Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԵՐԻՆ

Սեպտեմբեր 14,2010 00:00

Կամ՝ մասնակցեք եւ շահեք

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը մեկնարկել է մեկամսյա ֆոնդահայթաթման «I buy» արշավ, ըստ որի՝ հնարավորություն է տալիս աշխարհի հայերին եւ արտասահմանցիներին «Տաթեւի» վերածնունդ ծրագրում ներգրավվել. «I buy» թարգմանաբար նշանակում է՝ «ես գնում եմ» (ոչ թե գնալ, այլ՝ գնել իմաստով-խմբ.):
Ծրագրի շրջանակներում հիմնադրամը ստեղծել է ինտերնետային կայք՝ www.tatev.am, որտեղ յուրաքանչյուր գրանցվող կարող է դառնալ «I buy» արշավի անդամ եւ մասնակցել հիմնադրամի կողմից խաղարկվող Տաթեւի ճոպանուղու բացման արարողությանը:
Ըստ Ազգային մրցունակության հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զառա Ամատունու՝ նախաձեռնության նպատակն է հնարավորություն ընձեռել աշխարհում սփռված հայերին՝ միանալ, փրկել պատմական վանական համալիրը, զարգացնել տեղական գործարարությունը եւ տնտեսությունը, ինչպես նաեւ զբոսաշրջությունը: «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ ծրագրում, կարող են այս կայքից առցանց գնել «Տաթեւի վերածնունդ» ծրագրի 10 դոլար արժողությամբ ֆոնդահայթայթման տոմս եւ մասնակցել խաղարկությանը»,- ասում է Զ. Ամատունին: Նա տեղեկացրեց, որ 10 ԱՄՆ դոլար արժողությամբ տոմսերից ստացված միջոցները կուղղվեն 50 մլն ԱՄՆ դոլարի ներուժ ունեցող «Տաթեւի վերածնունդ» ծրագրին. «Միեւնույն ժամանակ արշավի նպատակը նաեւ ծրագրի եւ այս դյութիչ տուրիստական ուղղության վրա լույս սփռելն է, այնպես որ, 10 դոլար արժողությամբ տոմսը կարող է նաեւ հնարավորություն ընձեռել շահել 5000 դոլար արժողությամբ նվեր»:
«Տաթեւի վերածնունդ» ծրագրի ֆոնդահայթայթման համակարգող Զարմինե Զեյթունցյանը նշում է. «Երկու հաղթողներ հնարավորություն կունենան ստանալ հրավեր՝ երկու անձի համար եւ մասնակցել 2010 թվականի հոկտեմբերի 16-ին կայանալիք «Տաթեւի վերածնունդ» ծրագրի հանդիսավոր բացման արարողությանը: Որքան շատ տոմսեր գնեն արշավի մասնակիցները, այնքան մեծ կլինի նրանց հնարավորությունը՝ հաղթելու ուղեւորություն դեպի Հայաստան»:
Զ. Զեյթունցյանը հույս հայտնեց, որ ֆոնդահայթայթման ծրագրի արդյունքում նվիրատուները ժամանակ կգտնեն ուսումնասիրել այս պատմական նախաձեռնությունը, կփորձեն իրենց հանգիստը շահելու հնարավորությունը, ինչպես նաեւ ուրիշներին կպատմեն Արեւելյան Հայաստանում մեր երկարաժամկետ ծրագրերի մասին:
Ֆոնդահայթայթման ծրագրի երկու հաղթողները բացառիկ հնարավորություն կունենան բացման օրը երթեւեկել Տաթեւի ամենաերկար ճոպանուղով: Որոտանի կիրճի վրայով 5,7 կմ ձգվող ճոպանուղով առաջինը կերթեւեկեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն:
Ըստ Զ. Զեյթունցյանի՝ ֆոնդահայթայթման այս նախաձեռնությունն ընդամենը մեկն է «Տաթեւի վերածնունդ»  ծրագրում ընդգրկված այն բազմաթիվներից, որոնք ուղղված են համայնքների զարգացմանը: «Եթե ֆոնդահայթայթման ծրագիրն ուղղված է Երեւանում բնակվողներին եւ հայկական Սփյուռքին, վերջին երկու շաբաթների ընթացքում մենք հայտարարել ենք շարադրությունների մրցույթ՝ ճոպանուղու կայանների մոտակայքում բնակվող գյուղացիների համար: Հալիձորի եւ Տաթեւի բնակիչներին հանձնարարվել էր գրել շարադրություն, որով կառաջարկեին անուն՝ ճոպանուղու համար, բացատրելով ընտրության պատճառը: Աշխատանքները գնահատվել են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Հայ առաքելական եկեղեցու եւ ճոպանուղին կառուցող ընկերության ներկայացուցիչների կողմից: Յուրաքանչյուր գյուղից հաղթողները ստացել են նոր համակարգիչ՝ ինտերնետի հասանելիությամբ, երկրորդ եւ երրորդ տեղի հաղթողները ստացել են համապատասխանաբար լուսանկարչական ապարատ եւ DVD նվագարկիչ: Լավագույն աշխատանքները կտեղադրվեն www.tatev.am կայքում, իսկ հաղթողների անունները կնշվեն ճոպանուղու երկու կայաններում»,- հավելեց նա՝ ավելացնելով, որ ճոպանուղու եւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի հետ կապված մեծ սպասելիքներ ունեն: Ցանկանում էինք զարկ տալ տեղացիների երեւակայությանը եւ ստեղծագործականությանը. «Ի վերջո, ներդրումային եւ զբոսաշրջության զարգացման երկարաժամկետ ծրագրերն իրականացվում են նրանց ապագայի համար, որ կարողանան աշխատանք գտնել իրենց իսկ գյուղում, մնալ եւ հարստացնել իրենց տարածաշրջանը, հայրենիքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930