Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԱՅՍՊԻՍԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՎԱԿ ԵՄ

Հուլիս 30,2010 00:00

\"\"Երեկ, արդեն ազատության մեջ լինելով, «Առավոտի» հետ զրույցում  ասաց քաղբանտարկյալ Ժորա Սափեյանը՝ հավաստիացնելով, որ շարունակելու է պայքարել գործող ռեժիմի դեմ:

Երեկ առավոտյան «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց քաղբանտարկյալ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, կուսակցության Թալինի կառույցի ղեկավար Ժորա Սափեյանը: Նա, որ կալանավորվել էր 2008թ. հունվարին, Թալինում՝ ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ մի թալինցու սադրիչ գործողությունները կանխելու փորձի՝ «խուլիգանության» համար, անազատության մեջ անցկացրեց օրացուցային ժամկետով մի ամբողջ 2,5 տարի: Ժ. Սափեյանին արդեն ազատության մեջ դիմավորելու համար Երեւանից եռագույն դրոշներով «զինված» եւ տասնյակ մեքենաներից բաղկացած շարասյունով Արթիկ էին եկել Հայ ազգային կոնգրեսի եւ մասնավորապես նաեւ «Հանրապետություն» կուսակցության անդամներ, նախկին քաղբանտարկյալներ, Կոնգրեսի ակտիվիստներ, երիտթեւի ներկայացուցիչներ, որոնք ավելի քան երկու տարի պայքարում եւ բողոքի տարատեսակ ակցիաների միջոցով պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին: Վերջիններս Սափեյանին ՔԿՀ պատերից դուրս դիմավորեցին ծափողջույններով եւ «Ազատություն» վանկարկումներով: Հենց տեղում բացվեցին շամպայնի շշեր: Առաջին ողջագուրումներից հետո բոլորը միասին Սափեյանին ուղեկցեցին հայրենի տուն՝ Աշնակ գյուղ, որտեղ նրան ճոխ սեղաններ բացած սպասում էին ծնողները, կինն ու ընկեր-բարեկամները: 
Հիշեցնենք, որ Ժ. Սափեյանի նկատմամբ իշխանությունները ի սկզբանե հատուկ վերաբերմունք էին որդեգրել. նրա վրա ոչ միայն չտարածվեց անցյալ տարի հայտարարված համաներումը, այլեւ իշխանություններն 8 անգամ մերժեցին նրան վաղաժամ պայմանական ազատ արձակելու միջնորդությունները, թեեւ իր ազատազրկման ժամկետի մեծ մասը նա վատ առողջության պատճառով անցկացնում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Ավելին, ազատ արձակվելուց ընդամենը մոտ մեկ ամիս առաջ, երբ քրեակատարողական հիմնարկների վարչության պետի պաշտոնը ստանձնեց նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, նա «Դատապարտյալների հիվանդանոցից», որը բաց ռեժիմի ՔԿՀ է, տեղափոխվեց «Արթիկի» փակ ռեժիմի ՔԿՀ:
«Առավոտի» հարցին, թե՝ ինչո՞վ էր պայմանավորված իր նկատմամբ իշխանությունների այդ խիստ վերաբերմունքը, Սափեյանն այսպես արձագանքեց. «Իշխանությունը իմ եւ մյուս տղաների նկատմամբ ոչ թե արդարադատություն իրականացրեց, այլ վրեժխնդրություն դրսեւորեց: Դրա մասին էր խոսում նաեւ նրանց վերջին  քայլը՝ ինձ «Արթիկ» ՔԿՀ տեղափոխելը, որովհետեւ իմ դեպքում ամրագրված էր, որ ես բաց կալանքի տակ եմ, բայց ինձ տարան փակ ռեժիմի ՔԿՀ»:
Իսկ անազատության մեջ անցկացրած օրերի համար ասաց, թե չի ափսոսում, որովհետեւ իր նպատակն է բարի եղել: «Ես շատ հպարտ եմ, որ այս ոգեղեն ժողովրդի զավակն եմ: Ինձանից կախված ամեն ինչ արել եմ հայ մարդու, ՀՀ քաղաքացու համար ու էլի անելու եմ՝ այնքան ժամանակ, մինչեւ էս երկրում ժողովրդավարություն լինի: Ես ուրախ եմ, որ ազատության մեջ եմ, տեսնում եմ իմ ընկերներին, հարազատներին, բայց միեւնույն ժամանակ պարզապես լաց լինելու չափ տխուր եմ, որովհետեւ դեռ  բանտում է Սասուն Միքայելյանի նման հերոս մարդը, իմ լավ ընկերը, որը սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Կուզեի, որ իշխանությունները գոնե մի քիչ գութ, բանականություն ունենային ու մարդուն քաղաքացիական հիվանդանոց տեղափոխեին, որովհետեւ ես տեսել եմ, թե նա ոնց է գիշերներն անքուն անցկացնում՝ անընդհատ ցավերի նոպաների մեջ, բայց իր տղամարդկային հատկանիշները թույլ չէին