Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարելի դիմորդներ եւ թեստերի արտահոսք»

Հուլիս 30,2010 00:00

ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանն ամփոփում է ընդունելության քննությունների արդյունքները

«Դիմորդները երբեւէ այդքան կառավարելի չեն եղել, ինչպես այս տարի»,- ամփոփելով 2010 թվականի ընդունելության քննությունների արդյունքները, երեկվա ասուլիսի ժամանակ ասաց ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը: Չնայած դիմորդների կառավարելիությանը՝ Գ. Խաչատրյանը նշեց, որ այս տարի նկատվել է անցողիկ միավորների շեմի իջեցում. «Գրեթե բոլոր մասնագիտությունների գծով միավորների տեղաշարժեր կնկատվեն: Մասնավորապես՝ տնտեսագիտական բլոկում մոտ 5 միավորի տեղաշարժ կարձանագրվի: Օրինակ՝ անցյալ տարի Երեւանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիա մասնագիտությունը շատ ավելի մեծ պահանջարկ էր վայելում, եւ անվճար տեղերի միջին գնահատականն ավելի բարձր էր: Սակայն այս տարի մեծ պահանջարկ ունի բուժական ֆակուլտետը, քանի որ հատկացված անվճար տեղերն այս տարի ավելի շատ են: Վերին շեմը նույնն է՝ 36-37 միավոր, այն դեպքում, երբ անցյալ տարի 120 անվճար տեղ էր հատկացված, իսկ այս տարի՝ 60-ը»:
Իսկ միջին միավորները՝ ըստ առարկաների, հետեւյալն են. կենսաբանություն՝ 11, ընդհանուր պատմություն՝ 13,4, աշխարհագրություն՝ 11,6, հայոց լեզու-հայ գրականություն՝ 11,4, մաթեմատիկա՝ 10,3, անգլերեն՝ 13,3, ֆրանսերեն՝ 14,6, գերմաներեն՝ 14,1, ֆիզիկա՝ 10,5, հայոց պատմություն՝ 11,3, քիմիա՝ 12,2, ռուսերեն՝ 11.2: Հարցին, թե այս տարվա ցուցանիշները նախորդ տարվանից շա՞տ են տարբերվում, Գուրգեն Խաչատրյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ նույն պատկերն է, առանձնապես փոփոխություններ չկան»:
Թեստերի արտահոսքին վերաբերող հարցին Գ. Խաչատրյանը խուսափողական պատասխան տվեց. «Սա լավագույն տարի է եղել. միասնական եւ ընդունելության քննությունների ժամանակ թեստերի արտահոսք չի եղել: Ես թեստի հեղինակ գիտեմ, ում աշակերտը անբավարար է ստացել: Միայն 9-րդ դասարանի ավարտական թեստերի արտահոսք է եղել: Առաջին անգամ մենք դրա մասին իմացել ենք մայիսին, երբ թիվ 114 դպրոցի ուսուցչուհին բերեց թեստերը եւ ասաց, որ աշակերտի ձեռքից է վերցրել: Նույն օրը զանգ եմ տվել ազգային անվտանգություն եւ խնդրել զբաղվել դրանով: ԳԹԿ-ից թեստի արտահոսքը միակ տարբերակը չէ, հնարավոր է դա կատարված լինի նաեւ հեղինակների կողմից: Մնում է բացահայտենք՝ ով է, եւ նա այլեւս մեր կազմում չի լինի»:
Գ. Խաչատրյանը չմոռացավ նաեւ եւս մեկ անգամ նշել, որ այս տարվա ընդունելության քննությունները շատ ավելի կազմակերպված էին, մատնանշելով հայտարարված՝ քիչ արտագրություններ գրանցված լինելու փաստը եւ պատասխանների ձեւաթղթերի պատճենահանման նոր համակարգը. «Քննությունների անցկացման հետ կապված տեխնիկական այս շտկումները բերել են նրան, որ, մեր հաշվարկներով, ընդհանուր առմամբ, արդյունքների՝ 1-2 միավորով դեպի ներքեւ տեղաշարժ է նկատվել»:
ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանի փոխանցմամբ՝ բուհերի ընդունող հանձնաժողովներին ատեստատները չհանձնած դիմորդների թիվը հասնում է 600-ի. «Չհանձնելու դեպքում նրանք դուրս կմնան մրցույթից, նույնիսկ, եթե բարձր միավորներ են հավաքել: Դիմորդները պետք է մինչեւ հուլիսի 30-ը, ժամը 16:00-ն իրենց վկայականները հանձնեն համապատասխան բուհերի ընդունող հանձնաժողովներին»:
Ընդունելության քննությունների ցուցակները կփակցվեն մինչեւ օգոստոսի 5-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել