Լրահոս
Օրվա լրահոսը

Թումանյանական օր՝ Դսեղում

Սեպտեմբեր 14,2010 00:00

\"\"
Սուրմա Թոթոլյանը (ձախից առաջինը) եւ Իրմա Սաֆրազբեկյանը
(աջից՝ երկրորդը)՝ Դսեղում:

Սեպտեմբերի 11-ին Լոռվա Դսեղ գյուղում Թումանյանական օր էր: Հայոց մեծ բանաստեղծի ծննդավայրում գտնվող տուն-թանգարանի բակում էին հավաքվել Թումանյանի գրչի սիրահարները: Եվ ոչ միայն նրանք. 40 տարի անց մեկ հարկի տակ էին համախմբվել Թումանյանի ժառանգները՝ երկու թոռները, ծոռները, նրանց զավակները: «Թումանյանական օր» ավանդական հանդիսությանը ներկա էին Հ. Թումանյանի երկու թոռները՝ Սուրմա Թոթոլյան-Թումանյանը եւ Իրմա Սաֆրազբեկյան-Թումանյանը:
Հանդիսության կազմակերպիչ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ հանդիսությունը ամենամյա բնույթ է կրում. «բայց այս տարվանն առանձնահատուկ է ժառանգների ներկայությամբ: Նրա ժառանգները վերջին անգամ միասին են եղել Հ. Թումանյանի 100-ամյակի տոնակատարության ժամանակ՝ 1969 թվականին»:
Բանասիրական գիտությունների դոկտոր, թումանյանագետ Իրմա Սաֆրազբեկյանը նշում է, որ 40 տարի առաջ այս բակում 5 թոռներով էին. «Այսօր, ցավոք, երկուսս ենք մնացել: Մեծ պարտականություն է Թումանյանի թոռ լինելը եւ նրա ժառանգությունը կրելը: Շատ կցանկանայի, որ այն, ինչով հիմա ես զբաղվում եմ՝ բանաստեղծի գրական ժառանգության ուսումնասիրմամբ, մեր թոռներից ու Թումանյանի ծոռներից գոնե մեկը շարունակեր զբաղվել»:
Սանկտ Պետերբուրգի բնակիչ, մասնագիտությամբ աչքի բժիշկ Սուրմա Թոթոլյանը Թումանյանի որդու՝ Արեգի դուստրն է: Նրա խոսքով, դժվար է տեսնել միանգամից այդքան Թումանյան ու չհուզվել. «Ես չէի կարող այս հանդիսությանը ներկա չլինել: Հպարտանում եմ, որ կրում եմ այդ ազգանունը եւ համարվում եմ Թումանյանի թոռնուհին»: Ս. Երիցյանը նշեց, որ դժվար էր մեկտեղել բոլոր Թումանյաններին. «Նրանք ապրում են տարբեր երկրներում՝ Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Գերմանիա, Հոլանդիա: Նրանք 23-ն են: Այսօր այստեղ 20-ն է ներկա»:
Միջոցառմանը ներկա էին նաեւ մեծ բանաստեղծի ծոռները՝ բժշկական գիտությունների դոկտոր Արեգ Թոթոլյանը, դպրոցի տնօրեն Անահիտ Թոթոլյանը, ֆիզիկոս Տատյանա Կոլեսնիկովան, դիվանագետ Հովիկ Հարությունյանը, կենսաքիմիկոս Կարինե Ջանջուղաջյանը եւ թոքաբան Սոֆա Թումանյանը: Նրանց հետ ներկա էին նաեւ վերջիններիս թոռները:
Հանդիսության ավարտին բոլոր ներկաներին եւ հավաքված հյուրերին տուն-թանգարանի բակում թումանյանական հաց մատուցվեց, բանաստեղծի խոսքով՝ հաց բոլորին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930