տալիս նրան ասել՝ ես վատ եմ: Իհարկե, «Դատապարտյալների հիվանդանոցում»  նրան հետեւում են, բայց այնտեղ չկա այն  որակյալ բուժօգնությունը, որը կարող է ցուցաբերվել մասնագիտացված բուժկենտրոնում, որի անհրաժեշտությունը Սասունը իսկապես ունի: Նրա նկատմամբ վերաբերմունքն էլ է վրեժխնդրություն: Ես կուզեի, որ բոլոր մնացած մեր ընկերները՝ Հարութ Ուռուտյանը, Սարգիս Հացպանյանը, Շմավոն Գալստյանը, բոլորն ազատ արձակվեին, որովհետեւ բոլորի առողջական վիճակն էլ այն չի: Բայց մանավանդ Սասուն Միքայելյանի նման հերոս մարդուն այդ վիճակում զնդանում պահելը դաժանություն է»,- ասաց Ժ. Սափեյանը, որը որեւէ հարցի պատասխանելիս, իր մասին պատմելու փոխարեն, իր հիվանդությունը՝ սրտի եւ երիկամների հետ կապված, մի կողմ թողած՝ էլի ու էլի հիշում եւ խոսում էր Սասունի մասին:
Տեւական ժամանակ լինելով ընդդիմադիր դաշտի ակտիվ գործիչ՝ Սափեյանը 2,5 տարի մեկուսացված է եղել հասարակական պրոցեսներից,  զուրկ՝ բանտի չորս պատերից դուրս եղած մթնոլորտը զգալու հնարավորությունից, ու, թերեւս, կողմնակի աչքով է գնահատել այն, ինչ կատարվում էր բանտի պատերից դուրս: Փորձեցինք ճշտել՝ վերանայե՞լ է նա իր մոտեցումները այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել անցած տարիների ընթացքում: «Ես մի բան շատ շուտ էի հասկացել. մեր ժողովրդի միակ փրկությունն այս իշխանությունից ազատվելն է: Քոչարյան կոչեցյալի համար, որը քինախնդիր մարդ է, միշտ էլ ասել եմ՝ նախագահի պաշտոնը շատ էր: Հիմա ուզում եմ հարցնել՝ ո՞նց է նա պատասխան տալու «Մարտի 1»-ի համար: Ես կարծում եմ՝ ՀՀՇ նախկին փոխնախագահ, լուսահոգի Անդրանիկ Հովակիմյանին էլ պետք է համարել «մարտի մեկի» զոհ: Այն հոգեկան ապրումները, որ շատերն ունեցան այդ օրերին, նրա համար էլ ճակատագրական եղան»,- ասաց արդեն նախկին քաղբանտարկյալը: Նա վստահեցրեց էլի մեկ անգամ, որ ազատության մեջ հայտնվելով՝ շարունակելու է պայքարել այնքան ժամանակ, մինչեւ երկրում ժողովրդավարություն հաստատվի ու իր զինակից ընկերներն ազատ արձակվեն: Որ դա լինելու է շատ մոտ ապագայում՝ նա չէր կասկածում եւ հավաստիացրեց նաեւ, թե չի վախենում ո՛չ նոր վրեժխնդրությունից, ո՛չ նորից հետապնդումների թիրախ դառնալուց. «Ինչ ուզում են՝ թող անեն: Ես վստահ եմ, որ մեր փրկությունը պայքարի մեջ է: Ոչ մի քայլ ետ չեմ կանգնելու: Մի երկու օր կանցկացնեմ հիվանդ ծնողներիս հետ, հետո կգամ Երեւան, Սարյանի արձանի մոտ, կհանդիպեմ մեր այն խիզախ քույրերի հետ, որոնք պայքարել են ու մեզ ուժ են տվել: Ես իրենց դուխին ղուրբան: Ակտիվորեն մասնակցելու եմ Կոնգրեսի բոլոր միջոցառումներին, նաեւ սեպտեմբերի հանրահավաքին, Սարյանի մոտ տեղի ունեցող ակցիաներին, բայց որ պատկերացնում եմ Սասունի պես տղեն անազատության մեջ է՝ լացս գալիս է»:
Մի քանի ամիս առաջ, երբ կալանավայրից ազատ արձակվեց Ժ. Սափեյանի եղբայրը՝ քաղբանտարկյալ Մկրտիչ Սափեյանը, կարճ ժամանակ անց վերջինս նշանակվեց ՀԱԿ-ի Թալինի կառույցի համակարգող: Այն ժամանակ «Առավոտի» հետ զրույցում նա ասել էր, թե այդ գործը ստանձնում է ժամանակավորապես, որովհետեւ առողջական խնդիրներ ունի: Մենք հարցրինք Ժորա Սափեյանին՝ հնարավո՞ր է, որ ազատ արձակվելուց հետո Կոնգրեսի Թալինի կառույցի ղեկավարությունն ինքը ստանձնի: «Եթե վստահեն՝ խնդիր չկա, անպայման, բայց դա ՀԱԿ-ի որոշելիքն է»,- արձագանքեց Սափեյանը:
Իսկ Կոնգրեսի ներկայացուցիչները «Առավոտի» հետ զրույցում հայտարարեցին, թե իշխանությունները մի բան, երեւի, գիտեին, որ Ժ. Սափեյանի նման ակտիվ ու կազմակերպչական ունակություններ ունեցող գործչին անազատության մեջ էին պահում: Նրանց համոզմամբ, հիմա, արդեն դրսում, նրա ներկայությունը նոր լիցք կտա ինչպես «Հանրապետություն» կուսակցությանն ու Կոնգրեսին, այնպես էլ Համաժողովրդական շարժմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031