Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՏՐԻՐ ՔՈ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբեր 04,2010 00:00

Էստոնիայի քաղած դասերից. «Բարեփոխումները նշանակում են փոփոխություններ` դրանց անհրաժեշտությունը եւ ազդեցությունը պիտի բացատրվեն հասարակությանը»:

\"\"
Էստոնիայի վարչապետ Անդրուս Անսիպի թիկունքում սովետական իշխանության տարիներին սպանված կամ աքսորված վարչապետերի դիմանկարներն են:

Էստոնիայի կառավարության շենքում երեկ շրջելուց հետո՝ աստիճաններով իջնելիս հայ լրագրողների խմբի առջեւ դուռը պահեց ինչ-որ հանդիպումից վերադարձող Էստոնիայի վարչապետ Անդրուս Անսիպը՝ համբերատար սպասելով, մինչեւ բոլոր 7-ս էլ կանցնենք: Մանրուք, որն այլ պայմաններում արժանի էլ չէր լինի հիշատակման, բայց սա այնքան արտառոց էր մեզ համար, որ սովոր ենք, թե հայ պաշտոնյաների թիկնապահները պիտի ճանապարհ բացեն նրանց համար՝ մի կողմ մղելով այլոց, որ առաջնահերթ անցնի իրենց ղեկավարը: Ի դեպ, Էստոնիայի վարչապետին ուղեկցում էր ընդամենը մի թիկնապահ: Էստոնիայի կառավարության ԵՄ տեղեկատվական կապերի գրասենյակի ղեկավար Վիլլու Կանդը պատմեց, որ վարչապետը ոչ միայն ամեն հինգշաբթի կեսօրին ասուլիս է անցկացնում՝ կոալիցիոն կառավարության այլ նախարարների հետ միասին, այլ նաեւ ընդհանրապես պատասխանում է բոլոր լրագրողների հեռախոսազանգերին:
Անհնար է դարձյալ համեմատություն չանել մեր իրականության հետ: Հայաստանում նման կերպ պաշտոնավարման ընթացքում իրեն պահել է միայն ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, որը չփոխեց բջջային հեռախոսահամարը եւ անձամբ էր պատասխանում բոլոր զանգերին: Սկզբնապես վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ էր բավական բարեհոգի տրամադրված անգամ ընդդիմադիր լրագրողների հանդեպ, բայց այժմ իր նկատմամբ ամեն քննադատություն (առնվազն նրա տրամադրություններն արտացոլող իր մերձավորների կողմից) վերագրվում է Տիգրան Սարգսյանի նկատմամբ իբր ունեցած անձնական ատելությանը:
Տալլինում տեղեկացանք, որ նոյեմբերին Տիգրան Սարգսյանը այցելելու է Էստոնիա, եւ հուսով ենք՝ այն, ինչ մենք երեկ տեսանք այս երկրի կառավարությունում, ուսանելի փորձ կլինի նաեւ նրա համար: Մասնավորապես, թե ինչպես է կարելի բաց ու թափանցիկ աշխատաոճի եւ էլեկտրոնային կառավարման մասին անընդհատ խոսելու փոխարեն՝ ուղղակի գործադրել այն: Էստոնիայի կառավարության նիստերը հեռարձակվում են ոչ միայն կառավարության շենքում, այլ նաեւ ինտերնետով, ու բոլորը կարող են հետեւել դրանց: Արդեն իսկ կառավարության նիստի ընթացքում ընդունվող որոշումները տեղադրվում են կայքում եւ ուղարկվում լրագրողների էլեկտրոնային հասցեներով: Այս կառավարությունը գործում է 2007-ի ապրիլից, ու գուցե նաեւ աշխատանքի նման թափանցիկությունն է պատճառը, որ սոցիոլոգիական հարցումների համաձայն, որոնց պատվիրատուն բնավ հենց գործադիր մարմինը չէ՝ կառավարության նկատմամբ վստահության ցուցանիշն անցնում է 50%-ից: Ընդ որում, այն դեռ վերջերս նվազել է 6%-ով, ինչի պատճառը գուցե տնտեսական ճգնաժամի հետեւանքով ավելացած գործազրկությունն է:
Հայ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ են այդքան վստահում՝ կառավարությո՞ւնն է լավը, թե՞ ուղղակի իրենք են այդպիսի մարդիկ, գործադիր մարմնի ԵՄ քարտուղարության տնօրեն Յուհան Լեփասսարը նկատեց, թե էստոնացիները շատ քննադատական վերաբերմունք ունեն կառավարության հանդեպ: Բայց դե՝ այն շատ արագ արձագանքեց ճգնաժամին, ու թեեւ այդ ընթացքում Եվրամիության աջակցությունը պակասեց, ըստ Յուհան Լեփասսարի՝ կառավարությունն առաջարկեց հստակ ելքեր:
Գործադիր մարմնի ռազմավարության հարցերով ղեկավար Քեյթ Կասեմեթսը երեկ խոսելով Արեւելյան գործընկերության սոցիալ-տնտեսական ազդեցության եւ ինտեգրացման էստոնական փորձի մասին՝ ասաց. «Ինքնին Արեւելյան գործընկերությունն ուժեղ ազդեցություն չունի: Դա պայմանավորված է երկրի կառավարությամբ՝ ինչպես են օգտագործվում առկա հնարավորությունները»: Մերձբալթիկայում գտնվելու մեր եռօրյա փորձի հիման վրա կարող ենք եզրակացնել՝ Լատվիան եւ Էստոնիան տարբեր կերպ են օգտագործել այդ հնարավորությունները: Ակնհայտ է՝ տնտեսական վիճակն Էստոնիայում ավելի բարվոք է:
Իրենց փորձից ելնելով՝ Քեյթ Կասեմեթսը առանձնացրել է այն դասերը, որոնք քաղել են, եւ որոնք առաջարկում է հաշվի առնել նաեւ Հայաստանին: Մասնավորապես՝ «Բարեփոխումները ենթադրում են փոփոխություններ՝ դրանց անհրաժեշտությունը եւ ազդեցությունը պիտի բացատրվեն հասարակությանը: Հասարակության իրազեկության բարձրացումը եւ երկխոսությունը բիզնես շրջանակների, քաղաքացիական հասարակության եւ ամբողջ հանրության հետ վճռական նշանակություն ունի»: Իսկ Հայաստանի կառավարությանն առաջարկում է. «Արեք փոփոխություններ, որոնք խնդիր են ժողովրդի համար եւ տեսանելի են, նաեւ ավելի բաց կդարձնեն տնտեսությունը, քան այն այժմ է»:
Վերջում նաեւ փոքրիկ անդրադարձ նրան, թե ինչպիսին են Էստոնիայի կառավարության եւ խորհրդարանի, իշխանության եւ ընդդիմության միջեւ հարաբերությունները: Վարչապետ Անդրուս Անսիպը Էստոնիայի բարեփոխումների կուսակցության ղեկավարն է, որն այլ կուսակցությունների հետ կոալիցիա կազմելով՝ ունի 101 հոգանոց խորհրդարանի 51 ձայները: Իր անկախության այս երկրորդ շրջանում Էստոնիան երբեք չի ունեցել միակուսակցական կառավարություն: Սա ավանդույթ է, ինչպես նաեւ ավանդույթ է այն, որ խորհրդարանում փորձում են որոշումներ կայացնել ընդդիմության հետ առավելագույնս փոխհամաձայնեցված: Այս մասին մեզ ասաց խորհրդարանի ԵՄ հարցերի հանձնաժողովի խորհրդական Օլեգ Աարման. «Եթե հաշվի չառնվեն ընդդիմության տեսակետները՝ նրանք դա կարտահայտեն այլ միջոցներով, ասենք՝ մամուլի: Ուստի փորձում ենք հարցերը լուծել փոխհամաձայնությամբ: Ի վերջո, ընդդիմության խնդիրն է, որ ստիպի կառավարությանն ավելի շատ աշխատել: Եվ նկատել ենք, որ մեր նախարարներն ավելի լավ են Բրյուսելում հիմնավորումներ ներկայացնում, եթե նախ այստեղ՝ խորհրդարանում քննարկում է լինում, եւ ընդդիմությունը նրանց նեղն է լծում»: Ըստ նրա՝ այստեղ կառավարության անդամները չեն նայում պատգամավորներին իբրեւ երդվյալ թշնամիների, որոնց եթե նախապես տեղեկատվություն տաս՝ անմիջապես կվազեն թերթեր՝ հարցազրույց տալու:
Մեր հանդիպմանը ներկա ընդդիմադիր պատգամավոր Հաննես Ռումմը հարցնում է՝ հունվարի 1-ից Էստոնիան սկսում է անցնել եվրոյի, եւ մարդիկ մտավախություններ ունեն, թե դրան կհետեւեն թանկացումներ, ի՞նչ է հարկավոր անել: Օլեգ Աարմայի պատասխանը համահունչ էր այն ամենին, ինչ լսեցինք երեկ Տալլինի գործադիր եւ օրենսդիր մարմիններում՝ մարդկանց հետ պետք է աշխատել, որ հասկանան, թե ինչ է կատարվելու, որ ակնկալիքները պարզ լինեն: Ու մեջբերում է մի բջջային օպերատորի գովազդը՝ որպես շատ տեղին խորհուրդ. «Խոսիր մարդկանց հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել