Նոյեմբերի 18–19–ը Բեռլինում կանցկացվի Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի երկրորդ հանդիպումը, հաղորդում է tert.am-ը: Ինչպես երեկ տեղեկացրեց համաժողովի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը, մասնակցության համար ձեւավորվել է Ազգային խորհուրդ: Այսպես, հանդիպմանը կմասնակցի 26 կազմակերպություն: Միաժամանակ, Նավասարդյանը նշեց, որ մի քանի կազմակերպություն դժգոհություն են հայտնում հանդիպմանը չմասնակցելու առնչությամբ: Նավասարդյանը նշեց, որ բոլոր մասնակիցները ընտրվել են՝ համաձայն կանոնակարգի եւ հստակ չափորոշիչներով: Նավասարդյանի խոսքով՝ այս դժգոհությունները վիճաբանության են հանգեցրել համաժողովի հայաստանյան խորհրդի ներսում: Այս կոնտեքստում նա հավելեց, որ արդեն հայտարարել է խորհրդից դուրս գալու մասին:
Բացի դրանից, անարդյունավետության պատճառով խորհրդից դուրս գալու մասին է հայտարարել Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
Իր հերթին խորհրդի անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը հավելեց, որ «ցանկում չեն ընդգրկվել շատ արժանի կազմակերպություններ, որոնք անմիջապես զբաղվում են եվրաինտեգրացիայի հարցերով»:
«Տհաճ է, որ եղել են նմանատիպ տարաձայնություններ: Մենք դրսում այնքան խնդիրներ ունենք, որ պետք չէ էներգիա ծախսել ներսում»,– նշեց նա:
Խոսելով հանդիպմանը քննարկվող հարցերի մասին՝ Նավասարդյանը տեղեկացրեց, որ քննարկումները կծավալվեն ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, կոռուպցիա, անվտանգություն, տնտեսական ինտեգրացիա, բնապահպանություն, էներգետիկա թեմաների շուրջ:
«Ֆորումի նպատակն է առավել ակտիվացնել Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում քաղաքացիական հասարակության մասնակցությունը»,– ասաց նա:


















































