Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմը ռոմանտիկա չէ»

Հուլիս 31,2010 00:00

\"\"Կարծում էր մեր Զինեւիչը

Արցախյան հերոսամարտի նվիրյալներից էր գեներալ-լեյտենանտ Անատոլի Վլադիմիրի Զինեւիչը: 2000թ.օգոստոսի 1-ից նա մեզ հետ չէ: Ա.Զինեւիչը թողել է բարի անուն:
Նա հայ ժողովրդի ամենադժվար օրերին, պատերազմի տարիներին Հայաստանում էր, Արցախում, մարտադաշտում:
Ա. Զինեւիչը ծնվել է 1932թ. Ուկրաինայի Խմելնիցկ քաղաքում: 1950թ-ին ընդունվել է Պրոսկուրովյան տանկային ուսումնարան, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է  Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում:  Ա. Զինեւիչը զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ խորհրդային զինված ուժերում: 1976-1978թթ. որպես ռազմական հարցերով խորհրդական, աշխատել էր Սոմալիում, Եթովպիայում: 1978թ-ից Հայաստանում տեղակայված 7-րդ բանակի օպերատիվ բաժնի պետի, շտաբի պետի տեղակալի պաշտոններն է զբաղեցրել: 1980-1985թթ. ծառայել է Աֆղանստանում՝ խորհրդային 40-րդ բանակի շտաբի պետի տեղակալի, օպերատիվ բաժնի պետի պաշտոններում: 1992-1997թթ. Ղարաբաղի պաշտպանության բանակի ղեկավարներից մեկն է եղել, մասնակցելով նաեւ ռազմական գործողություններին: 1994թ-ից ԼՂՀ բանակի շտաբի պետի պաշտոնում է եղել: 1997-2000թթ. ՀՀ  պաշտպանության փոխնախարար: Պարգեւատրվել է 1-ին աստիճանի «Մարտական Խաչ» շքանշանով: Հարազատների խնդրանքով, նրա աճյունն ամփոփվել է ՌԴ Վլադիմիրի մարզի Կովրով քաղաքում:
«Այս պատերազմին քաղաքագետները եւ զինվորականները միասին վերջակետ կդնեն» հարցազրույցում (1994թ.սեպտեմբերի 13, «Ազգ») լրագրող Ալվարդ Բարխուդարյանն այսպիսի հարց էր ուղղել Անատոլի Վլադիմիրովիչին.«Նախորդ անգամ ասացիք, որ վարձկան չեք, որ Ձեր երկիրն եք պաշտպանում: Իսկապե՞ս այս հողը Ձերն եք համարում: Եթե այդպես է, ապա նաեւ պատասխանատու եք այս հողի վրա ապրող ժողովրդի ճակատագրի համար»:
Եվ համեստագույն գերներալներից մեկը՝ Ա. Զինեւիչը, պատասխանել էր. «Աստված իմ, եթե զենք եմ վերցրել, ուրեմն հենց այդպես է: Նախ, ես Հայաստանի քաղաքացի եմ: Երեխաներս ու թոռներս ապրում են Ռուսաստանում… Երբ պատերազմն ավարտվի, կվերադառնամ եւ Ռուսաստանի քաղաքացիություն կխնդրեմ: Ես խաղաղության ամենամոլի ջատագովն եմ: Որքան արյուն է հեղվում, որքան մարդ տառապում: Պատերազմը ռոմանտիկա չէ, կեղտ է: Ես ամեն ինչի «տակնուվրան» գիտեմ… ուրեմն պատասխանատու եմ ժողովրդիս առջեւ: Եթե մարդիկ ինձ վստահել են, ապա պիտի արժանի լինեմ դրան»:
Ա. Զինեւիչին նրա մարտական ընկերները բնորոշել են որպես ռազմական գործի գիտակ, հմուտ կազմակերպիչ, բարի մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել