Լրահոս
Օրվա լրահոսը

Հրամկազմի ջիպերով պատերազմ չես գնա

Սեպտեմբեր 09,2010 00:00 Share

Երեկ տեղի է ունեցել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային խորհրդարանում Ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերի նոր հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ժամանակ քննարկման առարկա են դարձել բանակում վերջին շաբաթների ընթացքում կատարված ողբերգական դեպքերը, հայ-ադրբեջանական սահմանային դիրքերում տեղի ունեցած իրադարձությունները, նաեւ վերջին 2 ամսում Արցախի ու անգամ ՀՀ-ի տարածքով թռչող անօդաչու ադրբեջանական սարքերի առկայությունը: Շարժման ներկայացուցիչների ասելով, զինված ուժերում վերջերս տեղի ունեցած ողբերգական դեպքերը կանխարգելելու համար օրվա հրամայականն է բանակի նկատմամբ իսկապես հասարակական վերահսկողություն իրականացնելը:
Հանձնաժողովի անդամներից մի քանիսի դիտարկմամբ, հայկական բանակում տիրող բարոյահոգեբանական իրավիճակի առողջացման համար անհրաժեշտ է իշխանափոխություն, իսկ քաղաքագետ Իգոր Մուրադյանը նույնիսկ առաջարկել է պահանջել պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի ղեկավարության հրաժարականը:
Շարժման հիմնադիր-անդամ Ժիրայր Սեֆիլյանն էլ նշել է, թե հայկական բանակը դարձել է միայն աղքատների որդիների ծառայության վայր. «Սոցիալական անարդարությունն է վերքերի վերքը: Մինչեւ այն ժամանակ, երբ բանակի կամ զորամասի հրամանատարությունն ապրում է հղփացած կյանքով, եւ ժողովրդի զգալի մասի համար ընտանիքներում օրվա հացը խնդիր է, բանակը բանակ չի կարող դառնալ»: «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանն էլ «Ա1+»-ին ասել է, թե իրենց կարծիքով՝ «հայոց բանակի հրամկազմի համար սովորական փոխադրամիջոց դարձած ջիպերով պատերազմի պատրաստ չենք»:
Ինչ վերաբերում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերին, ապա շարժման անդամների կարծիքով, դրանք իսրայելական արտադրության են, եւ հայկական կողմից դրանք ոչնչացնելու փորձերն անհաջող են եղել: «Իրավիճակն իսկապես բարդ է եւ մտահոգիչ. եթե այդ անօդաչու սարքերը կատարում են հետախուզական խնդիրներ, ապա նրանք շատ հեշտ կարող են օժտված լինել ռումբերով: Դա մի իրավիճակ է ստեղծում, որի լույսի ներքո շատ բան է փոխվելու տարածաշրջանում»,- շեշտել է Տիգրան Խզմալյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել