Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԼԻՆԵՆՔ ԱՌԱՎԵԼ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ»

Օգոստոս 18,2010 00:00

\"\" Կարծում է ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը

– ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ վերջերս տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եւ «Եվրանեսթի» հայկական պատվիրակությունների համատեղ նիստ, որին ներկա էր նաեւ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը: Որոշ մեկնաբանություններ եղան, թե խորհրդարանը փորձում է իր գերակայությունը հաստատել գործադիրի հանդեպ:
– Ընդամենը տեղի է ունեցել պատվիրակությունների համատեղ աշխատանքային նիստ, որին մասնակցել է գործադիրի ներկայացուցիչը: Ի դեպ, այդ նիստերը լինելու են պարբերական, եւ դրանց մասնակցելու են գործադիրի տարբեր ներկայացուցիչներ: Եթե մենք ուզում ենք միջազգային տարբեր կառույցներում տանել արդյունավետ աշխատանք, առնվազն պիտի սկսենք խորհրդարան-արտաքին գործերի նախարարություն համատեղ համակարգված աշխատանքից: Իսկ որ այդ համագործակցությունը միշտ չէ, որ լիարժեք է, եւ միշտ չէ, որ միջազգային տարբեր կառույցներում ներկայացված հայկական պատվիրակությունները արդյունավետ աշխատում են մեր դեսպանությունների եւ ներկայացուցչությունների հետ, կարծում եմ, ակնհայտ է: Ուստի, պետք չէ ինտրիգներ փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան: Քարոզչական ճակատում մենք այսօր ունենք լրջագույն մարտահրավերներին դիմակայելու եւ ավելի նախաձեռնող լինելու խնդիր: Իսկ դրա համար անհրաժեշտ է մեր բոլորի համակարգված աշխատանքը, որպեսզի չկրկնվեն իրավիճակներ, ինչպես, օրինակ, Եվրախորհրդարանի 2216 բանաձեւից հետո, երբ վհուկների անհասկանալի որս սկսվեց, թե ո՞վ է ավելի մեղավոր՝ խորհրդարանը, թե՞ արտգործնախարարությունը: Մեղավորներ փնտրելու փոխարեն եթե մեզանից յուրաքանչյուրն իր գործն անի, ավելի արդյունավետ աշխատանք կստացվի: Ի դեպ, առաջիկայում նախատեսված է եւս մեկ նիստ, որին մասնակցելու են նաեւ ԼՂՀ խորհրդարանի ներկայացուցիչները:
– Ձեր մի արտահայտությունը, թե միջազգային պատվիրակություններում ներկայացված մեր ոչ բոլոր պատգամավորներն են գործունակ, ձեր գործնկերներից շատերին դուր չեկավ:
– Ես չգիտեմ, թե ում դուր չի եկել, սակայն փաստն այն է, որ այո, մենք ունենք խնդիր՝ առավել արդյունավետ դարձնել միջազգային կառույցներում աշխատող մեր պատվիրակությունների աշխատանքը: Ես չեմ ասում, թե այս կամ այն պատգամավորը չի ջանում: Բոլորն են ջանում անել իրենց հնարավորությունների առավելագույնը: Սակայն, իրականությունն այն է, որ երբեմն այդ հնարավորություններն են նվազ: Եւ քանի որ տարբեր պատվիրակություններում ներկայացված պատգամավորները ներկայացնում են իրենց կուսակցությունները, ապա ցանկացած խմբակցություն ինքը պիտի շահագրգիռ լինի առավել օպտիմալ եւ արդյունավետ բաշխել իր պատգամավորական ռեսուրսը: Եւ երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը միջազգային որեւէ կառույցում պատգամավոր է առաջադրում, ապա սկզբունքը մեկն է՝ որքանո՞վ արդյունավետ կարող է տվյալ կառույցում աշխատել տվյալ պատգամավորը: Այլ սկզբունք չկա եւ չպիտի լինի:
– Հոկտեմբերի առաջին օրերին մեկնարկելիք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում երեւի լուրջ գործ կա անելու, համենայնդեպս, երկու խնդիր արդեն ունենք՝ ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնման հարցը եւ շվեդ պատգամավոր Լինբլադի՝ Հայաստանի հարցով համազեկուցող դառնալը:
– Նախ, Լինբլադը սեպտեմբերին դեռ պետք է ընտրվի պատգամավոր՝ Շվեդիայում խորհրդարանական ընտրություններն աշնանն են: Իհարկե, Լինբլադի քարոզարշավով Շվեդիայում ակտիվորեն զբաղված է թուրք-ադրբեջանական համայնքը, որը ամեն ջանք գործադրելու է՝ իր լոբբիստին անցկացնելու համար: Մնում եմ այն համոզմունքին, որ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից Լինբլադին Հայաստանի հարցով համազեկուցող «նշանակելը» Չավուշօղլու ծրագրի բաղկացուցիչներից էր: Մեկ բան հստակ է՝ թուրք-ադրբեջանական լոբբիստ Լինբլադը չի կարող անաչառ լինել Հայաստանի հարցում, ուստի մեր պատվիրակությունն անպայման պիտի իր մտահոգությունները ձեւակերպի եւ հայտնի: Ինչ վերաբերում է Վեհաժողովի ֆորմատում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման Չավուշօղլու համառ փորձերին, ապա մեր դիրքորոշումը հայտնի է՝ ԼՂ խնդիրը չի կարող տեղափոխվել ԵԽԽՎ-ի ձեւաչափ, եւ դա թույլ չտալու համար պատվիրակությունն անկասկած, հստակ քայլեր է ձեռնարկելու:
– Ինչպե՞ս եք գնահատում մեր դիրքերը քարոզչական պատերազմում:
– Փաստ է, որ մենք պիտի լինենք շատ ավելի նախաձեռնող: Եթե ադրբեջանական պատվիրակությունն անգամ իսլանդական հրաբուխի թեման տրանսֆորմացնում է ղարաբաղյան խնդրի ու խոսում է ԼՂ հակամարտության մասին, եթե Ալիեւի կինն իր գլխավորած հիմնադրամով տարեկան միլիոնավոր դոլարներ է հատկացնում հակահայ քարոզչության համար, եթե Ադրբեջանում պետական մրցանակ է սահմանվում Խոջալուի մասին ապատեղեկատվություն տպագրելու համար, ապա մենք ոչ թե պիտի մեր խնդիրը ավարտած համարենք թուրք-ադրբեջանական հակահայ քարոզչությանը համարժեք պատասխաններ տալով, այլ պիտի լինենք շատ ավելի նախաձեռնող: Ի դեպ, պետք է հաշվի առնել այն, որ եվրոպացի պատգամավորներից շատերը չգիտեն էլ, թե որտեղ է գտնվում Ղարաբաղը եւ ի՞նչ է ԼՂ կոնֆլիկտը, տեղյակ չեն Հայոց ցեղասպանության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել