Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն Էրիկի

Սեպտեմբեր 10,2010 00:00

«Հասարակության մեջ սկսում է մեծանալ այն մարդկանց բանակը, ովքեր մտածում են երեխայի կյանքի, նրա ապրելու իրավունքի մասին: Էրիկի միջոցով մենք նաեւ հասարակությանն ենք փրկում անտարբերությունից: Յուրաքանչյուրը, ով մի փոքրիկ գումար է փոխանցում կամ որեւէ կերպ օգնում է այս նախաձեռնությանը, արդեն անտարբեր չէ, իրեն հետաքրքրում է անծանոթ երեխայի կյանքը, ապագան»,- lragir.am-ի փոխանցմամբ, երեկ այսպես մեկնաբանեցին իրենց նախաձեռնության նպատակը «Փրկենք» երիտասարդական նախաձեռնության անդամները: Այս նախաձեռնությունը շուրջ 5 ամիս է, ինչ դրամահավաք է իրականացնում 4-ամյա Էրիկ Սարգսյանի բուժման համար: Էրիկը հիվանդ է ավշային հանգույցների քաղցկեղով: Այժմ բուժվում է Ռուսաստանում: Բժիշկները հավաստում են, որ մի քանի քիմիաթերապիայից եւ որոշ բուժումներից հետո փոքրիկը կապաքինվի: Սակայն բուժումներն ու քիմիաթերապիան թանկ արժեն:

«Փրկենք»-ի երիտասարդ նախաձեռնողներն արդեն կարողացել են Էրիկի հաշվեհամարին փոխանցել 4 մլն դրամ (մոտ 11.000 ԱՄՆ դոլար)՝ սոցիալական ցանցերում դրամահավաքներ, համերգներ եւ սրճարանային դրամահավաքներ իրականացնելու արդյունքում: Սակայն Էրիկի լիարժեք բուժմանը մնացել է եւս 4 քիմիաթերապիա, որոնց վճարումներն իրականացնելու համար երիտասարդ նախաձեռնողներն ու արվեստագետները կազմակերպել են երկրորդ համերգ-ներկայացումը:

Սեպտեմբերի 12-ին էլ Երեւանի Մոսկվայի տան դահլիճում կկայանա «Արվեստը հանուն կյանքի» խորագրով համերգ-ներկայացումը, որի ողջ հասույթը կտրամադրվի Էրիկի բուժմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել