Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏՎԵՔ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆՆԵՐԻՆ ԲՆՈՐՈՇ ՍԱՆՐՎԱԾՔՆԵՐԻՑ

Սեպտեմբեր 16,2010 00:00

Խորհուրդ է տալիս վարսահարդարը

\"\"

«Հայուհիներն իրենց սիրուն մռութը փչացնում են սխալ սանրվածքների ու մազերի վառվռուն գույների պատճառով: Միայն Հայաստանի աղջիկներն են, որ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո վազում են մազերը ներկելու: Ու հիմնականում առանց հասկանալու, եւ ցավոք չկա մեկը, որ նրանց բացատրի, որ պարտադիր չէ 16-17 տարեկան աղջնակը մազերը ներկի: Եվրոպական ոչ մի երկրում նման բան չկա: Այստեղ աղջիկներին թվում է, թե մազերը ներկելով՝ մոդայիկ են դառնում, բայց հիասթափեցնելով  պիտի ասեմ, որ մազ ներկելով՝ ժամանակակցի, գլամուրային կերպար չի ստեղծվում: Եվրոպացիները միշտ ձգտում են այնպես անել, որ իրենց արտաքինի հետ կապված ամեն ինչ բնական լինի, հայերը՝ հակառակը: Ինչու պիտի 17 տարեկան աղջնակը ներկի մազերը, եթե ճերմակ մազեր չունի, որը հիմնական արդարացումն է մազ ներկողների»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց մոսկվաբնակ վարսահարդար Կարենը՝ շեշտելով, որ հայուհիները պետք է ձերբազատվեն մազ ներկելու մոլուցքից: Կարենի խոսքերով, հայուհիները մազերը գույնզգույն ներկելու կարիք չունեն, որովհետեւ հիմա նորաձեւ է այն, ինչ բնական է,  երկրորդը՝ հայուհիները գեղեցիկ են իրենց մազերի մուգ երանգներով: 
«Մի խնդիր էլ կա. ծիծաղելի է, բայց փաստ՝ հայուհիներն այդպես էլ չհասկացան, որ տոնական սանրվածքներով դասի չեն գնում: 6 տարի Հայաստանում չէի եղել, վերադառնալիս կարծում էի, որ այդ երեւույթը վերացած կլինի, բայց պարզվեց՝ ոչ: Մեր սիրելի աղջիկներ, ձեզ ավելի հարմարավետ զգացեք, արձակեք ձեր ձիգ կապած մազերը, ազատվեք առաջին տիկիններին բնորոշ սանրվածքներից,- խորհուրդ է տալիս Կարենն ու հավելում,- հայ աղջիկներ, դուք առանց ավելորդ միլիրովկաների ու բադրջանաժանգագույն երանգների էլ սիրուն եք, պետք չէ աղավաղել ի վերուստ տրված գեղեցկությունը, որը բնորոշ է միայն հայերին: Հայուհիների միայն աչքերն արդեն ամեն ինչ ասում են նրանց գեղեցկության մասին: Պարզ է, որ յուրաքանչյուր կին, աղջիկ պետք է միշտ խնամված, հարդարված մազեր ունենա, բայց խնամված, հարդարված մազերը չի ենթադրում մի քանի գույնի ներկած ու բարձր սանրվածքներ արած գլուխներ»: Մեր զրուցակիցը հումորով պատմեց, որ առավոտյան թիվ 82 երթուղային տաքսի նստելիս, որում հիմնականում ուսանողներ են եղել, տպավորություն է ստացել, որ երթուղայինը հարսանքավորների է տեղափոխում. «Եթե ես հայ չլինեի կամ ծանոթ չլինեի հայկական սովորույթներին, կմտածեի, որ երթուղային տաքսիում գտնվողները հարսանեկան արարողության են շտապում: Ախր մեր աղջիկները ոչ միայն սխալ սանրվածքներ են անում, այլեւ շատ անխղճորեն դիմահարդարվում են. նրանց նայելով մտածում ես՝ երեւի այս աղջիկը իր կյանքում առաջին ու վերջին անգամ է դիմահարդարվել: Հարգելի հայուհիներ, աշխարհի վերջը չի եկել: Ձեզ թեթեւ պահեք: Դիմահարդարվեք, բայց ամեն ինչ չափի մեջ արեք: Շատ ներկվելով չեք գեղեցկանում, այդպես քող եք փռում ձեր գեղեցկության վրա: Դուք ձեր բախտին քար եք գցում…»: Կարենը նաեւ նշեց, որ մազերի հետ կապված՝ հայուհիների թույլ տված սխալների հարցում իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ վարսահարդարները:
Կարենի փոխանցմամբ, անկախ այն բանից, թե որ սանրվածքը կամ գույնն է նորաձեւ, մազերի մուգ երանգները միշտ շարունակում են մնալ իրենց բարձր դիրքերում: Այս աշնանը եւս սեւը, դրա երանգներն ու մուգ շագանակագույնը կլինեն ամենանորաձեւը: Իսկ ինչ վերաբերում է սանրվածքներին, ապա ըստ Կարենի, ամենանորաձեւը երկար մազերն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել