Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՂՎԱՐԴԸ՝ ԱՄԱՅԱՑՄԱՆ ՇԵՄԻՆ

Օգոստոս 14,2010 00:00

Նախկինում հարուստ գյուղը, չգիտես ինչու եւ ում կամոք, զրկվել է ջրից

\"\"
Եղվարդի գյուղապետ Սպարտակ Զաքարյանը:

\"\"
Գյուղի թիվ մեկ խնդիրը ջրի բացակայությունն է:

330 բնակիչ ունի Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղը: Կապանից 17 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում վերջին տարիներին ներգաղթ է նկատվում, բնակչության թիվը գնալով ավելանում է: Կապանի տարածաշրջանում հաշված գյուղեր կան, որ Եղվարդի պես մարդաշատ են: Շատ գյուղեր դատարկվել, ծերացել են: Ամենուր փակ դռներ, իսկ ծուխ ելնող տներում էլ միայն տատիկներ ու պապիկներն են ապրում: Նույնիսկ ամռան այս եռուզեռի շրջանում գյուղերում երիտասարդների չես հանդիպի, իսկ ժամանակին այստեղ լիքն էին լինում հովեկները:
Եղվարդում, բարեբախտաբար, կյանքը կանգնած չէ, բայց եղվարդցիները կարծում են, որ իրենց գյուղի ապագան ամայացումն է եւ դրա համար նրանք լուրջ հիմքեր ունեն: Այս դեպքում գյուղի ամայացման պատճառը ոչ թե զբաղմունքի, աշխատանքի պակասը կլինի ու դրանով պայմանավորված՝ բնակիչների ինքնակամ հեռացումը գյուղից, այլ ջուրը, ավելի ճիշտ՝ ջուր չլինելը, ջրի բացակայությունը:
Ժամանակին Եղվարդը հայտնի էր առատ բանջարեղենով: Տարիներ շարունակ այստեղ ջրի խնդիր չի եղել: Անսպառ ջրերով եղվարդցիները ոռոգել են այգիները, մշակել իրենց բերրի վարելահողերը եւ Կապանի բնակչության մեծ մասին ապահովել բանջարեղենով: Տարածաշրջանում հատկապես հայտնի էր Եղվարդի պոմիդորը: Բայց ներկայումս եղվարդցիներն իրենք են առաջին անհրաժեշտության բանջարեղենն ու մրգերը գնում քաղաքի շուկաներից կամ մոտակա գյուղերից: Արդեն երկար տարիներ գյուղի բնակիչները տնամերձ հողերը չեն մշակում, ջուր չունեն այգիները ոռոգելու համար: Ինչպես բնակիչներն են ասում, շաբաթը մեկ անգամ են ջուր ստանում, որը չի բավականացնում նույնիսկ կենցաղում օգտագործելու՝ խմելու, ճաշ եփելու կամ լվացք անելու համար: Եղվարդի գյուղապետ Սպարտակ Զաքարյանը ասում է, որ խնդիրը բազմիցս է բարձրացրել, պատկան կառույցների դիմելով փորձել է հարցը լուծել, բայց կարեւորագույն այս հարցը դեռեւս լուծում չի գտել: «Գյուղը ներքին ցանց էլ ունի, ջրատար էլ: Խմելու ջուրը բերվում է 4,5 կմ հեռավորությունից, լցվում է ջրամբար ու կուտակվում, որից հետո շաբաթը մեկ անգամ տրվում է ժողովրդին: Մեկ շնչի հաշվով օրական 15 լիտր է ստացվում: Էդքան ջուրը պիտի հերիքի եւ կենցաղին, եւ անասուններին: Բնակիչները վերցնում են եւ խնայողաբար ողջ շաբաթվա ընթացքում օգտագործում, ծերը-ծերին հասցնում: Գյուղը խորհրդային տարիներին ուներ ոռոգման համակարգ՝ Գեղի-Եղվարդ ջրատարն էր: Իսկ հիմա ստեղծվել է նոր ջրօգտագործող ընկերություն, որը Եղվարդ, Ուժանիս, Ագարակ, Խդրանց եւ մի քանի այլ գյուղերի է սպասարկում: Դրանից հետո մնացել ենք առանց ջրի: Եթե այսպես շարունակվի՝ այս գյուղերին ամայացում է սպասվում: Բոստանային կուլտուրաներ չունենք, գյուղում ջուր չունենալու պատճառով հողերը բարձիթողի վիճակում են»,- ասում է Եղվարդի գյուղապետը:
Գյուղամիջում մեզ հանդիպած եղվարդցիները շատ վրդովված էին խոսում գյուղի թիվ մեկ խնդրի մասին. «Գյուղում ապրում ենք, բայց կարտոշկան ու կանաչին առնում ենք: Մարդու ասում ես՝ ծիծաղում է վրեդ: Ի՞նչ անենք, ուրիշ ելք էլ չունենք, չենք կարող հողը մշակել, անձրեւի հույսին հո չե՞նք մնալու: Ստիպված մոտիկ գյուղերից ենք առնում: Մենակ անջրդի ցորեն ենք ցանում, ստացած բերքն էլ շատ ցածր գնով ենք վաճառում կամ էլ ալրաղացում ալյուր ենք անում, ամբողջ տարվա ընթացքում օգտագործում: Ի՞նչ անենք, եթե ուրիշ հնարավորություն չունենք այլ տեղ ապրելու: Մի քանի կով ենք պահում, եղածով բավարարվում: Բայց գյուղում ոչ բոլորն են անասուն պահում, մի քանի տնտեսություն ընդամենը»:
«Նույնիսկ ջուրն ենք վախենալով օգտագործում, ճաշին, չային հազիվ ա հերիք անում, բա լվացք անել կա, լողանալ կա: Ի՞նչքան կարելի է սենց ապրել, մինչեւ ե՞րբ: Ստիպված գյուղի ծայրի աղբյուրից ենք դույլերով ջուր բերում լվացք անում, աման լվանում, երեխեքին լողացնում: Ամառ ժամանակ լրիվ անտանելի է, առանց ջրի չի լինում: Անասունները արոտից ծարավ գալիս են՝ ջուր չի լինում: Ջուրը լինի, մեր այգիները կմշակենք, մեր ապրուստը կհոգանք, գյուղն էլ չի դատարկվի: Էսօրվա դրությամբ գյուղում մանկապարտեզահասակ, դպրոցահասակ երեխաներ կան: Բայց որ այսպես շարունակվի, կամաց-կամաց գյուղը կսկսի դատարկվել, քաղաքում աշխատանք կգտնենք, երեխաներին էլ վերցնենք հեռանանք ստեղից»,- ասում են եղվարդցիները:
Նմանօրինակ ճակատագիր կունենան նաեւ Խդրանց, Ուժանիս եւ Ագարակ գյուղական համայնքները, որոնք նույնպես առանց ջրի են մնացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031