Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԿՈՒ ՁԵՌՔՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎԵՑ ՊՈՉ ԲՌՆԵԼ»

Օգոստոս 11,2010 00:00

\"\"Վստահ է ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը

– Վերջին շրջանում ղարաբաղյան հարցի կարգավորման հետ կապված մի տեսակետ է հրապարակ նետվում, այն մասին, որ թեպետ ֆորմալ հարցը լուծվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, սակայն, վճռորոշը լինելու է ԱՄՆ-ի ձայնը, եւ ոչ թե՝ Ռուսաստանի, եւ հարցն այս պահին որոշակի սառեցված է, քանի որ Միացյալ Նահանգները աշխարհի այլ կետերում այլ հարցերով է զբաղված: Կիսո՞ւմ եք այս տեսակետը:
– Չէ, ամբողջությամբ այդ տեսակետը կիսել չի կարելի, որովհետեւ, նախ՝ ԱՄՆ-ի ուշքն ու միտքը միշտ էլ աշխարհի տարբեր անկյուններում զբաղված է լինելու մեզանից ավելի հրատապ խնդիրներով՝ լինի Իրաք, Աֆղանստան, Վենեսուելայի նախագահի արտառոց ելութներ, Եվրոպայում ինչ-որ հարցեր, Հյուսիսային Կորեա, Կուբա, ուզում եմ ասել, միշտ կլինեն հարցեր, որոնք Ղարաբաղից կարեւոր են, հրատապ են, առաջնահերթ են: Ուրեմն, այդ մոտեցումը՝ սպասենք մեր հերթին, ճիշտ չէ: Մենք կարող է եւ սպասենք մեր հերթին, Ադրբեջանը չի սպասի: Սա է պետք հաշվի առնել։ Մյուս կողմից, ես, իհարկե, համաձայն եմ, որ մյուս տեսակետը կրողները, իսկ այդպիսիք կան, վերջերս լսեցինք նախկին կարկառուններից մեկի տեսակետը՝ որ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, որ ի վերջո, այս հարցը ՌԴ որոշումների շրջանակում է լինելու: Սա էլ ճիշտ չէ: Ես կարծում եմ, ղարաբաղյան հարցը ուրիշների քմահաճույքին հանձնելը պայմանավորված է մեր ներքին իրավիճակով: Մենք դադարել ենք ինքներս մեզ հավատալ, եւ սա գուցե հետեւանք է ազգային մտածելակերպի վատագույն դրսեւորումների, իշխանության կողմից ժողովրդի նկատմամբ դաստիարակչական աշխատանքի բացակայության: Իսկ դաստիարակչական աշխատանքն ընդհանրապես սեփական օրինակով է, չէ՞, կատարվում: Սեփական օրինակը տվյալ դեպքում ամենաբացասական դերն է խաղում: Եվ ուրեմն, ժողովրդի հիասթափությունը, հուսալքությունը կարող է տնտեսական հարցերից առաջացած լինել, բայց հուսալքության մթնոլորտը, քաղաքացու, ընտանիքի, գերդաստանի կամ մի ամբողջ ժողովրդի հուսալքության իրավիճակը չի կարող տարածվել նրա կենսապահովման միայն մեկ ոլորտի վրա: Չի կարող մարդը մտածել՝ այ, ես տնտեսապես վատ եմ, այ, դատարաններում անարդարություն է, ես այս մասով հուսալքված եմ, բայց՝ հայրենիքը մենք կպաշտպանենք, մենք կջարդենք ցանկացած թշնամու, այս հարցով ես հույսերով լի եմ եւ ոգեւորված: Այսպես չի լինում: Սովետական տարիներին, եւ հիմա եւս, հանրահայտ Ժվանեցկին մի փոքրիկ մինիատյուր ուներ, որտեղ նկարագրում էր սովետական քաղաքացուն, որն այնքան վախեցած է ոստիկանությունից, այնքան վախեցած է իրեն շրջապատող կյանքից, որ, նույնիսկ, եթե իր աչքի առաջ փողոցում մեկին ծեծեն, աղջիկ բռնաբարեն, չի խառնվի, ոստիկանության հետ գործ չունենալու համար եւ այդ քաղաքացին ասում էր. «Կռվում չենք օգնի, պատերազմում կհաղթենք»: («Վ դռակե նե վիռուչիմ, վ վայնե պոբեդիմ»): Սրանով երգիծաբանը ծաղրում էր այդ իրավիճակը: Իսկ այսօր հայ ժողովուրդը այդ վիճակի մեջ է: Այդ պատճառով, ես կարծում եմ, մենք պետք է սկսենք մեզնից: Որքան մենք ներսում ամուր լինենք, որքան համերաշխ հասարակություն ստեղծենք, արդար հասարակություն ստեղծենք՝ աղքատ, բայց՝ արդար հասարակություն, այդ ժամանակ մենք կհաջողենք:
– Իսկ մեր երկրում երբեւէ եղե՞լ է արդար հասարակություն:
– Եկեք փորձենք հասկանալ՝ իսկ հայ ժողովրդի ճակատագրում ընդհանրապես եղե՞լ է հաջողությունների եւ երջանկությունների պատմություն: Հազվադեպ, չէ՞: Եվ այնքան վաղուց, որ մենք այդ մթնոլորտին չենք տիրապետում: Բայց, եթե փորձենք մեր դժբախտությունները վերլուծել, որոնք շատ ավելի շատ են, քան անհաջողությունները, կհասկանանք, որ դրանք արդյունք են հիմնականում ներքին իրավիճակի: Եվ որովհետեւ դա չենք հասկացել, մեզ միշտ թվացել է, թե պրոբլեմը դրսում է՝ ուժեղ թշնամի, հակառակորդի լկտիություն, բազմամարդություն, մեծ բանակ: Բայց մենք ունենք օրինակներ, թե ինչպես փոքրիկ եւ բացարձակապես աղքատ հասարակությունը հզորագույն հակառակորդների դեմ կարողացել է պահպանել իր ինքնությունը: Օրինակ՝ Շվեյցարիան: Այդ մարդիկ 400 տարի քնել են զենքը ձեռքներին: Մինչեւ հիմա էլ այդպես է: Նրանց բանակի (իսկ այնտեղ բոլոր մինչեւ 55 տարեկան տղամարդիկ համարվում են գործող բանակ) զենքը տանն են պահել:
– Հիմա ի՞նչ եք առաջարկում, մենք ե՞ւս զենքը տանը պահենք, բայց մեզանում այդ զենքով իրար ենք կրակում:
– Մենք իրար ենք կրակում՝ նույնիսկ երբ որ զենքը տանը չենք պահում: Սա ներազգային համերաշխության բացակության խնդիր է:
– Ուրեմն, ինչպես լուծել այդ խնդիրը: Պետք է, չէ՞, լուծել:
– Իհարկե: Ինչպե՞ս լուծել՝ նախ մենք շատ տուրք տվեցինք դեմոկրատիայի արտաքին դրսեւորումներին: Ունենալով 2 ձեռք, պետք չի փորձել բռնել վեց պոչ:
– Ի դեպ՝ պոչերի մասին: ՀԱՊԿ գագաթնաժողովն է տեղի ունենալու Հայաստանում, ՌԴ նախագահն է գալու Երեւան, միթե՞ սրանք կարեւորագույն իրադարձություններ չեն:
– Ես շատ կուզեի այս ամենից լավագույնն ակնկալելու հնարավորություն ունենալ, կուզեի շատ ցանկալի զարգացումներ նկատել Հայաստանի համար ՀԱՊԿ-ի ուժեղացմամբ, կայացմամբ: Բայց ես դրա նախադրյալները չեմ տեսնում: Որովհետեւ այդ նախադրյալները կարող էին առաջանալ միայն մեկ դեպքում՝ երբ ամեն ինչ կստեղծվի մեկ առանցքի շուրջ: Սակայն այդ առանցքը պետք է շատ լավ գիտակցի իր հզորության սահմաններն ու հնարավորությունները: Ռուսաստանը մինչեւ հիմա փորձում է սովետական ժառանգությունը երկու ձեռքով հավաքել իր տակ, չհասկանալով, որ երկու ձեռքով վեց պոչ չես բռնի: Չես կարող միաժամանակ ունենալ եւ Ադրբեջանը եւ Հայաստանը: Չի ստացվի: Դա իրենք չեն կարող հասկանալ ոչ հեռատես լինելուց: Նրանք հաճախ, ոտնահարելով մեր ազգային եւ պետական շահերը, փորձ են անում մեր հաշվին սիրաշահել նրան, ում հետ մենք լուրջ խնդիր ունենք եւ ում հետ իրենք՝ եթե ոչ այսօր, ապա վաղը, շատ լուրջ խնդիր են ունենալու: Ռուսների քաղաքական եւ տնտեսական աչքածակության պատճառով էլ ՀԱՊԿ-ը չի կայանում:
– Ներքաղաքական կյանք ասվածը կարծես գոյություն չունի, ոչ ընդդիմությունն է տեղից շարժվում, ոչ իշխանությունները, ամա՞ռն է պատճառը, թե ավելի խորքային պատճառներ կան:
– Մեզանում լճացում է, իսկ թե լճացումն ինչի է բերում՝ գիտենք պատմությունից: Հուսով եմ, իրավիճակը կոլապսի չենք հասցնի, որովհետեւ մենք դա թույլ չենք տա: Մենք այդ շարժումն այսպես կամ այնպես անելու ենք:
– Երբ ասում եք՝ մենք, դաշնակցությա՞նը նկատի ունեք;
– Այո: Բայց, կա մի կարեւորագույն խնդիր՝ շարժմանը պետք է մասնակից լինեն ժողովրդի լայն մասսաները:
– Ինչն այսօր չկա:
– Համաձայն եմ, ինչն այսօր չկա: Չկա քաղաքական ուժերի մեղքով, ժողովրդի հիասթափության, հոգնածության մեղքով, բայց հիմնականում՝ իշխանության մեղքով: Իշխանության այսօրվա վիճակը բնութագրվում է հետեւյալ կերպ: Նրանք շատ լավ հասկացան (նկատի ունեմ այսօրվա իշխանություններին), թե ինչը կարելի է անել եւ ինչը չի կարելի: Բայց՝ ինչպե՞ս անելը, կամ՝ ինչպես չանելը նրանք չեն իմանում: Դրա համար իրենք ոչ մի բան չեն անում: Կյանքը միայն ներքեւի շարժմամբ չի ապահովվում: Կյանքն ապահովվում է նաեւ վերեւի որոշումներով: Այսինքն, իշխանությունը պետք է գիծ ունենա, որ այդ գծին դեմ գնաս: Այսօր ո՞րն է այդ գիծը: Չկա: Այսինքն, ինչի՞ն դեմ գնաս: Հենց շարժումն անում են, պարզվում է սխալ է, հետո՝ քարացած, լճացած, անշարժության վիճակ: Իհարկե, կան նաեւ օբյեկտիվ գործոններ՝ ամառ, արձակուրդ, ուժերի վերադասավորում, բայց՝ ընդհանուր պրոբլեմն այն է, որ իշխանությունը կարծես ոտքը գցել է առաջ ու սառել է օդում, որովհետեւ հանկարծ տեսնում է, որ այնտեղ, որտեղ պետք է ոտքը իջեցնի, այդտեղ իջեցնել չի կարելի:

Զրույցը վարեց
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
Հ. Գ. Հարցազրույցի շարունակությունը՝ վաղը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել