Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Այստեղ ձեր արմատներն են…»

Օգոստոս 11,2010 00:00

Մոտ հինգ ամիս առաջ՝ փետրվարի 24-26-ին, Լիբանան կատարած այցի ընթացքում, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենը հանդիպել էր Լիբանանի հայկական տարբեր վարժարանների ու դպրոցների ուսանողության հետ եւ ներկայացրել էր խնդիրները հաղթահարելու եւ առաջնորդելու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի փորձը: Ուսուցողական հանդիպումների շարքն ավարտվել էր վիճակահանությամբ, որի արդյունքում այդ կրթօջախների 9 սաներ ստացել էին ամառը Հայաստան այցելելու հնարավորություն: Խոստմանը համաձայն, Հայաստանի բջջային առաջատար օպերատորն ուրախությամբ հյուրընկալեց ուսանողներին եւ կիսեց նրանց հետ Հայրենիքի շունչը զգալու բերկրանքը:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը օրերս ջերմորեն ողջունեց ուսանողներին. «Բարի գալուստ մեր ընդհանուր տուն. ուրախալի է տեսնել, որ ավելի ու ավելի շատ հայրենակիցներ են գալիս աշխարհի տարբեր անկյուններից՝ տեսնելու Հայաստանը եւ շնչելու Հայրենիքի օդը: Այստեղ ձեր արմատներն են, այստեղ է սկիզբ առել մեր պատմությունը: Մենք պարտավոր ենք գրել մեր երկրի ապագայի պատմությունը»:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը բազմաբովանդակ ծրագիր էր կազմել՝ ուսանողների այցելությունը հիշարժան դարձնելու համար: Նախ՝ երիտասարդները շրջայց կատարեցին ընկերության տարբեր վարչություններով եւ անմիջականորեն ծանոթացան ընկերության առօրյային եւ անձնակազմի աշխատանքային պարտականություններին: Ամբողջական դարձան նաեւ բջջային առաջատար օպերատորի մասին նրանց պատկերացումները:
Ուսանողները մեծ ոգեւորությամբ ճանաչողական շրջայց կատարեցին տարբեր մարզերում եւ Երեւանում: Հին հայկական պատմամշակութային կոթողները՝ Գառնին, Գեղարդը, Էջմիածինը, Խոր Վիրապը եւ մյուսները մեծ տպավորություն թողեցին՝ իրենց անգերազանցելի գեղեցկությամբ եւ վեհությամբ: Հյուրերը այցելեցին նաեւ հայ ժողովրդի սրբավայրերից մեկը՝ Օշական, որտեղ գտնվում է Մեսրոպ Մաշտոցի շիրիմը: Երեւանյան ճանաչողական այցելության շրջանակներում երիտասարդները նաեւ եղան Մատենադարանում եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ինչպես նաեւ Սարդարապատում:
«Դեպի Հայք» հիմնադրամը միացավ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի այս նախաձեռնությանը եւ հյուրընկալեց լիբանանահայ երիտասարդներին մեկ ամբողջ օրով, որտեղ նրանք ծանոթացան այդ կազմակերպության տեսլականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել