Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ԿՐԿԻՆ ԴԻՄԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Սեպտեմբեր 09,2010 00:00 Share

\"\"Այս անգամ Հայ ազգային կոնգրեսը Երեւանի քաղաքապետարանին իրազեկել է սեպտեմբերի 24-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իր նախաձեռնության մասին:

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի անդամ Տիգրան Առաքելյանը, որպես ՀՀՇ-ի լիազոր ներկայացուցիչ, Երեւանի քաղաքապետարանին սեպտեմբերի 24-ին Ազատության հրապարակում հանրահավաք ու ապա նաեւ երթ անցկացնելու հայտ է ներկայացրել: Ի դեպ, այսօր քաղաքապետարանը պետք է քննարկի իրազեկումը, որին այս անգամ ՀՀՇ լիազոր ներկայացուցիչը ներկա կլինի:
Այսպիսով մեկնարկում է, ինչպես Կոնգրեսն էր խոստացել, ընդդիմության կողմից ամենօրյա ռեժիմով Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկման հայտեր ներկայացնելու գործընթացը, որը ՀԱԿ-ում գնահատում են որպես Ազատության հրապարակը վերանվաճելու գործընթաց: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը մերժել էր Կոնգրեսի՝ Ազատության հրապարակում սեպտեմբերի 17-ին անցկացվելիք հանրահավաքը, որից հետո քաղաքապետարանի որոշումը ՀԱԿ-ը բողոքարկել էր Վարչական դատարանում: Դատարանը մերժել էր հայցը, բայց Կոնգրեսը մտադիր է Վարչական դատարանի որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարանում եւ հասնել անգամ ՄԻ Եվրոպական դատարան:
Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «Առավոտին» փոխանցեց, որ խոստման համաձայն, իրենք այսուհետ ամեն օր են մեր ժողովրդի համար ազատության եւ ժողովրդավարության հետ նույնացվող այդ հրապարակում զանգվածային միջոցառում անցկացնելու մասին իրազեկելու Երեւանի քաղաքապետարանին: Բայց արդյոք քաղաքապետարանը այդ իրազեկումներն ի գիտություն կընդունի՞: Իսկ եթե մերժի, ի՞նչ է մտադիր անել Կոնգրեսը: Լ. Զուրաբյանի ասելով, եթե քաղաքապետարանն այդ իրազեկումներից մեկն ընդունի՝ լավ, իրենք այդ մեկ օրը հանրահավաքը կանցկացնեն Ազատության հրապարակում, եթե մերժի՝ «մենք կնշանակենք հանրահավաքի օրն ու միեւնույն է՝ կանցկացնենք հենց այդ հրապարակում»:
Մեր այն հարցին, թե՝ արդյոք Կոնգրեսն այսօր ի վիճակի՞ է, ռեսուրս ունի՞ ամենօրյա հանրահավաքներ կազմակերպել, Լ. Զուրաբյանը դրական պատասխանեց, թեեւ թերահավատ էր, որ իշխանությունները՝ ի դեմս Երեւանի քաղաքապետարանի, զերծ կմնան ՀՀ քաղաքացիների՝ խաղաղ հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու սահմանադրական իրավունքը ոտնահարելուց:
Իսկ մինչ այդ, երեկ երեկոյան, Մարտիրոս Սարյանի արձանին հարող պուրակում, որտեղ ամենօրյա «քաղաքական զբոսանքներ» են տեղի ունենում, ՀԱԿ-ը նշեց իր մեծանուն համակիրի՝ դիրիժոր Օհան Դուրյանի 88-ամյակը: Մաեստրոյին ուղղված շնորհավորական ելույթներ եղան: Բոլոր բանախոսների՝ Լեւոն Զուրաբյան, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյան, դերասան Երվանդ Մանարյան ու Կոնգրեսի ներկայացուցիչ Սամվել Հարությունյան, ելույթների հիմնական առանցքն, իհարկե, Օհան Դուրյանի՝ որպես մեծ արվեստագետի, իսկական ու ազնիվ մտավորականի եւ օրինակելի քաղաքացու, հայ ժողովրդի պայքարի դրոշակակրի, Հայրենիքի ճակատագրով ու ապագայով մտահոգ մարդու ներկայացումն էր: Ասվեց, որ հայաստանյան «մտավորականների» մի ահռելի բանակի համար Դուրյանը պետք է օրինակ լինի, ու նաեւ ափսոսանք հայտնվեց, որ համաշխարհային մակարդակի այդ արվեստագետի ծննդյան օրը մեր երկրում նշվում է ոչ թե պետական մակարդակով, այլ միայն Սարյանի արձանի մոտ: Երեկ բանախոսները քաղաքական բնույթի այլ ելույթներ չունեցան: Ելույթներից հետո Սարյանի արձանի մոտ տեղադրված մեծ էկրանի վրա ցուցադրվեցին ֆիլմեր ու նաեւ մաեստրոյի ղեկավարությամբ կատարված Բեթհովենի «Ձոն ցնծության» ստեղծագործության տեսագրությունը, որին ներկաները ծափողջույններով արձագանքեցին:
Ի դեպ, ընդդիմության երեկվա այս միջոցառմանը, որին բավականին շատ մարդ էր ներկա, ընդամենը մի քանի ոստիկաններ էին հետեւում: Նրանք նույնիսկ չեն էլ փորձել խոչընդոտել պուրակում մեծ էկրանի տեղադրմանը. Կոնգրեսի պատասխանատուներից միայն հետաքրքրվել են, թե դա ինչո՞ւ է արվում եւ ի՞նչ է ցուցադրվելու, թերեւս, համոզվելու համար, որ հերթական անգամ «հոգեխանգարմունքի» հասցնող ֆիլմեր չեն ցուցադրվելու:
Միջոցառման ավարտին, ինչպես Արամ Մանուկյանն էր ասել իր ելույթում, մաեստրոյի ծննդյան օրը նշող քաղաքացիները հյուրասիրվեցին Դուրյանի կողմից հատուկ նրանց համար ուղարկված քաղցրեղենով: Իսկ ծննդյան օրը մաեստրոն կնշի նեղ ընտանեկան շրջանակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել