Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԱՊՈՒԹՅՈՒՆԻՑ «ՀՈՐԱՆՋՈՂ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐ

Հուլիս 30,2010 00:00

Կամ՝ ինչո՞ւ է ամռանը մշակութային կյանքը քուն մտնում

Վաղուց վարժվել ենք նրան, որ հուլիսից սկսած Երեւանում աստիճանաբար նվազում են մշակութային օջախներ հրավիրող ազդագրերը, իսկ արդեն օգոստոսին տիրում է մշակութային ամայություն: Մինչդեռ, խորհրդային տարիներին հզոր մշակութային կայսրություններ համարվող «Հայհամերգը» եւ «Հայպետֆիլհարմոնիան» այս բացը լրացնում էին սեփական տնտհաշվարկային խմբերի ելույթներով ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում:
Այս ամառն էլ չտարբերվեց նախորդներից՝ մեզ ներկայացնելով միայն ու միայն «Մեկ ազգ՝ մեկ մշակույթ» փառատոնի լղոզված ազդագրերը, որոնցից գլուխ հանելու համար, հավանաբար, պետք է Շերլոկ Հոլմս լինել (հայտագրերում բացակայում են միջոցառումների անցկացման վայրերը եւ այլն)… Ժամկետանց միջոցառումների եւ ներկայացումների ազդագրերը սփոփիչ ոչինչ չեն պարունակում, քանի որ մեր մայրաքաղաքի, որը հավակնում է մշակութային կենտրոն լինել, մշակութային օջախները սկսում են պարապությունից «հորանջել» ու Երեւան ժամանած հյուրերին թողնել «մշակութային անորոշության» մեջ: Հասկանալի է, որ շոգ է, երբեմն սնդիկի սյունը մոտենում է սանդղակի 40 աստիճանին: Սակայն, մի՞թե սա արդարացում է, մի՞թե ձեռնտու է, որ զբոսաշրջության ամենաեռուն օրերին մեզ մոտ մշակութային պարապություն տիրի: Ընդ որում, ձմռանն էլ են փակվում համերգային եւ թատերական սրահները (բացառությամբ՝ ամանորյա ներկայացումների), այստեղ հաստատելով պարապության տխուր ավանդույթը: Իսկ, օրինակ, Ռուսաստանում, մշակութային առումով, ամռան ամիսները համարվում են պիկային, որովհետեւ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, մարզկենտրոնների սրահները բառացիորեն պաշարվում են, ամառը համարելով ամենաբարեբերը թատերահամերգային գործունեության համար: Մշակույթի նախարարությունը, հավանաբար, չի հաշվարկել, որ կարելի է զբոսաշրջությունը վերածել մշակութային զբոսաշրջության, այսպիսով սրահները դարձնելով ոչ միայն մշակութային քարոզչության, այլեւ ֆինանսական խնդիրների լուծման միջոց: Նախարարությունը, իհարկե, մեղքի իր բաժինն ունի, բայց չի կարելի նրան համարել միակ պատասխանատուն՝ զանց առնելով կառավարության, ԱԺ-ի, Երեւանի քաղաքապետարանի գործառույթները: Գիտենք, որ շատ ու շատ երեւանցիներ հրաժարվում են ամառային հանգստի մեկնելուց՝ չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, մինչդեռ երեկոները մշակութային սրահները կարող են նպաստել ակտիվ հանգստի կազմակերպմանը եւ այն բանին, որ ինքնաճանաչման կրքով տառապող շատ արտիստներ հնարավորություն ունենան ներկայացնելու եւ իրականացնելու իրենց ծրագրերը: Եթե մայրաքաղաքում մշակութային օջախների պարապությունը միանշանակ բացատրում են շոգ եղանակով, ապա մարզերում ի՞նչ պատճառաբանություն կարող են հորինել, երբ շատ վաղուց մարզկենտրոնները զրկված են մշակութային կյանքից:
«Առավոտի» ուսումնասիրություննեը ցույց են տալիս, որ օգոստոսին հանրապետության խոշոր քաղաքներում նույնպես (Գյումրի, Վանաձոր, Աբովյան եւ այլն) մշակութային միջոցառումներ չեն նախատեսված, օրինակ, Գյումրիում ամբողջ հուլիս ամսվա ընթացքում եղել է 3 միջոցառում՝ Հայաստանի պարի պետական անսամբլի եւ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի հյուրախաղերը: Որտե՞ղ են տեղի մշակույթի պետական օջախները… Թվում է, թե պիտի հատկապես մարզերում ամռան ամիսներին էլ ավելի աշխուժանա մշակութային կյանքը, քանի որ մայրաքաղաքից հեռացող արտիստները փնտրում են զով ու հով վայրեր: Կարծում ենք, ժամանակն է, որ մշակույթի նախարարությունն ու մարզպետարանների մշակույթի բաժինները համատեղ «ամառային» ծրագրեր մշակեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել