Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐԱԴԱՐՁՍ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ»

Օգոստոս 05,2010 00:00

\"\"Խորեն Թռչունիչը վերադառնում է ակտիվ քաղաքականություն

– Ինչո՞ւ որոշեցիք վերսկսել ակտիվ քաղաքական գործունեությունը:
– Մարդիկ կային, ովքեր ամեն ինչ խոստանում էին՝ այս երկրի լավին, բարիքներին, ընդհուպ մինչեւ Սահմանադրության առաջին տողերի կյանքի կոչմանը: Բայց գրվածը մնում է գրված, ասվածը՝ ասված: Դրանց մեջ իրականություն չկա: Սոցիալիստական դաշտն էլ, թե մեր մեղքով էր, թե ում, փաստորեն, մնացել է դատարկ: Իսկ այսօր էլ օդի ու ջրի նման դա պետք է: Այս դաշտում մարդիկ են հայտնվում, որ ընտրությունից ընտրություն ինձանից էլ սոցիալիստ են դառնում, ընտրություններն անցնում են՝ մոռանում են: Կան, իհարկե, մարդկանց ձեռք մեկնողներ, խոսքը նրանց չի վերաբերվում:
– Շատ ընդհանրական է ստացվում՝ «վերադառնում եմ քաղաքականություն». մասնավորաբար՝ ո՞ւմ կողքն եք կանգնելու, ինչո՞ւ:
– Վերադարձս ինքնանպատակ չէ: Իմ քաղաքական կենսագրությամբ չեմ ասում՝ ամենաառաջատար պայքարող եմ եղել, բայց, գիտեք, բավականին ակտիվ եմ եղել: Ես ամեն ինչ արել եմ ի նպաստ ժողովրդի, նույնիսկ ինձ վնասելով, քանի որ ես շարունակում եմ բնակվել 1975 թվականին ստացած երկու սենյականոց բնակարանում, ամառանոցներ ու շքեղ մեքենաներ չունեմ, նույնիսկ աշխատատեղ չունեմ: Նույնը կարող եմ ասել երեխաներիս ու մերձավորներիս մասին, բայց դա ցավ չէ. նրանք իրենց տեղը կյանքում կգտնեն: Իմ նպատակն է, որ բոլորն իրենց տեղը գտնեն: Միայն իմ երեխաների՝ իրենց տեղը գտնելով չէ, որ այս երկիրը երկիր պետք է դառնա. դրա համար եմ ես վերադառնում քաղաքական դաշտ:
Ես ամեն կերպ աշխատեցի, որ երեք կոմունիստական թեւերը իրար հետ լինեն՝ թեկուզ ես էլ չլինեմ այդտեղ: Դա էլ չստացվեց: Իսկ ժողովուրդը, ուր որ գնացել եմ, ում հետ որ հանդիպել եմ, արդեն ոչ թե պահանջում է, այլ ամոթանք է տալիս՝ ո՞ւր եք: Որպեսզի այդ ամոթանքը շատ չստանամ, ասում եմ՝ ես կամ, մեր շատ կոմունիստները կան, եւ այսօր մի մարդու նման կանգնած՝ սպասում են, թե ինչ ենք անելու: Խորհրդարանում չլինե՞ն կոմունիստներ…… ախր տարբեր եվրոպական կառույցներում մենք գործ էինք անում, մարդկանց հետ էինք շփվում, մարդկանց էինք մոբիլիզացնում:
– Վերջերս ներկա էիք իրեն նոր ընդդիմություն հռչակած ժողովրդահայրենասիրական ուժերի հավաքին. ի՞նչ տպավորություն ստացաք, ինչպե՞ս կգնահատեք այդ հավաքները:
– Բոլոր փաստաթղթերը, որոնք կարդում ես՝ շատ լավն են: Բայց իրագործո՞ւմը: Հետո՝ ով հրավիրում է, ես բոլոր հավաքներին էլ մասնակցում եմ: Հավատացեք, ամեն տեղից մի դրական բան վերցնում եմ: Եվ եթե հրավիրված ես՝ պարտավոր ես էդ խնջույքին մի բաժակաճառ ասել՝ անկախ նրանից՝ դա իրենց դուր կգա՞, թե՞ ոչ: Այո, իրենց գաղափարախոսության մեջ ամբողջությամբ սոցիալիզմն են դրել, եւ տա Աստված, որ մինչեւ վերջ տանեն:
– Դուք ա՞յդ ուժի շրջանակում եք ակտիվանում:
– Ես ակտիվանալու եմ բոլորի հետ, բայց ես իմ գաղափարով, իմ մտածելակերպով եմ գնում: Երբ հասունացավ՝ ես կասեմ, թե իմ տեղը որտեղ է, ում հետ կամ ինչի եմ գնալու, ինչ կարող ենք անել: Ես հենց այնպես ինչ-որ մեկի հետ չեմ գնալու, որ իմ գործերն առաջ տանեմ, երկրին էլ օգուտի փոխարեն՝ մի բան էլ վնաս տամ:
– Իսկ, ըստ Ձեզ, կոմունիստներն առաջիկա խորհրդարանում լինելու ինչքա՞ն շանս ունեն:
– Եթե կոմունիստները հենց այսօր հայտարարեն իրենց միասնությունը, չընկնեն «ես»-ի ետեւից, աշխատանք տանեն, կարճ ժամանակամիջոցում իրենց կողքով քայլողների թիվը կշատանա: Բայց եթե շարունակեն այսպես՝ Հայաստանում կա երեք կոմունիստական, մեկ մարքսիստական, մեկ դեմոկրատական՝ իրենց խղճին: Եթե կոմունիստները միավորվեցին՝ ես էլ մեծ բանակով իրենց կողքին կլինեմ, բնականաբար: Այսօր մեր կուսակցությունն ամենամեծն է, շրջաններում՝ իր կազմակերպություններով, բայց, ցավոք, անմխիթար վիճակում: Չեմ կարող կոմկուսին շատ մեղադրել, դրանք ֆինանսների հետ կապված հարցեր են, մեր կոմունիստներն էլ ինձ նման՝ 20 տարի է՝  աշխատավարձ չեն ստանում:
– Ազատագրված տարածքները վերադարձնելու մասին խոսակցությունները կրկին թեժացել են. ԼՂՀ հարցի՝ այդ ճանապարհով հանգուցալուծումը հնարավոր համարո՞ւմ եք:
– Դուք լավ գիտեք՝ ԱԺ-ում առաջինն այդ աղմուկը ես եմ բարձրացրել, որ այսպիսի բան է ստորագրվել. փարիզյան, քի-ուեսթյան, Օսլոյի բանակցությունները լավ եք հիշում: Դա դրված է: Ռուսը մի լավ խոսք ունի՝ որտեղ ձեռք, այնտեղ՝ գլուխ: Եթե մի փաստաթղթի տակ ստորագրում ես, ուրեմն գնում ես դրա ետեւից: Ես առիթ ունեցել եմ հենց «Առավոտի» միջոցով մեր նախկին արտգործնախարարին, ով քննադատում էր, ասելու՝ էս կծու պղպեղը ցանել ես, մի պահանջիր, որ քաղցր խաղող հավաքեն: Եթե սխալներ են եղել, բարի եղիր՝ ներողություն խնդրիր:
(Շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել