց. «Ոչ, թյուրընկալում եղավ. նրանք իմ ընկերներն են, իրենց հետ ես ճանապարհ եմ անցել եւ չեմ կարող որեւիցե բացասական որակում տալ: Իմ տպավորությամբ՝ դա անձերի կարծիքների բախման արդյունք էր: Ոչ ոք դուրս չի մղվել, Զուրաբյանն էլ վարչության անդամ է: Կարապետ Ռուբինյանի ձեւակերպումներն ինձ մոտ տպավորություն թողեցին, որ մարդը նեղացել է: Իրավունք ունի նեղանալու, երեւի թե, բայց՝ ոչ ավելի: Հետագա զարգացումներում, ինչպես տեսնում ենք, ՀՀՇ-ն կարողացավ բաց քննարկել խնդիրները եւ գնալ առաջ: Դա լավագույն ձեւն ու օրինակն է: Կրկնում եմ՝ ուրախ կլինեի, որ իշխանական կուսակցություններում էլ կարծիքների բախում լինի, այլ ոչ թե շարունակես տանել որոշված գիծը եւ ասել որոշված ասելիքը: Մեծ կամք պետք է ունենալ՝ ճշմարտությունն ասելու, կայուն մնալու եւ առաջ գնալու համար: Այստեղ, կարծում եմ, մեծ դեր ու նշանակություն ունեցան նաեւ ՀԱԿ-ում ինտեգրված կուսակցությունները, ՀՀ առաջին նախագահը: Անընդհատ ասում են (իշխանությունները- Ն. Գ.)՝ տարբեր գաղափարախոսություն դավանող մարդիկ ո՞նց կարող են ծրագիր համատեղել: Ահավասիկ»: Մեր զրուցակիցը չկիսեց «Առավոտի» տպավորությունը, որ ՀԱԿ-ը տարբեր ոլորտներին պատկանող ծրագրերի պատրաստմամբ եւ ներկայացմամբ նախապատրաստվում է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին: Արարատ Մկրտչյանի խոսքով՝ ՀԱԿ-ը պատրաստվում է ցանկացած՝ նախ՝ արտահերթ, հակառակ պարագայում՝ հերթական ընտրության. «Քաղաքական գործընթացները ՀԱԿ-ում բնականոն հունով են ընթանում՝ կուսակցական տեղական մարմինների, ՀԱԿ-ի գրասենյակների հզորացումն այն բնականոն հզորացումն է, որը պետք է լինի, եւ պետք է պատրաստ լինել ցանկացած ընտրության: Ինքս կողմ եմ արտահերթ ընտրությունների, որովհետեւ վիճակը ծայրահեղ եմ գնահատում՝ բոլոր առումներով»:
Ի դեպ, պերկուպերկյանական հնչակյաններն անընդհատ խոսակցություններ են տարածում, որ հակառակ թեւում գործերն այնքան էլ լավ չեն՝ անհամաձայնություններ կան Լյուդմիլա Սարգսյանի եւ Արարատ Մկրտչյանի, Գուրգեն Եղիազարյանի միջեւ: Ասում են, որ տարաձայնություններն այնքան են խորացել, որ վերջիններս անգամ կուսակցական գրասենյակ չեն այցելում: Հետաքրքրվեցինք՝ համապատասխանո՞ւմ են դրանք իրականությանը: Արարատ Մկրտչյանն այդ խոսակցություններն այսպես բնութագրեց. «Այդ մարդիկ գուշակումներ են անում՝ սուրճի բաժակի մակարդակով: Մենք եւ ներկայանում ենք ՍԴՀԿ անդամներ, եւ գրասենյակ ենք հաճախում, բնականոն իրականացնում ենք մեր կուսակցական պարտավորությունները, եւ թե ինչ լուրեր են տարածում կամ իրենց գրասենյակներում ինչեր են խոսում՝ երկրորդական է»: Հետաքրքրվեցինք՝ թե այդ դեպքում ինչո՞ւ բուռն չարձագանքեցին նրան, որ պերկուպերկյանականները դատարանում պարտվեցին: Պարոն Մկրտչյանը նկատեց, թե մի բանը, որն իրականությանը համապատասխանում էր, չէր կարող արտառոց արձագանքի արժանանալ: Ըստ նրա, այդ վճիռը շատ կարեւոր էր, քանի որ իրավական հարթության մեջ հարցին լուծում տրվեց, նաեւ՝ եզակի դեպք էր մեր իրականության մեջ, որ չժխտվեցին իրավական նորմերը: Հարցին էլ՝ եթե մյուս թեւը «պրոյեկտ» էր, տրամաբանական չէ՞ր, որ իշխանությունը՝ ի դեմս դատարանի, պաշտպաներ նրանց, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ուրեմն, արդեն հետաքրքիր չեն: Դե գիտեք, պրոյեկտ է, փորձում են՝ չի ստացվում, այլ տեղ են փորձում՝ գուցե կստացվի: Շախմատիստներ են, չէ՞. սպորտային դիվանագիտություն է, շախմատային քայլեր… Այս ամենում մի բան էր կարեւոր. մարդիկ, ովքեր նվիրված էին կուսակցությանը, կայուն մնացին իրենց դիրքերում, եւ արտառոց ոչինչ տեղի չունեցավ: Կարծում եմ, որ ՀՀ օրենսդրության հետ պետք է հաշվի նստի նաեւ Սփյուռքը եւ դադարի ակումբային խնդիրների հարթության մեջ Հայաստանում կուսակցական խնդիրներ լուծելուց: Սփյուռքյան մեր ընկերներին կոչ եմ անում ողջամիտ լինել, խորհուրդ կտամ վեր կանգնել ակումբայինից եւ գործել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ արդարադատության նախարարությունում հաստատված կանոնադրության շրջանակներում»:
Հ. Գ. ՀՀՇ համագումարում ՀՀ առաջին նախագահի ելույթի դեմոգրաֆիական խնդիրների վերաբերյալ Արարատ Մկրտչյանի վերլուծությունները՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031