Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՎԿԻԱՆՈՍԸ, ԱՍԵՍ, ԵՐԳՈՒՄ Է…

Օգոստոս 17,2010 00:00

Էլվինա Մակարյանն երեկ կլիներ 60 տարեկան: 3 տարի առաջ,
հուլիսի 9-ին՝ ԱՄՆ-ի իր տանը, ատրճանակից արձակած կրակոցով նա
վերջ տվեց իր երկրային կյանքին:

\"\"

1989-ից մտերիմ լինելով նրա հետ՝ համարձակվել եմ ընդամենը երկու հարցազրույց վարել. 1989թ.-ին, երբ պետք է առաջին անգամ իբրեւ զբոսաշրջիկ մեկներ ԱՄՆ, «Ավանգարդ» երիտասարդական թերթում տպագրվեց «Լռության մեծ աղմուկը»: Ի դեպ, ԱՄՆ հասնելուն պես իմացել էր, որ իրեն ազատել են հեռուստառադիոպետկոմից ու մեր հարցազրույցի շարժառիթը դա էր: Երկրորդ հարցազրույցը տպագրվեց 1994թ.-ին՝ «Բանբեր» մշակութային պարբերականում («Յարո ջան»). Էլվինան ԱՄՆ-ից վերադարձել էր, իսկ Հայաստանում նրա CD-ները վերավաճառվում էին՝ առանց նրա հեղինակային իրավունքների հարգման: «Որքան էլ փորձեցին դարձնել պետական թոշակառու՝ չերգելու պայմանով, չհաջողվեց»,- ասաց նա մեր զրույցներից մեկի ժամանակ:
Էլվինա Մակարյանը ճակատագրապաշտ էր, հավատում էր թվերի մոգությանը, հատկապես այն թվերի, ուր 3-ը կար: Ասում էր, որ 13 տարեկանում հայտնվել է Ռոբերտ Ամիրխանյանի «Կռունկ» համույթում, 1973-ին հաղթել համամիութենական մրցույթում: Հպարտանում էր, որ Առյուծ համաստեղության Վագրի տարում է ծնվել: Ասում էր, որ երկուսն էլ իր համար տաք են եւ կրակի խորհուրդն ունեն: Էլվինայի թուլությունը գիշերը աստղերին նայելն ու երազելն էր, գիշերը մենակ լինելը:
Նա ահռելի հոգեւոր էներգիայի կրող լինելով՝ համեստ էր: Ես չեմ հիշում մի համերգ, երբ Էլվինան չանհետանար կուլիսներում եւ չշտապեր տուն: Նա էժանագին «հետո-սեղանների» եւ «հետո-կենացների» համար չէր ծնվել: Նա տաղանդավոր էր ի ծնե եւ գիտեր այդ մասին: «Ես միայնակների ընդդիմությունից եմ»՝ հաճախ սիրում էր կրկնել նա:
Ցրտի, մթի, խավարի տարիներին, լինելով իր փիլիսոփայական գրքերի (բավականին կարդում էր, հատկապես հայ ժողովրդի կազմավորմանը նվիրված) եւ մտածումների հետ, նա զուգահեռ սկսեց բարեգործական համերգներ տալ. «Հոգիս չարչրկվում է… Որովհետեւ իմ տաղանդի հաշվին տված բարեգործականների գումարը գնաց միլիոններ ունեցողների գրպանը, եւ ոչ թե մանկատներ, ծերանոցներ…», ափսոսանքով ասաց նա մեր հարցազրույցի ժամանակ: Հիշում եմ,  «Պլանի գլխի» բարձրահարկ շենքի նրանց տանն էի, երբ դաշնակցական ընկերներս ավետեցին Շուշիի ազատագրման մասին լուրը: Ցնծում էր: Առաջին անգամ տեսա, թե նա ինչպես օղու բաժակը բարձրացրեց ու խմեց: Ի դեպ, ինչո՞ւ եմ շեշտում նրա խմելու հանգամանքը, քանի որ նրա խմել-չխմելու, անգամ «դոպինգ» ընդունելու մասին բազմաթիվ ասեկոսեներ կային: Նա խմում էր միայն ու միայն մաքուր օղի:
Անմիջապես նստեց դաշնամուրի մոտ: Դեռ նվագում էր: Հետո ինձ իր այդ նոր երգի ձայնագրությունը նվիրեց. «Դե, ելեք, ելեք, դաշնակցականներ»: Ասաց, որ բառերն իր մորաքույրն է գրել…Հրաշք այդ երգը ոչ մի անգամ չեմ լսել: Մի անգամ միայն կատարեց, առանց «դաշնակցականներ» բառի…
Եղավ ժամանակ, երբ Էլվինան տարվեց Թումանյանով: Լսել էր պետք, թե ինչպես էր արտասանում իր աներեւակայելի խռպոտ, միեւնույն ժամանակ՝ քնքուշ ձայնով «Մոտիկներս, ուր կորանը»: Նա տեսնում էր համատարած քծնանք, անտարբերություն:
«Իմ նման արվեստագետը պիտի մեռնի, որ «Հայֆիլմը» տեղից շարժվի… իսկ քանի որ դեռ կենդանի եմ, մոտիկ եմ, ձեռքի տակ եմ, պարտադիր չէ, որ «Հայֆիլմը» ինձ նկարի… ասենք, հայ ժողովրդի մեծագույն դուստր Ռուֆոյին թող նկարի: Ես էլ Ամերիկայի մեծ դուստրն եմ: Համարենք այդպես»,- դառնացած, բայց փոքր-ինչ հումորով ասում էր նա:
Էլվինայի մահվանից հետո նրա աճյունափոշին շաղ տրվեց Խաղաղ օվկիանոսի վրա: Ինձ ամեն անգամ այնպես է թվում, թե օվկիանոսի այդ հատվածը երգում է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031