Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատրյանական տրիոն՝ Հարությունյանի հոբելյանին

Սեպտեմբեր 28,2010 00:00

\"\"Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Արամ Խաչատրյանի անվան տրիոն կկատարի բացառապես հոբելյարի՝ Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները: Երեկվա ասուլիսում տրիոյի անդամները խոստացան՝ 2 մասից բաղկացած համերգը լի է անակնկալներով, ներկայացվելու են կլառնետի, ջութակի եւ դաշնամուրային կատարումներ: Դաշնակահար Արմինե Գրիգորյանի խոսքով՝ նախատեսել են նաեւ համահեղինակային ստեղծագործություններ. «Հայկական ռապսոդիա» երկու դաշնամուրի համար, սա մի գործ է, որը ստեղծվել է 1976 թվականին՝ երկու տաղանդավոր կոմպոզիտորների՝ Հարությունյանի ու Բաբաջանյանի երկարատեւ ու եռանդուն աշխատանքի արդյունքում»:
Ջութակահար Կարեն Շահգալդյանն էլ անկեղծացավ. «Համերգը ոչ այնքան հոբելյանական, որքան ջերմ ու համեստ միջոցառում է լինելու, պարզ ու հարազատ միջավայրում»: Երաժշտասերները հնարավորություն ունեն համերգին հետեւել նաեւ online՝ www. khachaturiantrio.com հասցեով: Հայ երաժշտությունը պրոպագանդելու նպատակով, տրիոն որոշել է կատարել կոմպոզիտորի անծանոթ կամ հազվադեպ հնչող ստեղծագործությունները: Տրիոյի գործընկեր, սփյուռքահայ գրող Ասատուր Գյուզելյանն էլ գործընկերոջ, լավ բարեկամի հոբելյանին նվիրված համերգից առաջ եւս մեկ անգամ մտաբերեց իրենց բարեկամության արմատները. «1963-ից մտերիմ ընկերներ ենք ու հիացած եմ նրա արվեստով»: Պարոն Գյուզելյանը չանտեսեց նաեւ տրիոյի հաջողությունները. «Վերջերս համերգներ եղան Բուլղարիայում եւ Միացյալ թագավորությունում՝ հանդիսատեսը հիացած էր տրիոյի արտակարգ կատարումներով: Սա աշխարհի լավագույն 5 տրիոներից մեկն է»: Նա նաեւ նշեց, որ առաջիկայում տրիոն մեկնելու է Ավստրիալիա՝ հայտնի երաժիշտների հետ նույն բեմում հանդես գալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել