Լրահոս
Օրվա լրահոսը

Մնաց ընթերցող գտնեն

Սեպտեմբեր 09,2010 00:00

«Առավոտը» դեռեւս 2009թ. նոյեմբերի 6-ին է «Գրադարանը յուրահատուկ հաստատություն է» հրապարակմամբ տեղեկացրել, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ սկսում է «Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ» դրամաշնորհային ծրագիրը՝ ՀՀ մարզերի գրադարանների համար: Մրցույթի արդյունքում ընտրվել է 10 գրադարան, որոնք ստացել են մոտ 36 միլիոն դրամ՝ ինչպես տեխնիկական վերազինման եւ գրքերի ձեռքբերման, այնպես էլ նորոգման համար: Շահած 10 գրադարաններից մեկն էլ Չարենցավանի քաղաքային գրադարանն է, ուր եւ երեկ, ըստ Միավորված ազգերի կազմակերպության տոնացույցի՝ Գրագիտության միջազգային օրը, այցելել էին հիմնադրամի եւ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները:
Գրադարանի տնօրեն Անահիտ Խեչոյանը այս պաշտոնին է մոտ երկու տարի եւ ասաց, որ իր նախանախորդի օրոք է գրադարանի սենյակներից միայն մեկը մի թեթեւ նորոգվել եւ երկու-երեք համակարգիչ տեղադրվել: Իսկ «Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ» ծրագրով գրադարանը հինգ համակարգիչ է ստացել, նորոգվել է ընթերցասրահը, գնվել են նոր աթոռներ ու պահարաններ: «Սիվիլիթասի» եւ ԱՄՆ դեսպանատան ծրագիրը ոգեւորել է «Ernst & Young» խորհրդատվական ընկերության Հայաստանի գրասենյակին, եւ ընկերությունը իր «հանրային պատասխանատվություն» նախաձեռնության շրջանակներում 1,55 միլիոն դրամ է տրամադրել «Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ» ծրագրին: Այս գումարի մի մասը բաժին է հասել Չարենցավանի գրադարանին. ձեռք են բերել նոր հեռուստացույց եւ DVD նվագարկիչ:
Գրադարանի այցելուներն ու բարեկամները Չարենցավանի քաղաքային գրադարանին մաղթեցին ոչ միայն շատ գրքեր, այլ նաեւ շատ ընթերցողներ ունենալ: Չարենցավանի քաղաքապետը հույս հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի, իսկ «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանն ասաց, որ ծրագիրը չէր իրականանա, եթե համագործակցության պատրաստ չլինեին մարզը, քաղաքը, գրադարանը: «Սա համագործակցության սկիզբն է միայն»,- հայտարարեց տիկին Ղազարյանը:
Հիշեցնենք, որ ծրագրի նպատակը՝ գրադարանները ե՛ւ մեծահասակների, ե՛ւ մանուկների համար գրավիչ ու հյուրընկալ դարձնելն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել