Լրահոս
Օրվա լրահոսը

Բոքսերը «բոքսեց» Բրայզային

Սեպտեմբեր 23,2010 00:00

\"\"Երեւանի ժամանակով կեսգիշերն անց նախագահ Օբամայի կողմից առաջադրված դիվանագետի թեկնածությունը քվեարկության դրվեց Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդմամբ, հայամետ երկու սենատորները՝ Ռոբերտ Մենենդեսը եւ Բարբարա Բոքսերը, կրկին ընդդիմացել են եւ դեմ քվեարկել՝ քննադատելով Բրայզայի սերտ կապերը Ադրբեջանի իշխանությունների հետ եւ մատնանշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում թույլ տված նրա բացթողումները։ Չնայած սենատորների մտահոգություններին՝ հանձնաժողովի 19 անդամներից 17-ը կողմ է քվեարկել Բրայզայի թեկնածությանը։ Հիասթափություն հայտնելով քվեարկության արդյունքներից՝ ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունը, այդուամենայնիվ, պնդում է, թե այն կանխատեսելի էր։ «Այն թեկնածուները, որ գալիս են Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջեւ, ընդհանրապես անցնում են: Շատ քիչ տոկոսն է, որ դրական ձեւով հանձնաժողովի այս փուլը չի անցնում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:
Շատերի համար, սակայն, անկանխատեսելի էր Կալիֆոռնիայից ընտրված սենատոր Բարբարա Բոքսերի հաջորդ քայլը. Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած քվեարկությունից մի քանի ժամ անց, երբ Միացյալ Նահանգներում ադրբեջանական կազմակերպությունները եւ ադրբեջանամետ սենատորները դեռ շարունակում էին շնորհավորել Մեթյու Բրայզային, Բոքսերը հայտարարեց, թե կասեցնում է նրա նշանակումը։ «Այդ քայլը փաստացի նշանակում է, որ հարցը Սենատի լիագումար նիստի օրակարգ կմտնի միայն այն ժամանակ, երբ Բարբարա Բոքսերը կփոխի իր դիրքորոշումը Բրայզայի թեկնածության շուրջ եւ կդադարեցնի առկախումը»,- պարզաբանում է Չուլջյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել