Հետընտրական քաղաքական զարգացումները, հասարակության ներսում առկա բաժանարար գծերը, իշխանության առաջ մղած խաղաղության օրակարգը և Հայաստանի անվտանգության շուրջ ծավալվող քննարկումները շարունակում են մնալ հանրային ու քաղաքական օրակարգի կենտրոնում։
Ի՞նչ մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանը, որքանո՞վ է իրատեսական Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հեռանկարը, և ի՞նչ վտանգներ ու ռիսկեր կան ներկայիս գործընթացներում։
Այս հարցերի շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, պատմաբան Արմեն Սարգսյանի հետ։
– Պարոն Սարգսյան, ինչպե՞ս կգնահատեք ընդհանուր քաղաքական իրավիճակը Հայաստանում։
Կարդացեք նաև
– Ընդհանուր քաղաքական վիճակը Հայաստանում գնահատում եմ ճգնաժամային։ Ինչո՞ւ․ որովհետև, նախ, Հայաստանի ժողովուրդը բաժանված է երկու մասի, ընդ որում՝ երկու իրարամերժ կարծիք ունեցող մասի։ Երկրորդ՝ քաղաքական ուժերը ևս բաժանված են երկու մասի, որոնք նույնպես իրարամերժ տեսակետներ ունեն։ Երրորդ՝ այս ընտրություններում իշխանությունն ավելի ցածր տոկոս ձայներ է ստացել։ Դա նշանակում է, որ ներկա իշխանության հենարանը ժողովրդի մեջ ավելի թուլացած է, քան նախկին ընտրությունների ժամանակ։
Սակայն իշխանությունն իր առջև դնում է ավելի մեծ խնդիրներ՝ պրոադրբեջանական հարցերը լուծելու համար։ Իմ կարծիքով, դա բերելու է շատ լուրջ հետևանքների։ Եթե մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Արևմուտք–Արևելք հակասությունները պտտվում էին Հայաստանի շուրջ, ապա նրա իշխանության գալով՝ այդ հակասությունները մտել են Հայաստանի ներս։ Իրոք, ճիշտ է ասված, որ այս ընտրությունները լոկ ընտրություններ չէին, այլ նաև արտացոլում էին Արևմուտք–Արևելք հակադրությունը՝ հետագա գործողությունների համատեքստում։
– Իրատեսակա՞ն եք համարում Ադրբեջանի հետ խաղաղությունը։
– Խաղաղության գաղափարն ինքնին շատ վերացական է։ Նույնիսկ ցածր մակարդակի քաղաքական գործչի համար դա շատ պարզ է։ Չկա որևէ փաստաթուղթ, առ այսօր Ալիևը չի շնորհավորել իր ընկեր Նիկոլ Փաշինյանին։ Սա նշանակում է, որ գնում է կապիտուլյացիոն խաղաղություն։ Իսկ ցանկացած կապիտուլյացիոն խաղաղություն իր հետ բերում է ապագա պատերազմ, որովհետև յուրաքանչյուր ուժ, բնականաբար, տեր է կանգնում իր հայրենիքի շահերին՝ բացառությամբ այս իշխանության։
– Հաջիևն առաջին պաշտոնյան էր, ով ընտրություններից հետո եկավ Հայաստան․ ինչպե՞ս կանվանեք սա։
– Հաջիևի այցը Հայաստան, իմ կարծիքով, եղել է գաղտնի ինչ-որ պայմանավորվածության շրջանակում, որովհետև, կրկնում եմ, սա կապիտուլյացիոն խաղաղություն է։ Այս իշխանությունների հիմնական թեզը խաղաղությունն է։ Իսկ ինչո՞ւ չեն բացահայտում այդ խաղաղության բովանդակությունը, այն սահմանադրության նախագիծը, որը, ըստ իրենց, կազմել են։
Այս ամենը բերում է ճգնաժամային իրավիճակի՝ թե՛ ընտրությունների, թե՛ Հայաստանի ապագա վիճակի հետ կապված։
Շատ բարդ իրավիճակ է, և, իմ կարծիքով, մենք կանգնած ենք Հայաստանի Հանրապետությունը կորցնելու վտանգի առջև։ Որովհետև, եթե ուշադրություն դարձնենք, շատ հետաքրքիր և ռազմավարական հարց է․ կարծես նույնն են ասում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները։
Ալիևը նշում է, որ Հայաստանի հողերն Ադրբեջանի պատմական հողերն են։ Փաշինյանը նշում է, որ այստեղ երբևէ հայերը մեծամասնություն չեն կազմել, և մենք չունենք կադաստրի վկայական և նման այլ բաներ։ Պարզապես Փաշինյանը փորձում է քայլ առ քայլ առաջ գնալ և փոքր քայլերով իրականացնել դա։
Ժողովուրդը դեռևս լիովին չի ընկալում, թե ինչ է կատարվում։ Բայց կարող է միանգամից ընկալել՝ հայտնվելով ավելի բարդ իրավիճակում։ Այսօր Հայաստանը ապրում է խոր ճգնաժամային փուլ։ Գուցե դա դեռևս ակնհայտ չէ, բայց շատ շուտով կարող է դառնալ տեսանելի։
Դա կհասկանա նաև Փաշինյանին սատարող ժողովուրդը։


















































