Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է

Հոկտեմբեր 01,2010 00:00

\"\"Ըստ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի, չի բացառվում, որ Մոսկվայի քաղաքապետի աթոռից Լուժկովի հեռացման արձագանքները հասնեն Հայաստան:

Օրերս Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն առայժմ Հայաստանի եւ հայաստանցիների համար ռեալ վտանգներ չի տեսնում ՌԴ-ում վերջերս ավելի գրավիչ տեսքի բերված «Հայրենակիցների մասին» օրենքից, որով ներգաղթողներին տրվելու է 10-15 հազար դոլար գումար, տուն, կացության իրավունք: Այդ ծրագրի շրջանակում արդեն 5000 մարդ պատրաստվում է մեկնել Հայաստանից: Նա չափազանցված համարեց «Առավոտի» հարցը՝ այդ ամենն արվում է ՀՀ-ն առանց հայերի ստանալո՞ւ, թե՞ Հայաստանն Արեւմուտքի ազդեցությունից հանելու համար: «Պարզապես, աշխարհաքաղաքական առումով ՌԴ-ում հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ իսկապես «շունը տիրոջը չի ճանաչում»: Ոչ ոք մինչեւ վերջ չի հասկանում, թե ռուսներն ինչ են անում: Ուստի չարժե հիմա դա դիտարկել որպես ծայրից ծայր խնդիր, որպես գիծ: Բայց անհանգստության նախանշաններ կան. նաեւ նմանատիպ բաները Կովկասում բերում են լուրջ խժդժությունների»,- ասում է Արամ Կարապետյանը: Նա չի վիճարկում, ավելին, ընդունում է, որ հարցի նախապատմության ընթացքում մի լուրջ սպառնալիք, այնուհանդերձ, հնչեց նախագահի հավակնություններով ՌԴ վարչապետ, նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, ով հայտարարեց, որ կովկասյան տարածաշրջանում վատ ապրող մարդկանց համար միգուցե կարելի է արտագաղթ կազմակերպել: Բայց այդ հայտարարությունը Կովկասում շատ վատ ընդունվեց, եւ Արամ Կարապետյանի կարծիքով՝ խնդիրը փակված է: ՆԺԿ նախագահը հիշում է ստալինյան ժամանակաշրջանում հայերին Ալթայի երկրամաս տեղափոխելու առաջարկի եւ ծրագրի մասին ու հիշեցնում կաթողիկոսի խոսքերը, ով ասել էր՝ եթե կարող եք Էջմիածինը տեղափոխել՝ խնդրեմ: Արամ Կարապետյանը կասկած անգամ չունի, որ 7 հազար տարեկան ազգը չի կարող նմանատիպ ծրագրերի կամ առաջարկների զոհ դառնալ: Նրա համոզմամբ, մենք ավելի շատ վնասներ ենք կրում մեր օլիգարխիկ իշխանությունից, քանի որ դրա արդյունքում էլ ավելի շատ են Հայաստանը լքում, քան մնացած բոլոր ծրագրերով:

Ընդհանրապես, ՌԴ-ի վերջին քայլերը Հարավային Կովկասում Արամ Կարապետյանին անհասկանալի են՝ բացի ՀՀ-ի հետ կնքված վերջին պայմանագրից, որը ռազմական առումով ՆԺԿ ղեկավարը Հայաստանի համար «շատ ձեռնտու» է համարում: Բայց մեր զրուցակիցը չի կիսում տեսակետը, որ ՌԴ-ն զինելով եւ Ադրբեջանին, եւ ՀՀ-ին՝ ցանկանում է պատերազմ հրահրել ԼՂՀ հարցում. «Առաջիկայում ես «Առավոտի» միջոցով կխոսեմ այն մասին, թե ինչ է քննարկվել հունիսի 6-7-ին Վինդենբերգյան ակումբում, ինչ է վերաբերվել Հայաստանին, Ադրբեջանին, Ղարաբաղին, Անդրկովկասին ու Իրանին ու ինչ է որոշվել: Մեծ պատերազմ է նախատեսվում, որտեղ ընդգրկվելու են Իրանը, Թուրքիան, ՌԴ-ն, ներքաշվելու են ՀՀ-ն, Ադրբեջանը, Վրաստանը: Ես կարծում եմ՝ հրահրողը ՌԴ-ն չէ: Ընդհակառակը՝ ՌԴ-ն տարբեր քայլեր է ուզում ձեռնարկել՝ այդ պատերազմը հնարավորինս ետ գցելու համար, քանի որ այդ պատերազմի ուսերին տարածաշրջան է մտնելու ՆԱՏՕ-ն: Ու հենց այս պարագայում է անհասկանալի ռուսական քաղաքականությունը: Իրենք ուզում են ամրապնդվել, բայց փորձը ցույց է տալիս, որ արված քայլերով էլ ավելի շիլա-շփոթ են ստեղծում»:

Թեեւ 2012-ի խորհրդարանական ընտրություններին դեռ բավականին ժամանակ կա, հայաստանյան քաղաքական ուժերը վերջին մեկ ամսվա ընթացքում սկսել են նախընտրական թոհուբոհը: Որո՞նք են լինելու ՆԺԿ-ի քայլերը: Արամ Կարապետյանն իրեն թույլ է տալիս նկատել, որ մեր գործիչներից ոչ բոլորն են տեղեկացված ռեալ իրավիճակից եւ զարգացումներից, դրա համար էլ հայտնվել են այդ թոհուբոհում: Արտահերթ ընտրությունների օբյեկտիվ պայմաններ ՆԺԿ նախագահը Հայաստանում տեսնում է, բայց սուբյեկտիվ գործոնները՝ քաղաքական պահ, լիդեր, ընդվզող ժողովուրդ եւ այլն, ըստ նրա, «դեռ մինչեւ վերջ նախապատրաստված եւ գործնական հողի վրա չեն»: Ուստի նա հավատացնում է, որ ՆԺԿ-ն այդ առումով իր հստակ ժամանակացույցն ունի եւ «ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին հանդես կգա, եւ հավատացեք, որ շատ մեծ դեր կունենա»:

Քանի որ ՆԺԿ ղեկավարը նոր է վերադարձել ՌԴ-ից, հետաքրքրվեցինք նաեւ, թե «առաջին ձեռքից» ի՞նչ տեղեկություններ ունի՝ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի շուրջ ծավալվող իրադարձություններից հայ գործարարները շա՞տ կտուժեն: Նա խորհուրդ տվեց սպասել հետագա զարգացումներին: Եթե իրադարձությունները շարունակեն զարգանալ ընդդեմ Լուժկովի, ապա 15-20 հայազգի գործարարների հետ կապված խնդիրներ են ծագելու՝ անուններ են հնչելու, գործարքներ են բացահայտվելու: Ավելին, չի բացառվում, որ այդ խնդիրների մի մասը «գալու» է Հայաստան, քանի որ համատեղ բիզնեսներ են եղել, շինարարություն է ծավալվել եւ այլն: Թեեւ «AFK սիստեմա» ընկերության անունը չի շոշափվում, որի բաժնետերերից մեկն էլ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, բայց նկատի ունենալով, որ այն պատկանում է Լուժկովի կնոջ քրոջ ամուսնուն, չի բացառվում, որ այստեղ էլ հարցեր ծագեն, քանի որ ՌԴ նախագահը խոսեց կոռուպցիայի եւ կլանայնության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել