«Հայաստանը չպետք է վախենա ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւերից, այլ պետք է դրանք օգտագործի ի նպաստ Հայաստանի»,- ըստ news.am-ի՝ երեկ հայտարարել է Հայաստանի ռամկավար ազատական կուսակցութան (ՀՌԱԿ) ատենապետ Հարություն Առաքելյանը: Նրա կարծիքով, Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացին զուգահեռ պետք է գործընթաց սկսի նաեւ ՄԱԿ-ում եւ ներկայացնի, որ 1988-1994 թթ. Ադրբեջանում հայերի նկատմամբ տեղի է ունեցել ցեղասպանություն: «Մենք պետք է ճանաչենք ԼՂՀ անկախությունը, ԼՂ հարցը տանենք ՄԱԿ-ի ներքո գտնվող միջազգային դատարան եւ ԼՂ ազատագրված տարածքները պահանջենք՝ որպես ցեղասպանության փոխհատուցում»,- ասել է Առաքելյանը, ում կարծիքով՝ այդ քայլը հնարավորություն կտա հակակշռել Ադրբեջանի կողմից արված քայլերին: «Մենք վաղուց պետք է այդ նախաձեռնությամբ հանդես գայինք, քանի որ մարդիկ զբաղվել են ցեղասպանությամբ եւ նույնիսկ Խոջալուում սպանել են իրենց՝ Ադրբեջանի քաղաքացիներին: Ե՛վ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան գործել են նույն ձեռագրով: Թուրքիայում 1915 թվականին, իսկ Ադրբեջանում՝ 80-ական թվականներին կար քրեական օրենսգիրք, որը դատապարտում էր մարդ սպանելը, անկախ այն բանից, թե ի՞նչ ազգություն ունի այդ մարդը: Սակայն երբ կառավարությունն ասում է՝ այս մարդկանց կարող եք սպանել, թալանել, մյուսներին՝ ոչ, առաջ է գալիս խուժանը եւ իրականացնում ցեղասպանություն: Մենք 1915 թվականին Ցեղասպանության ենթարկվածների վկաներ գրեթե չունենք, սակայն տասնյակ հայ փախստականներ ունենք ու ընկել՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ ենք նեյնիմ-նեյնիմ անում»,- հայտարարել է ՀՌԱԿ ատենապետը: Հարություն Առաքելյանի համոզմամբ՝ Հայաստանին միջնորդներ պետք չեն, պետք են դատավորներ, քանի որ հայ ազգի նկատմամբ հանցագործություն է կատարվել: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում սեպտեմբերի 9-ին տեղի է ունենալու «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի քննարկումը: Բանաձեւը ներկայացվել է Ադրբեջանի կողմից:


















































