Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Սեպտեմբեր 10,2010 00:00

Շուտով՝ նոր առարկա ակադեմիայի ուսումնական ծրագրում

Ընտանեկան բռնության մասին շատ է խոսվում: Բազմաթիվ կանայք եւ երեխաներ՝ ենթարկվելով ընտանեկան բռնության, չեն բարձրաձայնում այդ մասին, եւ ամենավատն այն է, որ բռնության զոհերը հիմնականում չեմ իմանում ինչպես վարվել կամ ում դիմել:

Այս առիթով «Կանանց իրավունքների կենտրոնը», որը զբաղվում է կանանց եւ նրանց երեխաների դեմ ընտանեկան բռնության կանխարգելման հիմնախնդրով, որոշել է ընտանեկան բռնություն առարկա ներմուծել: Վերջերս կենտրոնը առաջարկություն է ներկայացրել ՀՀ ոստիկանական ակադեմիային՝ այնտեղի ուսումնական ծրագրում ընտանեկան բռնություն առարկան ներառելու համար:

Ինչպես տեղեկացանք «Կանանց իրավունքների կենտրոնի» հասարակայնության հետ կապերի մասնագետ Դիաննա Սարգսյանից՝ ՀՀ ոստիկանական ակադեմիան անմիջապես արձագանքել է կենտրոնի առաջարկին եւ տվել իր համաձայնությունն ու թույլտվությունը՝ առարկան ընդգրկելու իրենց ուսումնական ծրագրի մեջ:

Դ. Սարգսյանի փոխանցմամբ, իրենց առաջարկի համաձայնությունն ստացվել է ոստիկանության գեներալ-մայոր Հ. Պողոսյանի կողմից:

Իսկ առարկան ուսումնական ծրագիր կմտնի միայն կենտրոնի կողմից ակադեմիայի համապատասխան մասնագետների հետ թրեյնինգներ եւ սեմինարներ անցկացնելուց հետո:

«Մեզ հնարավորություն է ընձեռվել կենտրոնի ուժերով Ոստիկանական ակադեմիայի եւ ՀՀ ոստիկանության համապատասխան մասնագետների համար կազմակերպել եւ անցկացնել ուսուցում՝ հիմք ընդունելով կենտրոնի կողմից մշակված եւ հրատարակված «Ընտանեկան բռնություն» ձեռնարկը, որտեղ ներկայացված են ընտանեկան բռնության ընդհանուր բնութագիրը, բնորոշ գծերը, առանձնահատկությունները, տեսակները, պատճառներն ու հետեւանքները, դրա կանխարգելման մեթոդները, ինչպես նաեւ պարզաբանվում է ոստիկանության դերն ու միջամտությունը նմանատիպ իրավիճակներում: Ձեռնարկը, որով կիրականացվի դասավանդումը, օգտակար է նաեւ բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների, դասախոսների, ինչպես նաեւ կանանց նկատմամբ բռնության խնդիրներով զբաղվող կառավարական եւ ոչ կառավարական կառույցների մասնագետների համար»,- ասաց Դ. Սարգսյանը:

Նշենք, որ դասավանդման անցկացումն իրականացվելու է Ոստիկանական ակադեմիայի դասախոսական կազմի կողմից, որոնց հետ կենտրոնն այս օրերին անցկացնում է թրեյնինգ-սեմինարը, եւ որի ավարտից հետո կսկսվի դասավանդումը. «Մեր հոգեբաններին ու իրավաբաններին է վստահված թրեյնինգը, նրանք են վերապատրաստելու ապագա մասնագետներին»,- ասաց Դ. Սարգսյանը:

Մեր հարցին, թե ինչու են հատկապես ոստիկանական ակադեմիան ընտրել՝ «ընտանեկան բռնություն» առարկան դասավանդելու համար, մեր զրուցակիցն ասաց. «Մեզ համար շատ կարեւոր է հենց ոստիկանների դերը ընտանեկան բռնության հիմնախնդիրը լուծելու, մասնավորապես՝ բացահայտելու համար. բռնության ենթարկված կանայք լռում են, անգամ ոստիկանին վախենում են դիմել: Շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր ոստիկան, լինելով նաեւ որոշ չափով հոգեբան, իմանա ինչպես վարվել ընտանեկան բռնության ենթարկված կնոջ կամ երեխայի հետ: Նրանց հոգեբանությունը շատ թույլ է, եւ հնարավոր է, որ շեղումներ ունենան: Հետեւաբար չի բացառվում, որ ոստիկանը ճիշտ չվերաբերվի նման կանանց կամ երեխաների հետ՝ ավելի սրելով եւ բարդացնելով վերջիններիս վիճակը»:

Դ. Սարգսյանը նկատեց, որ ընտանեկան բռնության թրեյնինգներ իրականացվում են ոչ միայն ՀՀ ոստիկանական ակադեմիայում, այլեւ Երեւանից դուրս՝ մարզերում. «Այս պարագայում արդեն այդքան նշանակություն չենք տալիս՝ ոստիկանական համակարգի՞ց է, թե՞ ոչ, այդ թրեյնինգներն ուղղված են իրազեկության բարձրացմանը՝ տարբեր տարիքի եւ սեռի ներկայացուցիչների շրջանում: Սակայն մեծ ուշադրություն ենք դարձնում տղամարդկանց մասնակցությանը, քանի որ խնդրին լուծում տալու եւ նվազեցնելու առաջին գործոնը տղամարդիկ են»:

Կենտրոնի ուսումնական ձեռնարկում ընդգրկված ընտանեկան բռնությունը, ինչպես նկատում է Դիաննան, միայն ֆիզիկականը չէ՝ «այլեւ հոգեբանականն ու տնտեսականը նույնպես: Շատ կանայք, ենթարկվելով բռնության, չեն հասկանում եւ չեն գիտակցում, որ դա բռնություն է: Նույնիսկ լինում են դեպքեր, երբ կինը նկատում է, ինչպես է հայրը պարբերաբար երեխային բռնության ենթարկում՝ ծեծով, սեռական ոտնձգություններով, բայց կինը լռում է՝ ամաչելով կամ մտածելով, որ այդ հարցին լուծում չի կարող տրվել: Իսկ դա գալիս է իրենց իրավունքները չիմանալուց: Ոստիկանն այն մարդն է, ում առաջինն է դիմում բռնության ենթարկված կինը: Բայց հաճախ կանայք վախենում են ոստիկաններին դիմել՝ մտածելով, որ իրենց չեն օգնի»:

Մեր զրուցակիցը, կարեւորելով ոստիկանների դերը բռնության հիմնախնդրի բացահայտման հարցում, հավելեց, որ կենտրոնն իր գործունեության ընթացքում մշտապես համագործակցում է ՀՀ ոստիկանության հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել