Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՄԱՅԻՉ ՕՊԵՐԱՅԻՆ ԵՐԳՉՈՒՀԻՆ՝ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԿԵՐՊԱՐՈՎ

Սեպտեմբեր 23,2010 00:00

Շվեյցարաբնակ Վարդուհի Խաչատրյանը շարունակում է զարմացնել

\"\"
Վարդուհի Խաչատրյանը եւ Աննա Մանդալյանը թե Հայաստանում,
թե Եվրոպայում անբաժան են միմյանցից:

Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ Վերադարձի դասական երաժշտության 4-րդ փառատոնի հանդիսավոր բացումը, որից հետո «Օպերային դիմակներ» համերգային ծրագրով հանդես եկան օպերային ճանաչված երգչուհի, շվեյցարաբնակ մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը եւ դաշնակահարուհի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Աննա Մանդալյանը:
«Առավոտի» հետ կարճատեւ զրույցի ընթացքում փառատոնի հիմնադիրներ Մարիամ Շահինյանը եւ Գարիկ Նազարյանը հայտնեցին, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության շարունակական հոգածության եւ աջակցության շնորհիվ է, որ արդեն ավանդական դարձած փառատոնը այս տարի եւս հնարավորություն է ընձեռում ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ Գյումրիի եւ Վանաձորի հանդիսատեսին առնչվելու դասական երաժշտության գլուխգործոցների հետ:  Մինչեւ հոկտեմբերի 17-ը կայանալիք փառատոնային համերգներում արեւմուտքում ճանաչված երաժիշտների թվում հանդես կգան նաեւ աշխարհի լավագույն համերգային սրահների եւ թատրոնների ցանկալի հյուր հայազգի արվեստագետները, այդ թվում՝ դաշնակահարներ Վահագն Պապյանը (Իսրայել), Գարրի Եպրիկյանը (Ռուսաստան), ջութակահարուհի Անի Աղաբեկյանը (Գերմանիա), ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը (Շվեյցարիա) եւ այլք:
Անդրադառնալով փառատոնային առաջին համերգին, նշենք, որ  մասնագետները դժվարացան հիշել նման մի երեկո: Վերջինս առանձնահատուկ էր տրավեստիների համար գրված արիաների կատարումներով, որտեղ երգչուհին կերպարանափոխվելով եւ մտնելով տղամարդկանց կերպարների ու արիաների յուրատիպությունների մեջ, կարողացավ ցուցաբերել պրոֆեսիոնալ բարձր վարպետություն եւ տղամարդուն հատուկ ձայնածավալային նրբերանգների բազմազանություն:  Առաջին բաժնում հնչեցին ծանոթ ու սիրված արիաներ Վիվալդիի, Ռոսինիի, Մասնեի եւ այլ կոմպոզիտորների հայտնի օպերաներից, իսկ երկրորդում՝ անչափ հմայիչ Վարդուհի Խաչատրյանը ներկայացավ տղամարդու կերպարով՝  ֆրակով, մեկնաբանելով Գունոյի, Օֆենբախի, Մոցարտի եւ այլ  երեւելիների օպերաների «տղամարդկային» արիաներ:
2000-ականների սկզբից Իտալիայում, իսկ 2007թ. Ժնեւում ապրող  ու ստեղծագործող երգչուհին մեզ հետ զրույցում  ասաց, որ վերջին շրջանում Իտալիայում, Ճապոնիայում, Բելգիայում, Ֆրանսիայում հանդես է եկել տղամարդու դերերգերով, օրինակ, Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունում»՝ Կերուբինոյի, Մոնտեվերդիի «Պոպեայի թագադրությունում»՝ Ներոնի, Գունոյի «Ռոմեո եւ Ջուլիետում»՝ Ստեֆանոյի եւ այլ դերերգերով: «2011թ. Փարիզի Շատելյե օպերային թատրոնում հանդես կգամ Ուրբաթի դերերգով՝ Օֆենբախի «Ռոբինզոն Կրուզո» օպերային ներկայացման մեջ: Իմ հաջողությունները պայմանավորված են ֆրանսիացի եւ իտալացի իմպրեսարիոներիս՝ Վերոնիկ Վալրեյի եւ Ջորջիո Բենատիի գործունեությամբ»,- հայտնեց Վ. Խաչատրյանը: Իսկ թե ինչու են հմայիչ կնոջը այդքան ձգում տղամարդու կերպարները, երգչուհին կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց. «Գուցե ձանձրացել եմ հաճոյախոսություններից…»: Դաշնակահարուհի Ա. Մանդալյանն էլ հակադարձեց նրան, ասելով, թե Վարդուհին տղամարդու կերպարում էլ է գրավիչ: Հիշեց նաեւ, որ երգչուհու հետ համագործակցում է 1996 թվականից, համերգներով էլ հանդես են եկել ոչ միայն Հայաստանում, այլեւ եվրոպական մի շարք երկրներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930