Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Սեպտեմբեր 11,2010 00:00

  \"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսանութերորդ

ԱՆԲՈՒԺԵԼԻ ՀԻՎԱՆԴՆԵՐ

Եվ ես ժպտալով Ռաֆոյին ասացի՝ «որ Սվետային առնեիր ու Նոբելյանն էլ ստանայիր, կատարյալ երջանիկ կըլնեիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «էրկու երնեկ մի տեղ չի լինում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի կարմրելով ավելացրեց՝ «ինքը Նոբելյանից ավելի բարձր արժեք էր», եւ ես ժպտալով ասացի՝ «որ իմանայի՝ էդքան հավանում ես, քեզ կզիջեի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «որ մտքիս տեղ ըլներ, կարայի իրան ձեռիցդ ադբիտ անեի», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞նց ատբիտ կանեիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մոռանում ես, որ էն թվերին գիպնոզս շատ ուժեղ էր», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «Կարպովին որ կարում էիր գիպնոզ անեիր, Սվետային կանեիր ու կանեիր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց Ռաֆոն էն տղեն չի, որ ընկերոջ ձեռից գիպնոզով աղջիկ ատբիտ աներ» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «էլ չեմ ասում, որ հարցի մյուս կողմն էլ կար», եւ ես ժպտալով հարցրի՝ «հարցի մյուս կողմը ո՞րն էր», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «հենց որ ինքը գիպնոզից դուրս գար, մեկ ա՝ էլի քեզ էր սիրելու», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «փաստորեն, սերը աթարին էր կպել», եւ Ռաֆոն ծիծաղելով ասաց՝ «էն էլ ո՜նց էր կպել», եւ ես ժպտալով հարցրի՝ «ասում ես՝ ռուս աղջիկ կառնեի՞ր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բա ասում ես՝ ինքը հիսուն տոկոսով եվրեյ էր», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «տոկոսը հաստատ չեմ կարա ասեմ, բայց հիշում եմ, որ տատերից մեկը հրեա էր», եւ Ռաֆոն ժպտալով հարցրեց՝ «բա մյուս տա՞տն ինչ էր», եւ ես ժպտալով ասացի՝ «մյուսը, կարծեմ, լեհ էր», եւ Ռաֆոն ժպտալով հարցրեց՝ «բա պապե՞րը», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «պապերից մեկը ռուս էր, մյուսը՝ գերմանացի» եւ ժպտալով ավելացրի՝ «փաստորեն, Սվետայի մեջ հազար ու մի արուն կար», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ տատերից մեկը պալյաչկա ա էղել, էդ արդեն հերիք ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «պալյաչկեքը նույնիսկ ռուսներից են սիրուն», եւ ես ժպտալով հարցրի՝ «պալյաչկի հետ կամուսնանայի՞ր», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ամուսնանայի, վաղուց ամուսնացած կըլնեի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ութսունվեցին կես տարուց ավել Լեհաստան եմ ապրել», եւ ես զարմացած հարցրի՝ «Լեհաստան ի՞նչ էիր անում», եւ Ռաֆոն պատասխանեց ու ասաց՝ «կոշիկի գործ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հորոխպորս տղերքը Երեւան կոշիկի ցեխ ունեին. իրանք կոշիկն արտադրում էին, ես ու հորոխպորս միջնեկը Լեհաստանում նաղդում էինք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մի մոմենտ ընենց փող էինք առնում, որ աչքներիս չէինք հավատում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Վարշավայի ամենազիլ հյուրանոցում ձեռներս ծալած նստում էինք, փողն ինքնիրան գալիս՝ լցվում էր ջեբներս», եւ ես ժպտալով հարցրի՝ «պալյաչկեքի հետ կայֆեր էի՞ք անում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ում վրա մատներս դնեինք՝ մերն էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «համ փողը կար, համ էլ՝ էդ թվերին գիպնոզս շատ ուժեղ էր», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, Լեհաստանում լավ էլ շնացել եք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «փաստորեն, սատանայի իշխանության տակ էինք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց էդ սաղ արածներիս համար մեղքերի թողություն եմ ստացել», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «փաստորեն, կարաս ամեն օր մեղք գործես ու հետո մեղքերի թողություն ստանաս», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս, էդ թվերին առանձնապես մեծ մեղքեր չեմ գործել», եւ ես ժպտալով ասացի՝ «բա ասում ես՝ շնացել եք», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «էդ թվերի արածներս կարելի ա շնանալ չհամարել, որովհետեւ էն վախտերը չգիտեի, որ չի կարելի շնանալ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նույնիսկ չգիտեի, որ էդ բաները շնանալ են համարվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ վախտ ոչ Ավետարանն էի կարդացել, ոչ էլ որեւէ մեկն ինձ ասել էր, որ էդ ամեն ինչը շնանալ ա համարվում», եւ ես ժպտալով ասացի՝ «հիմա արդեն գիտես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «հիմի որ էդ նույն բաներն անեմ, շատ մեծ պատժի կարժանանամ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բա ո՞նց ա, որ ուրիշներն ամեն ինչ անում են, բայց ոչ մի պատժի չեն արժանանում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ էդ ուրիշներն էլ են առանց իմանալու ու առանց հասկանալու անում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մի բան ա՝ որ առանց իմանալու ու առանց հասկանալու ես անում, լրիվ ուրիշ ա՝ որ իմանալով ու հասկանալով ես նույն մեղքը գործում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ում շատ ա տրված, նրանի՛ց ա շատ պահանջվում» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «էդ մարդու անունն ինչ է՞ր», եւ ես հարցրի՝ «ո՞ր մարդու», եւ Ռաֆոն ասաց՝ «էն, որ ասում ես՝ հավատացյալ ա», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Խորեն», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմի որ էդ Խորենն ու դու նույն մեղքը գործեք, ձեզ տարբեր պատիժ ա հասնում. իրանը շատ խիստ պատիժ կըլնի, քոնը՝ շատ մեղմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որովհետեւ ինքը հասկանալով ու իմանալով ա մեղք գործում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հնարավոր չի», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչը հնարավոր չի», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հնարավոր չի, որ Խորենը մեղք գործի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «անսխալական մարդ չկա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Եղբայր Հովակիմը որ Եղբայր Հովակիմ էր, էլի մի քանի անգամ մեղք գործել ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ մեղք ա գործել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «որ ասեմ՝ մեր մեջ կմնա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինքը մի անգամ մեր եղբայրներից մեկին շատ գեշ քֆրտեց», եւ ես ժպտալով հարցրի՝ «ինչի՞ քֆրտեց», եւ Ռաֆոն ասաց՝ «մեր եղբայրներից էդ մեկն ամեն անգամ մեր հավաքներից ուշանում էր, ու մի օր էլ՝ որ հերթական անգամ ուշացավ, Եղբայր Հովակիմը չդիմացավ ու շատ ուժեղ ուշունցի կապեց», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչ ուշունց տվեց», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կարեւոր չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարեւորն էն ա, որ ուշունցն էլ ա շատ լուրջ մեղք համարվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մանավանդ՝ Եղբայր Հովակիմի մակարդակի մարդու համար», եւ ես ժպտալով հարցրի՝ «հետո՞», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու շարունակեց՝ «հետո Եղբայր Հովակիմը հազար անգամ մեր էդ եղբորից ներողություն խնդրեց, ու ներողություն խնդրելուց էլ բացի՝ մի ամբողջ շաբաթ օրուգիշեր աղոթք արեց ու Տիրոջից ներում աղերսեց» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ընենց որ, ոչ մեկս պատասխանատվությունից ազատված չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ընենց որ, քո էդ Խորենն էլ եթե որեւէ մեղք գործի, անպայման դատաստանի կարժանանա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «Խորենը ոչ մեղք ա գործում, ոչ էլ ուշունց ա տալիս», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «վստահ ե՞ս», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հարուր տոկոսով», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իզուր ես ուրիշի անունից էդքան վստահ խոսում», եւ ես ասացի՝ «ես ի՛մ անունից եմ խոսում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու քմծիծաղով հարցրեց՝ «ասում ես՝ փառասեր էլ չի՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ճանաչածս միակ մարդն ա, որ փառասեր չի», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «այսինքն, մնացածներս փառասե՞ր ենք», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Խորենը ոչ միայն փառասեր չի, այլեւ զզվում ա փառքից», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու քամահրանքով հարցրեց՝ «ինքն ա՞ ասել, որ փառքից զզվում ա», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ինքը ոչ մի բան էլ չի ասել. ե՛ս եմ զգացել», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ հնարավոր ա՝ սխալ զգացած ըլնես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հնարավոր ա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց մենք էլ առանձնապես փառասեր չենք», եւ ես ժպտալով ասացի՝ «իզուր ես ուրիշների անունից էդքան վստահ խոսում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես ի՛մ անունից եմ խոսում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ես իմ անունից չեմ կարա ըտենց բան ասեմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «այսինքն, փառասե՞ր ես», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «կարաս չկասկածես», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «որ փառասեր ես, ինչի՞ Նոբելյան մրցանակ չես ուզում», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ աստիճանի փառասեր չեմ», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «նամյոկդ հասկացա», եւ ես ժպտալով ասացի՝ «Նոբելյան մրցանակ շատ եմ ուզում, բայց տվող չկա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «ըտենց մարդ չկա, որ Նոբելյան չուզի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի լրջանալով ավելացրեց՝ «մեկը իրա անձնական փառքի համար ա ուզում, մի ուրիշը՝ ազգի՛ փառքի համար», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «բոլորն էլ ուզում են, բայց տվող չկա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «նույնիսկ քո ասած էդ Խորենը Նոբելյանից չի հրաժարվի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ինքը երեւի չգիտի էլ, որ ըտենց մրցանակ կա», եւ Ռաֆոն զարմացած հարցրեց՝ «էդքան անգրագետ ա՞», եւ ես ժպտալով ասացի՝ «ինձնից ու քեզնից գրագետ ա», եւ Ռաֆոն ժպտալով ասաց՝ «դու քո՛ անունից խոսա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «գրագետ մարդը ո՞նց կարող ա Նոբելյանի մասին չիմանա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «վախտին երեւի իմացել ա, բայց հետո մոռացել ա» եւ մի քիչ էլ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «ինքը մենակ կարեւոր բաներն ա հիշում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Նոբելյանը մարդկայինի ու անձնականի իմաստով շատ կարեւոր չի, բայց ազգային հարցի իմաստով շատ կարեւոր ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «Խորենի համար մարդկային հարցերն ու ազգային հարցերն իրարից չեն տարբերվում», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հետաքրքիր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «էդ Խորենի հետ չես ծանոթացնի՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «մեծ սիրով», եւ Ռաֆոն հարցրեց՝ «ե՞րբ կծանոթացնես», եւ ես ասացի՝ «երբ ուզես» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «իրա տունը կինո «Մոսկվայի» մոտ ա. ուզո՞ւմ ես՝ հենց հիմա գնանք», ու հենց էդ պահին միտինգավարն ազդարարեց միտինգի ավարտը, եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «թող մնա՝ մի ուրիշ անգամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «երեւի հիմա բարձրանամ հարթակ՝ Արկադի Վարդանյանին մի քանի խորհուրդ տամ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ խորհուրդ ես տալու», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «տակտիկական ու ստրատեգիական» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կազմակերպչական հարցերում էլ են շատ լուրջ սխալներ թույլ տալիս» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «հեռախոսիդ համարը նույնն ա՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Ռաֆոն ասաց՝ «կզանգեմ, կպայմանավորվենք, կգնանք քո էդ Խորենի մոտ», եւ ես ասացի՝ «աչքիս վրա», եւ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հաջող», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հաջող», եւ երբ Ռաֆոն շարժվեց դեպի հարթակ, ես, չգիտես ինչու, մտածեցի, որ Ռաֆոյին վերջին անգամ եմ տեսնում, բայց դրանից հետո իրեն մի քանի անգամ էլ եմ տեսել, ընդ որում՝ միեւնույն տեղում՝ «Արմենիա» հյուրանոցի մուտքի մոտ՝ ցնցոտիների մեջ, եւ ամեն իրեն տեսնելիս՝ ճանապարհս փոխել եմ՝ ոչ թե էն պատճառով, որ արդեն մշտապես ցնցոտիների մեջ էր ու մշտապես իրեն-իրեն բարձրաձայն խոսում էր, այլ հիմնականում էն պատճառով, որ ամեն իրեն տեսնելիս՝ ինչ-որ տեղ շտապելիս եմ լինում, եւ չնայած Ռաֆոն մեր խոսակցությունների վերջում միշտ էլ ինքն էր ասում, որ կարեւոր գործով ինչ-որ տեղ է շտապում, այդուհանդերձ, նախքան ինչ-որ տեղ շտապելն առնվազն մի քանի ժամ ինձ բաց չէր թողնում, եւ ամեն անգամ իր սկսած մի քանի ժամանոց զրույցն անսպասելի ավարտելով՝ միեւնույն հարցն էր տալիս՝ «հեռախոսիդ համարը նույնն ա՞», եւ ամեն անգամ պատասխանում ու ասում էի՝ «հա», չնայած էդ ընթացքում մի քանի անգամ բնակարանս ու հեռախոսի համարս փոխած էի լինում, որովհետեւ իմ ու Ռաֆոյի ամենաինտենսիվ զրույցների տարիներին ինտենսիվ զբաղվում էի բնակարանային առքուվաճառքով, ավելի ճիշտ՝ անձամբ ի՛մ բնակարանի առքուվաճառքով էի զբաղվում, եւ չնայած տարին մեկ ապրելատեղս ու հեռախոսիս համարը փոխվում էին, ամեն անգամ, երբ Ռաֆոն հարցնում էր՝ «հեռախոսիդ համարը նույնն ա՞», ես առանց մտածելու պատասխանում ու ասում էի՝ «հա», ու էդպես շարունակաբար ստելով՝ առանձնապես խղճի խայթ չէի զգում, որովհետեւ չէի հիշում, որ նախորդ հեռախոսներիս համարները երբեւէ իրեն տված լինեի, բայց ամեն անգամ, երբ «Արմենիա» հյուրանոցի մուտքի մոտ ցնցոտիավոր ու գզգզված Ռաֆոյին տեսնում ու ճանապարհս փոխում էի, որոշակի խղճի խայթ էի զգում, որովհետեւ հասկանում էի ու գիտեի, որ իբրեւ զրուցակից Ռաֆոյին ավելի եմ հարկավոր, քան՝ «Արմենիայի» մուտքի մոտ իրեն պատահած արտասահմանցի տուրիստները, որոնց Ռաֆոն մեկ առ մեկ կանգնեցնում ու ձեռուոտով ինչ-որ բան էր բացատրում, եւ կողքից նայողին կարող էր թվալ, թե Ռաֆոն շարքային մուրացկան է ու հերթական արտասահմանցուն է կպռճկել, մինչդեռ ես էն քչերից մեկն էի, ով համոզված էր, որ Ռաֆոն երբեւէ որեւէ մեկից փող չի խնդրել կամ պահանջել՝ բացառությամբ իր Նոբելյանի հետ կապված էդ բացառիկ դեպքի, եւ էդ քչերից մեկը լինելով՝ «Արմենիայի» մուտքի մոտ Ռաֆոյին տեսնելով՝ ամեն անգամ ճանապարհս փոխում էի, ու էս մասին անցյալ ժամանակով եմ խոսում, որովհետեւ արդեն երկու տարի կլինի՝ Ռաֆոյին ընդհանրապես չեմ տեսել, բայց եթե տեսնեի էլ, վերստին իրեն չէի մոտենա, որովհետեւ երբ երկու տարի առաջ վերջին անգամ «Արմենիայի» դռների մոտ իրեն տեսա, ականջին ինչ-որ մանկական խաղալիք-բջջային էր պահել ու էդ մանկական խոսափողի մեջ ամբողջ ուժով գոռում էր՝ «կաչաղակ-կաչաղակ, ես չաչանակն եմ», եւ բոլորն իրեն էին նայում, ու ես էդ վերջին անգամ «Արմենիայի» մուտքի մոտ իրեն տեսնելով՝ չմոտեցա, եւ չնայած ինքը ահավոր սեւացել ու անճանաչելի էր դառել, ես անմիջապես ճանաչեցի, որովհետեւ համ իր կանգնած տեղն էր նույնը, համ էլ՝ ձայնը, եւ երբ մի պահ մեր հայացքներն իրար հանդիպեցին, ինքն ինձ չճանաչեց, եւ ես առիթից օգտվելով՝ ճանապարհս շարունակեցի ու ամբողջ ճանապարհին խղճի խայթ էի զգում, բայց նաեւ զգում էի, որ ոչնչով չեմ կարող Ռաֆոյին օգնել, որովհետեւ պարզից էլ պարզ էր, որ շուտ թե ուշ Ռաֆոյին վերստին հոգեբուժարան են տանելու, եւ էդ բանը հասկանալով ու գիտակցելով հանդերձ՝ ոչնչով իրեն օգնել չէի կարող, բայց, միեւնույն ժամանակ, ինձանից, մեղմ ասած, դժգոհ էի, որ իրեն էդպես ու էդտեղ թողնելով՝ սառնասրտորեն ճամփես շարունակեցի, եւ չնայած հասկանում էի, որ ամեն մեկս իր ճանապարհով է գնում, եւ չնայած հասկանում էի, որ իր ճանապարհը հոգեբուժարան է տանում, իսկ իմը՝ բուքմեյքերական, այդուհանդերձ, իրեն «Արմենիայի» մայթին էդ վիճակում թողնելով ու Հրապարակի «Եվրոֆուտբոլ» մտնելով՝ շուտով վերստին համոզվեցի, որ բուքմեյքերականն էլ պակաս գժանոց չի՝ էն տարբերությամբ, որ էստեղի գժերի բուժման հարցերով որեւէ մեկը շահագրգռված չի, եւ չնայած Ռաֆոյի եւ ուրիշների օրինակով բազմիցս համոզվել եմ, որ էնտեղի գժերին էլ առանձնապես չեն կարողանում բուժել, այդուհանդերձ, հիմա՝ էս պահին էն կարծիքին եմ, որ հոգեկաններիս բուժումը միայն ու միայն հոգեկաններիս կամքով ու ցանկությամբ կարող է տեղի ունենալ, եւ եթե մի գեղեցիկ օր ինձ հաջողվի ոտքս վերջնականապես կտրել բուքմեյքերականներից, վերստին չեմ կարողանա ինձ բուժված համարել, որովհետեւ էս անավարտ ու անվերջանալի վեպս ամեն շաբաթ «Առավոտի» մեջ տեսնելով ու ամեն շաբաթ չկարդալով՝ շատերը հենց էս վեպս են հոգեկան որոշակի շեղման արդյունք համարում, եւ էս մտքիս վրա կենտրոնանալով ու էս մտքիս մեջ խորանալով՝ սկսում եմ նաեւ հասկանալ, որ յուրաքանչյուրս մի ուղղությամբ շեղված է, եւ մինչ էս եզրակացությանն էի հանգում, «Կենտրոնի» լուրերով հայտնեցին, որ «Առավոտի» ու «Չորրորդ իշխանության» լուսանկարիչ Շամշյան Գագոն «Յոթի» դատավարության ժամանակ վերստին ընդհարվել է ոստիկանների հետ, եւ ահա՝ էս տեղեկատվությունից հետո վերջնականապես եմ համոզվում, որ յուրաքանչյուրս ի՛ր ուղղությամբ է շեղված, եւ շատ հնարավոր է՝ Գագոյի ու ոստիկանների էս շարունակական ընդհարումներն ավելի երկար շարունակվեն, քան՝ էս վեպս, եւ Գագոյի էս վերջին ընդհարման մասին «Կենտրոնի» լուրերից տեղեկանալով՝ հիմա հիշեցի իմ ու իր վերջին երկխոսությունը, որը տեղի ունեցավ մի շաբաթ առաջ, երբ Շամշյան Գագոն ընդհարվել էր Հյուսիսային պողոտայի ոստիկանների հետ, եւ երբ նույն իրիկուն Գագոյին «Առավոտի» խմբագրությունում տեսա, ծիծաղելով ասացի՝ «Թումանյանն իսկական հանճար ա, որ առանց քեզ ճանաչելու՝ «Անհաղթ աքլորը» գրել ա», եւ Գագոն արհամարհական նայեց ինձ ու քամահրանքով ասաց՝ «դու ավելի լավ կանես, քո «Համբերանքի չիբուխը» շարունակես», եւ հիմա, ահա, «Կենտրոնի» լրատվությունից տեղեկացա, որ Գագոն վերստին ընդհարվել է ոստիկանների հետ՝ էս անգամ արդեն «Յոթի» գործով դատավարության ժամանակ, ավելի ճիշտ՝ «Վեցի» գործով, որովհետեւ մի քանի օր առաջ յոթից մեկին՝ Հարությունյան Շանթին տարել են հոգեբուժարան, եւ Շանթին բավական լավ ճանաչելով՝ ինձ իրավունք եմ վերապահում ենթադրել, որ Շանթին հոգեբուժարան տանողներն, ըստ ամենայնի, ինձնից ու Շենգավիթցի Ռաֆոյից պակաս հոգեկաններ չեն, ու Շանթի համեմատ մյուսներիս հոգեկան շեղվածությունն էնքան ակնհայտ է, որ նույնիսկ մեր նպատակների տարբերությունը չի նպաստում, որպեսզի միմյանց հանդեպ մարդկային հետաքրքրություն ու վերաբերմունք հանդես բերենք, ու էս ասածս հավասարապես վերաբերում է նաեւ այսպես կոչված հոգեբույժներին, որոնցից լավագույնն իմ համադասարանցի Սուրոն է, եւ հիմա Շանթին ու իմ համադասարանցի Սուրոյին միեւնույն բուժհաստատությունում պատկերացնելով՝ մտածում եմ, որ էնտեղ իրար հետ լավ էլ ընկերություն կանեն, եւ միգուցե Շանթին հաջողվի բուժել իմ համադասարանցի հոգեբույժ Սուրոյին, եւ եթե Շանթին հաջողվի էդ անել, միայն է՛դ դեպքում Շանթի՝ էդ բուժհիմնարկ ընկնելը կարդարացվի, եւ եթե Շանթին հաջողվի բուժել իմ համադասարանցի հոգեբույժ Սուրոյին, իմ ու ուրիշների ենթադրությունը, թե՝ հիվանդների բուժման գործն իրենց իսկ՝ հիվանդների գործն է, մեկից հօդս կցնդի, եւ հիմա էս մասին մտածելով ու վերստին մշեցի, ապարանցի ու շենգավիթցի Ռաֆոյին հիշելով՝ սկսում եմ մտածել, որ ամեն անգամ «Արմենիա» հյուրանոցի շեմքի մոտ Ռաֆոյին տեսնելով ու չտեսնելու տալով՝ ոչ թե Ռաֆոյից եմ խուսափելով վազն անցել, այլ՝ իմ իսկ մինուճար բախտից, որովհետեւ, հիմա որ հիշում եմ, մանրից սկսում եմ հասկանալ ու ըմբռնել, որ իմ ու Ռաֆոյի էդ պարբերական ու տեւական զրույցներն ինձ համար ոչ թե պարզապես զրույցներ են եղել, այլ՝ իսկական ու պարբերական բուժման կուրսեր, որովհետեւ Ռաֆոն երբեւէ ինձ հանդիպած է՛ն քչերից է, որոնց ներկայությամբ ու առկայությամբ ինձ միանգամայն առողջ եմ զգացել. է՛ն աստիճան առողջ, որ էդ պահերին նույնիսկ փառասիրությունս էր հօդս ցնդում, եւ հիմա վերստին իմ, Ռաֆոյի ու բոլորիս փառասիրական հակումներն ու դրսեւորումները հիշելով՝ սկսում եմ մտածել ու հասկանալ, որ փառասիրությունը մեր մշտական ու հավատարիմ ուղեկիցը լինելով՝ մշտապես մեզ շեղում է ո՛չ միայն մեր իսկ առողջականից, այլեւ՝ մեր իսկ բուն կյանքից, ու էս առթիվ վերստին Հավատացյալ Խորենին հիշելով՝ վերստին հավաստիանում ու հավաստիացնում եմ, որ մեջներիցս ինքն էր էս կյանքն ամենից շատ սիրում ու ապրում, ընդ որում՝ վայրկյան առ վայրկյան՝ ամենայն մանրամասնությամբ էր ապրում, եւ իր ապրելու ու ապրածի մասին վերստին մտածելով՝ վերստին լուսահոգի հորս ապրածն է աչքիս առաջ գալիս, եւ վերստին հորս հիշելով ու հորս անդրադառնալով՝ վերստին սկսում եմ հասկանալ, որ Հավատացյալ Խորենն ամենեւին էլ փառասիրությունից զերծ միակը չէր, որովհետեւ Խորենից բացի ու Խորենից առաջ՝ նախ հայրս էր էս աշխարհ եկել ու ապրել, եւ հայրս էլ էր իր բաժինը վայրկյան առ վայրկյան ու դրվագ առ դրվագ ըմբոշխնելով ապրում, եւ չնայած հայրս, ի տարբերություն Խորենի, հավատացյալ չէր, այդուհանդերձ, ի տարբերություն շատ ու շատ հավատացյալների, պատվիրաններն անմնացորդ էր կատարում՝ Ավետարանը երբեւէ կարդացած չլինելով ու պատվիրանների մասին որեւէ տեղեկություն չունենալով, եւ պատվիրաններից մշտապես անտեղյակ՝ երբեւէ որեւէ մեկին չդատեց ու երբեւէ սուտ վկայություն չտվեց, իսկ սպանելու մասին խոսելն անգամ ծիծաղելի է, որովհետեւ լուսահոգի հայրս իր բազմաբարդ ու դժվարին կյանքում ճանճ անգամ սպանելու առիթ ու պատճառ չունեցավ, եւ, ըստ ամենայնի, երբեւէ չշնացավ էլ, իսկ ինչ վերաբերում է փառքին ու փառասիրությանը, լուսահոգին իր բաժին կյանքը պահ առ պահ ու դրվագ առ դրվագ ըմբոշխնելով՝ երեւի չիմացավ էլ, որ կյանքում ու մարդկային հոգիներում էդ տեսակ երեւույթ գոյություն ունի։
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել