«Ստացվում է՝ իրենք դեմ են Հայաստանի տարածքի պաշտպանությանը ռազմական միջոցներով, հետևաբար, մեզ բանակ էլ պետք չէ։ Կարող ենք ավելի լայն այսպես էլ մեկնաբանենք»,- այսպես է մեկնաբանում «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Աշոտ Տերտերյանը՝ Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի կողմից՝ գաղափարական-ծրագրային պատճառաբանությամբ, «Ազգային հեղափոխություն» կուսակցությունը չգրանցելու փաստը:
Հիշեցնենք, որ «Եթե Ադրբեջանը կամովին չի ազատում 2021-2022 թթ. Հայաստանից օկուպացված տարածքները, ապա դրանք պետք է ազատագրվեն հատուկ ռազմական գործողությամբ՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»՝ կուսակցության ծրագրային այս դրույթն է հիմնական խնդիրը դարձել պետռեգիստրի որոշման համար, այս դրույթը դիտարկվել է խնդրահարույց ու պատերազմ քարոզելու նպատակ։
«Չեմ կարող ասել՝ իշխանությունը հաշտ է ՀՀ տարածքային ամբողջականության կորստի հետ, թե ոչ, բայց, ըստ էության, իրենք ցույց են տալիս, որ ռազմական միջոցներով պետության տարածքային ամբողջականության պաշտպանությունն իրենց համար գոյություն չունի, չկա նման մեթոդ։ Որը աշխարհում ընդունված, միջազգային իրավունքով հաստատված մեթոդ է, որևէ պետությանն արգելված չէ դիմել ռազմական ուժի՝ պաշտպանելու իրենց տարածքային ամբողջականությունը»,- ասաց Տերտերյանը։
Անդրադառնալով պետռեգիստրի մեկ այլ հիմնավորման, թե ռազմական ճանապարհով ՀՀ տարածքները վերադարձնելու կուսակցության ծրագրային դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Տերտերյանն ասաց. «Այդ կետը վերաբերում է ագրեսիվ պատերազմական քարոզ տանելուն, որը կապ չունի Սահմանադրությունում առկա մյուս հոդվածների հետ, որտեղ նշված է, որ ՀՀ-ն ունի բանակ, որը իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար է, պետության գերագույն գլխավոր հրամանատարը պարտականություն ունի պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Եթե ընդունենք, որ ՀՀ Սահմանադրությունն արգելում է թեկուզ հրապարակավ հայտարարել, որ եթե չազատեք մեր տարածքները, մենք կազատենք ռազմական ճանապարհով, ուրեմն Սահմանադրության այդ կետը հակահայկական կետ է, բայց այդ կետը բոլորովին այլ բան է նշանակում, որը ասացի»։
Կարդացեք նաև
Տերտերյանն ասաց, որ «Ազգային հեղափոխություն» կուսակցության ստեղծմամբ՝ նպատակ ունեին մեր Սահմանադրությամբ ամրագրված դրույթների իրագործումն ապահովել. «Եթե գայինք իշխանության, մեր վրա ավտոմատ Սահմանադրությունը պարտականություն է դնում մեր երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության մասով։
Այսօրվա իշխանությունը հրաժարվել է, ըստ էության, ռազմական բաղադրիչից, ինքնապաշտպանական նպատակներով բանակ կիրառելուց և իր տարածքը թշնամու օկուպացիայից ազատելուց։ Մենք ամրագրելով այս դրույթը՝ նշել ենք, որ բանակից չենք հրաժարվելու, ինքնապաշտպանական նպատակներով ռազմական ուժ կիրառելուց չենք հրաժարվելու։ Որևէ քաղաքական ուժ սրա մասին չի նշում, բոլորն էլ ներկա իշխանության հետ համակարծիք են, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերը»։
Տերտերյանն ասաց՝ ռազմական ճանապարհով մեր տարածքները պաշտպանելու դրույթն իրենց համար սկզբունքային հարց է, հետևաբար չեն պատրաստվում այն փոխել, բայց շարունակելու են իրավական ու քաղաքական ճանապարհներով պայքարը՝ դրական լուծման հասնելու համար. «Եթե հրաժարվենք, դառնալու ենք իշխանությունների ու խոշոր ընդդիմադիր ուժերի պես մի բան, ինչը մեզ համար ընդունելի չէ։ Իրավական ու քաղաքական ճանապարհով ենք փորձելու պայքարել ու հասնել լուծման»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































