«Աշխարհում էլեկտրոնային առեւտրի մասնաբաժինը այսօր 50%-ից ավելի է կազմում, մինչդեռ Հայաստանում պատկերը բավականին տխուր է»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) նախագահ, «Սորսիո» ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը: Նրա խոսքով, օրինակ, ԱՄՆ-ում մարդիկ գնում են էլեկտրոնային գրքեր, ինչն ավելի մատչելի է եւ ավելի հեշտ է ձեռք բերել: Մեր զրուցակիցը շեշտում է նաեւ, որ էլեկտրոնային առեւտուրն արդարացված է նաեւ տնտեսական առումով, եւ դրա զարգացումը կարող է նպաստել, որպեսզի աճեն ապրանքաշրջանառության ծավալները: Մեր երկրում առեւտրի այդ տեսակի զարգացման համար նախադրյալներ կան, բայց չկան անհրաժեշտ խթաններ: Հ. Ավոյանը կարծում է, որ էլեկտրոնային առեւտրի զարգացման խոչընդոտները շատ են, մեր երկրում վճարային քարտերի տարածվածության եւ էլեկտրոնային գրագիտության խնդիր կա. «Հայաստանում չկան նման կայքեր կամ ծառայություններ, քիչ են էլեկտրոնային խանութները: Կրեդիտ քարտերը մարդկանց համար մատչելի չեն, Հայաստանում զարգացած չէ նաեւ առաքման համակարգը»: Նրա կարծիքով, այս բնագավառը մեզանում դեռեւս առաջնային չէ, եւ մարդկանց մեջ դեռեւս էլեկտրոնային առեւտրից օգտվելու մշակույթը չկա. «Այսօր առաջնային է ինտերնետը, բայց պետք է փոխել շեշտադրումները, ինտերնետը լցնել բովանդակությամբ, բիզնեսով, ավելացնել օգտագործման ճանապարհները, որպեսզի մարդիկ համակարգիչը միայն սոցիալական ցանցերից օգտվելու համար չօգտագործեն»: Ըստ նրա, Հայաստանում պատկերը բավական տխուր է նաեւ օն-լայն տուրիզմի բնագավառում, որն այսօր աշխարհում արագ տեմպերով զարգանում է:
X-TECH ընկերության հիմնադիր տնօրեն Արման Աթոյանը գտնում է, որ էլեկտրոնային առեւտուրը հայկական իրականության մեջ նոր երեւույթ է, բայց առեւտրի այդ տեսակի զարգացման միտումներ նա մեր երկրում տեսնում է. «Էլեկտրոնային առեւտուրը մեզ մոտ թույլ է, քանի որ պահանջարկ չունի, բայց արդեն կան հյուրանոցներ, որտեղ գործում է ծառայությունների նման համակարգ»: Ըստ նրա, էլեկտրոնային առեւտրի զարգացման խոչընդոտներից մեկն էլ այն է, որ Հայաստանը կցված չէ աշխարհի ամենամեծ՝ Փեյփալ (PayPal) վճարային համակարգին, որին մարդիկ վստահում են. եւ դրա փոխարեն խնդրին ոչ էլեկտրոնային լուծում ենք տվել. «Պահպանել ենք այն գաղափարը, որ մեկ է՝ ապրանքը առաքվում է բնակարան, մարդը կարող է վճարել տնից»: Այս բնագավառում զարգացում ունենալու համար կարեւոր է նաեւ ձեռք բերել սպառողների վստահությունը եւ ուշադրություն դարձնել մասնավորապես օն-լայն գործարքի անվտանգության խնդրին: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Հայկ Ասրիյանցը գտնում է, որ էլեկտրոնային առեւտուրը Հայաստանում դեռեւս ձեւավորման փուլում է, իսկ դանդաղ զարգանալու պատճառը, ըստ նրա, պատշաճ անվտանգություն ապահովել չկարողանալն է: Ըստ նրա, արտասահմանյան ընկերությունները վայելում են մեծ հեղինակություն, իսկ հայկականը այս առումով դեռ մեծ խնդիր ունի. «Կարեւոր է ծառայությունների բազմազանությունը, որովհետեւ շատ հաճախ գործարարները դասական, ավանդական տնտեսագիտական մոտեցումներով են փորձում բիզնես անել՝ իբր չկա պահանջարկը, պետք չէ ստեղծել նաեւ առաջարկ, բացել էլեկտրոնային խանութ: Պետք է փորձել առաջարկի միջոցով համոզել հաճախորդին, որ այդ ապրանքը ավելի լավ է, առավել եւս՝ էլեկտրոնային տարբերակով ձեռք բերելը: Մեզ մոտ տարբեր քայլեր են կատարվում, մի քանի էլեկտրոնային խանութներ գործում են, սակայն քիչ հայաստանցիներ են նման խանութներից առեւտուր անում»,-: Նա նաեւ կարծում է, որ հայերին հոգեբանական գործոնն է խանգարում՝ «մարդը մինչեւ ապրանքը չի տեսնում ու շոշափում, չի ուզում վճարել ու ինչ-որ բան ձեռք բերել»:


















































