Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՊՐԵԼ Ա ՊԵՏՔ ԷՍ ԵՐԿՐՈՒՄ»

Օգոստոս 07,2010 00:00

Հայերը բիզնեսի տեսակներում խտրականություն չեն դնում՝ վաճառում են այն ամենը, ինչ հնարավոր է,
նույնիսկ՝ սեփական ձայնը:

Առավոտյան ժամը 9-ին առաջին դուռ թակողը մածուն վաճառողն է կամ «մածունի կնիկը»: Կաթ, մածուն, պանիր վաճառողներն ունեն իրենց մշտական գնորդներին, այստեղ, սակայն, «օլիգոպոլիայի» նման մի բան կա. ամեն մի վաճառող իր գնորդն ունի եւ թույլ չի տալիս, որ իրեն մոտենա մեկ այլ գնորդ: Երեւանցու դռան դիմաց մարզերից բերվող կաթնամթերքներն ունեն հստակ թվաքանակ, երբեմն կարող է փոխվել համն ու գինը՝ կախված տարատեսակ ֆինանսական ճգնաժամերից եւ եղանակից: Այս սննդի որակի համար պատասխանատվություն կրում է վաճառողը, իսկ գնորդը հանդես է գալիս նաեւ «գովազդային գործակալի» դերում. նոր «կլիենտ» ճարելու դեպքում մի «բանկա» մածուն անվճար է ստանում: Գները, սովորաբար, շուկայականից մատչելի են:
Անկողնու սպիտակեղեն վաճառող Հարութը այս գործով զբաղվում է մի քանի տարի: Ինքն իրեն համարում է մասնագետ, ով միշտ գիտի, թե ինչ է պետք իր գնորդին, դռներն էլ, որոնք թակում է, ընտրում է ոչ պատահական: «Դու՝ որպես վաճառող, միշտ պիտի իմանաս՝ թաղի որ շենքում ինչ նորություն կա, որտեղ են պատրաստվում նշանդրեքի, որտեղ՝ հարսանիքի, ա՛յ, հենց հարսնատերն ու փեսատերն են հիմնական գնորդները: Դե, հետո մի բան էլ կա, շենքի տակով անցնելուց պիտի ուշադիր լվացքներին նայես, մաշվածությունը հասկանաս ու հետո դուռը ծեծես: Ես շատ քիչ եմ սխալվում»: Անկողնու սպիտակեղենի վաճառքի եկամուտները շատ չեն, հավաստիացնում է Հարութը, բայց բավարարում են ընտանիքի հոգսերը հոգալուն:
Մեղր վաճառողները հայտնվում են տարվա բոլոր եղանակներին: Նրանք ոչ միայն վաճառում, այլեւ փոխանակում են մեղրը տարատեսակ իրերի հետ: 500-2500 դրամ արժեցող մեղրը կարող եք գնել մի քանի «սերվանտի շուշեղենով» կամ հագուստով: Մեղրի որակի մասին հարցին՝ պատասխանում են երդվելով. «100 տոկոսանոց արդար մեղր ա, դու առ, հետո կասես», իսկ թե այն ինչպես եւ ինչից է պատրաստված՝ կհասկանաս օգտագործելիս:
Սայաթ-Նովայից մինչեւ Ալլա Պուգաչովա՝ սա այն երգացանկն է, որն ունեն Սաշիկն ու Մաշիկը՝ հայտնի որպես բակային երգիչներ: Ձայնային հիանալի տվյալներ ունեցող 74-ամյա Սաշիկը երգում է շենքերի բակում, ընդունում պատվերներ պատուհանից. «Ես մուրացկան չեմ, ես աշխատում եմ, իմ փողն էլ վաստակում եմ ազնիվ երգի ճամփով»,- պնդում է Սաշիկը, ով մասնագիտությամբ ինժեներ է, խորհրդային տարիներին ունեցել է ինչ-որ պաշտոն, հետո զրկվել ամեն ինչից. «Հիմա ունեցած–չունեցածս մի կնիկ է՝ Մաշիկը, մեկ էլ չորս պատ, էն էլ իմը չի»: Մաշիկը՝ իսկական անունը Սիրանույշ, սկզբում վախեցել է նման «աշխատանքից», հետո հասկացել՝ գոյատեւելու միակ պայմանն է. «Մենք բոմժ չենք: Երգում ենք, մեկը փող է տալիս, մեկը՝ շոր, մյուսն՝ ուտելիք, ուզում են՝ թող տան, չեն ուզում՝ թող չտան, իրենց գործն է, մենք չենք խնդրում»:
Նկարչուհի Համեստը վաճառում է իր նկարները տարբեր խանութներում մատչելի գներով: 1000 դրամ արժեցող նկարների գումարով նա խնամում է ամուսնուն, գնորդներին համոզում. «Աստված կօրհնի, հաջողություն կբերի ձեզ էս նկարը, ես էլ ընտանիքս կպահեմ: Ապրել ա պետք էս երկրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031