Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՎԵՍՏԻ ԲՈՒՀԵՐԸ ՉԵՆ «ՁԳՈՒՄ»

Հուլիս 31,2010 00:00

«Խորհրդային շրջանում մեր սովորողների մեծ մասը տղաներ էին. ուրախանում էինք, երբ կուրսում աղջիկ էր լինում: Հիմա հակառակն է»,- երեկ «Դե ֆակտո» ակումբում հայտարարեց Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:
Նա եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանն իրենց մտահոգությունները հայտնեցին ուսումնական հաստատություններում, մասնավորապես, արվեստի գծով բաժիններում պահանջարկ չվայելող մասնագիտությունների վերաբերյալ: Ա. Իսաբեկյանը նշեց. «Ներկա վիճակը գոհացուցիչ չէ, որովհետեւ քիչ թվով տղաներ են դիմում արվեստի բաժիններ: Նրանց կարիքն այսօր շատ է զգացվում, հատկապես գեղանկարչության, գրաֆիկայի եւ քանդակի բաժիններում: Պատճառները հայտնի են բոլորին, դրանցից առաջինը ուսման բարձր վարձավճարներն են: Օրինակ՝ Գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստաբանության բաժնում դիմորդներ չենք ունեցել»: Ա. Իսաբեկյանը հավելեց, թե համամիտ չէ այն կարծիքին, որ եթե բաժինը պահանջարկ չունի, ուրեմն պետք է փակել. «Կարծում եմ՝ սա սխալ եւ վնասակար քայլ կլինի բուհերի համար: Ուղղակի, հիմա ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ այս մասնագիտությունները սիրված չեն երիտասարդության կողմից»:
Անդրադառնալով կոնսերվատորիայում առկա բաժիների պահանջարկին՝ ռեկտոր Սարաջյանը ընդգծեց. «Մեզ մոտ պահանջարկը պայմանավորված է ոչ թե մասնագիտությունների սիրված կամ ոչ սիրված լինելու փաստով, այլ ուսման բարձր վճարով: Մեզ մոտ սովորելը թանկ հաճույք է, չեմ թաքցնում: Առաջին երկու տարին ուսման վճարը պարտադիր, բոլոր ֆակուլտետների եւ բաժինների համար 600 000 դրամ է»:
Թե ինչո՞վ է պայմանավորված սովորելու հաճույքի թանկությունը, Ս. Սարաջյանը պատճառաբանեց. «Մեզ մոտ անհատական դասընթացները շատ են: Բացի մասնագիտական առարկաներից, մեկ ուսանող շաբաթական ունենում է առանձին աշխատանք կոնցերտմայստերի հետ ու եւս երեք անհատական դաս՝ այլ առարկաների գծով: Այսինքն՝ դրա համար չի կարող մեզ մոտ ուսումը էժան լինել, առանց այդ էլ այդ գումարը չի բավականացնում, որ կարողանանք պատշաճ աշխատավարձ տալ մեր դասախոսներին: Պետության վրա մեր բուհի ուսանողը թանկ է նստում. մինչեւ 812 000 դրամ: Մինչդեռ, ուսման վարձը 600 000 դրամ է: Մեր բուհում անվճար տեղերն այս տարի 50 տոկոսով կրճատվել են՝ ըստ կառավարության որոշման: Հատկացվել է ընդամենը 42 անվճար տեղ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել