Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանավանում բացվեց մայրության դպրոցը

Սեպտեմբեր 09,2010 00:00

Բուժսարքավորումների պակասը լրացնելը դյուրին է, մասնագետների պակասը՝ ոչ այնքան

Այսուհետեւ Ստեփանավան քաղաքն ու շրջակա 18 գյուղերն սպասարկող «Ստեփանավանի բժշկական կենտրոնում» կգործի մայրության դպրոցը, հղի կանայք բուժսպասարկում կստանան ավելի բարվոք պայմաններում: Մայրության դպրոցն իրականություն է դարձել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID)՝ «Օժանդակություն վերարտադրողական առողջությանը» ծրագրի շնորհիվ: Արժեքը՝ 5000 դոլար:
Նշված ծրագիրը աջակցում է ՀՀ կառավարությանը՝ բարելավելու մոր եւ մանկան առողջության պահպանման ծառայությունների որակը՝ բուժաշխատողների գիտելիքների ու հմտությունների ընդլայնման միջոցով: Նաեւ բարելավում բուժհաստատությունների ֆիզիկական ենթակառուցվածքը, որակը, ընդլայնում բուժաշխատողների վերահսկման եւ կառավարման ընդհանուր համակարգը եւ կրթում ու համախմբում գյուղական համայնքները: «Ստեփանավանի բժշկական կենտրոնում» ստեղծվել է որակի ապահովման խումբ, որը մշակել եւ բուժհաստատությանն է տրամադրել առողջապահական կրթական տարբեր նյութեր եւ ներկայացրել առողջապահական նպատակներով համայնքի հետ համագործակցության մոդելը գյուղական չորս համայնքներում: Ըստ ծրագրի տնօրեն Իննա Սաչիի, կարեւոր է, որ բոլոր մայրերն ու մանուկները առողջ լինեն. «Երկրները առանձնահատուկ են, բայց կանայք նույնն են, բոլորն էլ ցանկանում են առողջ լինել եւ առողջ տեսնել իրենց մանկիկներին»:
Բացի սրանից, Բաց հասարակության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ «Ստեփանավանի բժշկական կենտրոնին» տրամադրվել է 150 մանկաբարձական հավաքածու: Ստեփանավանի բժշկական կենտրոնում 2009 թվականին՝ 316, իսկ այս տարի արդեն 328 երեխա է ծնվել:
2008 թվականից ի վեր Հայաստանում բացվել է 17 մայրության դպրոց, Լոռու մարզում սա երկրորդն է: «Ստեփանավանի Բժշկական կենտրոնի» տնօրեն Ռոբերտ Կոծինյանը նշում է, որ մայրության դպրոցը անհրաժեշտություն էր, նաեւ՝ ժամանակակից սարքավորումներով համալրելու նոր հնարավորություն, բայց կենտրոնի համար ավելի մեծ խնդիր է կադրային հագեցվածությունը. «Բուժսարքավորումները տարբեր ծրագրերի միջոցով կարելի է ձեռք բերել, բայց որակյալ բժիշկների պակասը զգալի է, բժիշկները չեն ցանկանում մարզերում աշխատել, տարբերակված մոտեցում է անհրաժեշտ, մայրաքաղաքի եւ մարզերի համար»: Այսօր Ստեփանավանի բժշկական կենտրոնը մանկաբարձ-գինեկոլոգի կարիք ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել