Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ «Սպեղանիի» համերգի հովանավոր

Սեպտեմբեր 14,2010 00:00

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը օրերս կայացավ միջազգային մրցույթների դափնեկիր «Սպեղանի» երիտասարդական երգչախմբի համերգը: Այն կազմակերպված էր ի պատիվ Կանադայի Համայնքների պալատի «Կանադա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի անդամների, որոնք Հայաստան էին ժամանել երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության ընդլայնման նպատակով: «Սպեղանի» երգչախումբը մեծ ավանդ է ներդրել հայ խմբերգային արվեստի զարգացման գործում եւ ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի մշակութային կյանքում: Հայ մշակույթին սատար կանգնելու իր ռազմավարությանը հավատարիմ՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ստանձնել է այս ինքնատիպ կոլեկտիվի համերգի հովանավորությունը: Երգչախումբը ստեղծվել է 1996թ.՝ ի հիշատակ Արցախի ազատամարտի նահատակների: Երգչախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը եւ խմբավարը՝  երաժշտագետ եւ մանկավարժ Սարինա Ավթանդիլյանն է: Երգչախմբի գործունեությունը բարձր է գնահատվել Հայաստանի հանրահայտ երաժիշտների եւ միջազգային հեղինակավոր փառատոներում խմբերգային մշակույթի խոշորագույն գործիչների կողմից:
2010 թվականի օգոստոսի սկզբին «Սպեղանին» հրավիրվել էր մասնակցելու Սանկտ Պետերբուրգում կայանալիք Երգչախմբերի միջազգային մրցույթ-փառատոնին: Մասնակից 48 երկրից «Սպեղանին» արժանացավ երեք առաջին մրցանակի՝ «Հոգեւոր երաժշտություն», «Ժամանակակից երաժշտություն» եւ «Ազգային երաժշտություն» անվանակարգերում: Սանկտ Պետերբուրգի՝ երգչախմբերի միջազգային մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ «Սպեղանի» երգչախմբի կատարումը նման է հրեշտակների երգի»:
Հայաստանի պատմության ընթացքում ոչ մի երգչախումբ օտար երկրում չի արժանացել միանգամից երեք մրցանակի: Երաժշտագետ Մարգարիտա Ռուխկյանը նշել է. «Սպեղանի» երգչախումբը դարձել է հայ մշակույթի անբաժանելի մասը: Այսօրվա համերգով «Սպեղանին» դասեց իրեն Հայաստանի լավագույն երգչախմբերի շարքում»:  Երգչախումբը համերգներով շրջագայել է Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում, Լիբանանում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում՝ մասնակցելով բազմաթիվ միջազգային փառատոների եւ արժանանալով դափնեկրի կոչման:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հպարտ է աջակցել միջազգային ճանաչման արժանացած նման տաղանդավոր կոլեկտիվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել