Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՍԵՆԻ «ԱՐԾԱԹՆ» ԻՐԱԿԱՆՈՒՄ «ՈՍԿՈՒ» ԱՐԺԵՔ ՈՒՆԻ

Սեպտեմբեր 10,2010 00:00

Պայքարն ավարտված է: Ավարը հաշվելու ժամանակն է:

\"\"Եվ այսպես, հունահռոմեական ոճի ըմբիշները Մոսկվայում ավարտեցին պայքարը: Բոլոր քաշային կարգերում հայտնի դարձան աշխարհի չեմպիոններն ու մեդալակիրները: Հայաստանի ազգային հավաքականի յոթ ներկայացուցիչներից երեքը տուն կվերադառնա որպես մրցանակակիր, ընդ որում, Ռոման Ամոյանը՝ որպես երրորդ, իսկ Արսեն Ջուլֆալակյանն ու Յուրի Պատրիկեեւը՝ երկրորդ: Անկախացումից ի վեր սա առաջին անգամ է, որ Հայաստանը միեւնույն աշխարհի առաջնությունում երեք մեդալ է նվաճում, այն էլ՝ երկու արծաթե եւ մեկ բրոնզե: Թերեւս, այս ցուցանիշի հետ կարող է համեմատվել 2001 թվականի աշխարհի առաջնությունը, որտեղ Վաղինակ Գալստյանը դարձավ չեմպիոն, իսկ Կարեն Մնացականյանը կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին:

Առաջնության ավարտից անմիջապես հետո Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը նշեց, որ գոհ է թիմի ցույց տված արդյունքից, թեեւ տղաները պատրաստ էին ավելի մաքուր ձուլվածքի մեդալներ նվաճել: Նրա խոսքը, հասկանալի է, հենց մեր երեք առաջատար մարզիկների մասին էր: Բայց, կարծում ենք, սխալված չենք լինի, եթե ասենք, որ մարզիչը հատկապես հիասթափված պետք է լինի 84 կգ քաշային կարգում հանդես եկող բազմափորձ Դենիս Ֆորովի մրցելույթից, որը, առաջին իսկ գոտեմարտում պարտվելով վրաստանցի Վլադիմեր Գեգեշիձեին, այնուհետեւ անմասն մնաց մեդալների համար պայքարից: Փաստորեն, միայն Արման Ադիկյանը (66 կգ) մեկ անգամ ճաշակեց հաղթանակի քաղցրությունը (հասկանալի է, մեր մեդալակիրներից բացի), իսկ Վահան Ջուհարյանը՝ 60 կգ, Դենիս Ֆորովը՝ 84 կգ, եւ Սարգիս Սարգսյանը՝ 96 կգ, պայքարը դադարեցրին մեկնարկային մարտերից անմիջապես հետո:

Նույն «Հ1»-ով օլիմպիական եռակի եւ աշխարհի տասնակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինը, դրվատանքի խոսքեր ասելով Ռոման Ամոյանի հասցեին, նկատեց նաեւ, որ հայ ըմբիշը մի տեսակ հաշվարկով է գոտեմարտում, ինչը հաճախ նրան խանգարում է ցուցադրել իր ամբողջ կարողությունները:

Ծանր քաշային Յուրի Պատրիկեեւը մեկ աստիճան բարձրացրեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում աշխարհի առաջնություններում ցույց տված լավագույն արդյունքը, ինչն առաջընթաց է: Յուրան պարտվեց միայն օլիմպիական ու աշխարհի չեմպիոն, կուբացի Միխան Լոպեսին: Իսկ թե ինչպե՞ս է Պատրիկեեւին հաջողվել գերազանցել իր նախկին ցուցանիշը, երեւում է wrestrus.ru-ին տված նրա հարցազրույցում, որը տպագրում ենք ստորեւ:

Ինչ վերաբերում է Արսեն Ջուլֆալակյանին, երիտասարդ մարզիկի համար աշխարհի մեծահասակների փոխչեմպիոն դառնալն արդեն իսկ նվաճում է: Բոլորս էլ տեսանք եզրափակչում նրա գոտեմարտն աշխարհի չեմպիոն, թուրք Սելչուկ Սեբիի հետ: Մրցակիցը, իրոք, ֆիզիկապես շատ ուժեղ էր: Բայց Արսենը ուժով նրան չէր զիջում, իսկ տեխնիկայով գերազանցում էր: Բոլորիս համար էլ տարօրինակ էր, որ հայ ըմբիշը, որից բռնվածք կատարելուց հետո ոչ ոք չի կարողանում խուսափել հնարքի տակ ընկնելուց (նաեւ այս առաջնությունում), չէր կարողանում գրոհն ավարտին հասցնել: Եվ միայն մարտից հետո տեղեկացանք, որ թուրք ըմբիշը մարմինը յուղել էր: Երեկ զրուցեցինք մեր մասնագետներից մի քանիսի հետ: Բոլորն էլ հաստատեցին այն փաստը, որ թուրքերը միշտ էլ դա անում են: Ինչ որ հատուկ քսուք է, որն «աշխատել սկսում է» քրտնքին խառնվելու ժամանակ: «Գորգի մրցավարը նախապես եւ մրցափուլերից առաջ՝ շփելով ստուգում է երկու ըմբիշներին էլ ու եթե չոր են, նոր մարտն սկսելու հրահանգ է տալիս: Այ, դրանից հետո է այդ նյութն իր սեւ գործն անում»,- վստահեցնում էին մասնագետները: Այնպես որ, Արսեն Ջուլֆալակյանի արծաթե մեդալն իրականում «ոսկու» արժեք ունի:

Այսօր պայքարն սկսում են մեր ազատ ոճայինները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել