Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ

Հոկտեմբեր 05,2010 00:00

\"\"ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական էներգետիկ հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը բացահայտո՞ւմ է փոխզիջման էությունը:

«Ես ջերմ զգացումներ ունեմ Հայաստանի նկատմամբ: Ամոթ է, որ Հայաստանը մաս չի կազմում այդ նախագծերին: Եթե ինչ-որ եղանակով համաձայնություն կայանա, Հայաստանը կարող է տարածաշրջանի լիիրավ մաս դառնալ, եւ դա բոլորի շահերից է բխում: Դա ժամանակ կպահանջի, բայց, ի վերջո, Հայաստանը ներկա կլինի տարածաշրջանային էներգետիկ եւ տնտեսական բոլոր նախագծերում»,- Ստամբուլում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական էներգետիկ հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը՝ անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանը ԼՂ հակամարտության առկայության պատճառով դուրս է մնացել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերից: Խոսքը, մասնավորապես, Nabucco ծրագրի մասին է, որի ակտիվ կողմնակիցն է ԱՄՆ-ը: Հիշեցնենք, որ այդ նախագծով նախատեսվում է միջինասիական գազը Թուրքիայի տարածքով հասցնել Եվրոպա՝ տարեկան 31 մլրդ խմ: Ամերիկացի պաշտոնյան հերքել է կարծիքը, թե Թուրքիայի կառավարությունում Nabucco-ի եւ ռուս-թուրքական «Հարավային հոսք» գազային նախաձեռնության մասնակցության առումով հակադրություն կա: Մորնինգսթարը նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ը չի անհանգստանում Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ էներգետիկ ոլորտում ակտիվացող համագործակցությունից:
Ամերիկացի պաշտոնյայի նման ջերմ զգացումներն առ Հայաստան, մեղմ ասած, զարմանալու առիթ են տալիս: Ի՞նչը ստիպեց ԱՄՆ-ի նման գերտերությանը հանկարծ ջերմությամբ լցվել Հայաստանի նկատմամբ՝ այն պարագայում, երբ ղարաբաղյան հարցի շուրջ, կարծես, նորից կրքերը սկսում են ակտիվանալ: Մինչ այժմ էլ տարածաշրջանում ծրագրեր իրականացան՝ Հայաստանի մասին կարծես ոչ ոք այդպես էլ չհիշեց, մասնավորապես, Բաքու-Ջեյհանը, որն ի հեճուկս պոռոտախոս հայ պաշտոնյաների՝ դարձավ իրականություն եւ՝ առանց Հայաստանի: Չի բացառվում, որ իրականանա ադրբեջանա-վրացա-թուրքական մեկ այլ՝ Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը: Իսկ այն, որ ամերիկացի պաշտոնյան հայի ականջին հաճո հայտարարություն է անում, այն էլ՝ Ստամբուլում եւ հենց այն օրերին, երբ մեկնարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելությունն ազատագրված տարածքներում, որ ԱՄՆ-ը խանդով չի վերաբերվում թուրք-ռուսական էներգետիկ սիրախաղերին եւ այդ մասին հայտարարում է բարձրաձայն՝ հայ ազգայնականները եւ «ոչ մի թիզ հող»-ի կողմնակիցները հետեւություններ պետք է անեն: Չի բացառվում, որ գերտերություններն արդեն ղարաբաղյան հակամարտության լուծման հետքի վրա են եւ բարձրաձայն հայտարարում են այն մասին, թե ինչ նկատի ունեն, երբ ասում են, որ հարցը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա:
Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանն ասաց, որ միանշանակ ողջունելի է ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական էներգետիկ հարցերով հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարի՝ Ստամբուլում կատարած հայտարարությունը, որ Հայաստանը պետք է մասնակցի տարածաշրջանային բոլոր կոմունիկացիոն էներգետիկ ծրագրերին. «Հայաստանի տարածաշրջանային մեկուսացման վտանգի մասին բազմիցս բարձրաձայնել եմ ինչպես տեղական մամուլում, այնպես էլ մի շարք միջազգային գիտաժողովներում՝ պնդելով, որ դատապարտելի է պետությունների միջեւ խտրականություն նախատեսող եւ Հայաստանը շրջանցող ցանկացած տարածաշրջանային բնույթի նախաձեռնություն: Վստահ եմ, որ ԵՄ էներգետիկ անվտանգությունը այն ոլորտն է, որտեղ համընկնում են Հարավային Կովկասի բոլոր պետությունների եւ Արեւմուտքի շահերը, եւ ուզում եմ հույս հայտնել, որ ԱՄՆ այս դիրքորոշումը կունենա բավականաչափ ներուժ Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղություն ու կայունություն հաստատելու եւ ինտեգրացիոն գործընթացներ նախաձեռնելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել