Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՏԻՍՆ» ԱՅՍ ՏԱՐԻ ԱՆՀԱՄԵՄԱՏ ՀԶՈՐԱՑԵԼ Է

Հոկտեմբեր 06,2010 00:00

\"\"Երեկ Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային ակումբը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում ակումբի ղեկավարությունն ու թիմի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանն անցած մեկ տարում կատարված աշխատանքի յուրօրինակ հաշվետվություն ներկայացրին, խոսեցին նոր ծրագրերի մասին:

Լրագրողներին բաժանված հաղորդագրությունում նշված էր, որ ներկայումս Հայաստանի չեմպիոնը նախապատրաստվում է հոկտեմբերի 27-ին մեկնարկող Եվրոգավաթի 2010/11 թթ. խաղարկությանը, որի շրջանակներում «Հատիսն» այդ օրը Նովոսիբիրսկում հյուրընկալվելու է տեղի «Դինամո ԳՈՒՎԴ»-ին, իսկ նոյեմբերի 4-ին Երեւանում ընդունելու է Իսրայելի «Էլիտզուրին»: Հենց այս երեք թիմերն էլ պայքարելու են փլեյ-օֆֆի երկու ուղեգրերի համար:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի փոխանցմամբ, «Հիմնադրվելով անցած տարի՝ «Հատիս» ակումբը բոլորի համար նորություն էր, ու ժողովուրդն էլ, կարծես, չէր հավատում, որ բասկետբոլը կարող է այսքան կարճ ժամանակահատվածում այսպիսի հաջողություններ գրանցել: Բայց մենք ցույց տվեցինք եւ ապացուցելու ենք, որ «Հատիսը» շարունակական բնույթ է կրում եւ դառնում է հայկական սպորտի եւ առօրյայի անբաժան մասնիկը»: Իսկ ակումբի խորհրդի անդամ Րաֆֆի Նիզիբյանը հակիրճ ներկայացրեց ակումբի գործունեությունը. «Անցնող այս տարին ցույց տվեց, որ խմբային աշխատանքն արագ է առաջ ընթանում: Իսկ այդ դեպքում սպասումներն էլ շատ են: Մենք բազմաթիվ նամակներ ենք ստանում թե Հայաստանից եւ թե Սփյուռքից, անգամ՝ հրավերներ: Այնպես որ, աշխուժություն կա: Այս ամենը հնարավոր է դարձել եւ դրա համար ուրախ ենք, որ մեր կողքին կան բարերար մարդիկ, կազմակերպություններ, ինչպիսիք են «ՎիվաՍել ՄՏՍ»-ը, որ մեկ տարի մեզ օգնում է, «Պուման», որ այս տարի մեծ աջակցություն ցույց տվեց: Բայց մենք ունենք տակավին մեծ գործունեությունների ծրագրեր: Օրինակ, պատրաստել ենք «Հատիսի» պատմության մասին ֆիլմ, որը շուտով կցուցադրվի եթերում: Այս ծրագրերն իրականացնելու համար մեզ նաեւ նոր գործընկերներ են հարկավոր: Այս տարի ակնկալում ենք, որ «Հատիսը» եւ նրա հետ մեկտեղ նաեւ թիմային սպորտը կզարգանա: Տեղեկացնեմ նաեւ, որ «Հատիսում» մենք արդեն ունենք արտասահմանից հրավիրված խաղացողներ, որոնք ցույց են տվել իրենց կարողությունները»:
Հրաչյա Ռոստոմյանը պարոն Նիզիբյանի ասածներում որոշակի ճշգրտում մտցրեց. «Նախ, «ՎիվաՍել ՄՏՍ»-ը «Հատիսի» գլխավոր հովանավորն է, «Պուման»՝ մեր լավ գործընկերը: Եվ եթե երկրորդի հետ անցած տարի մեր համագործակցությունն ավելի շատ ընկերական էր, այս տարի այն ավելի է լրջացել, խորացել ու ընդլայնվել: Պիտի անպայման նշեմ նաեւ «Գոլդ Ջիմին», որը հովանավորչական կարգով ակումբին տրամադրում է իր լողավազանը, վարժասարքերը, ինչպես նաեւ «Զուլալ» ջրերի գործարանին: Ինչպես գիտեք, ամեն մի թիմ ըստ կարգի իր ջուրը պետք է ունենա: Եվ այս հարցի լուծումը մեր թիմի համար ստանձնել է այս գործարանը: Մենք ունենք նաեւ ինֆորմացիոն հովանավորներ՝ «Հանրային հեռուստաընկերությունը» եւ «Հանրային ռադիոն», ինչպես նաեւ, ի դեմս ձեզ՝ ընդարձակ լրատվական դաշտ, ինչի համար բոլորս շնորհակալ ենք: Բայց այս ամենով սահմանափակվել հնարավոր չէ: Անհրաժեշտ են հավելյալ գումարներ եւ ներդրումներ, որոնց հայթայթման գործերով զբաղվում ենք: Վստահ եմ, որ ամեն բան լավ կլինի»:
Այնուհետեւ սկսվեցին հարցերը, որոնց պատասխանեցին գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանն ու Հրաչյա Ռոստոմյանը:
– Անցած տարվա «Հատի՞սն» է ավելի ուժեղ, թե՞ այս տարվա:
– Գ. Ղ. Միանշանակ պատասխանելը դժվար է: Ժամանակը ցույց կտա: Բայց, իմ կարծիքով՝ այս տարվանը:
– Հ. Ռ. Անցած տարի չէի թաքցնում եւ հարցազրույցներում նշում էի, որ փորձ չունենք եւ վրիպումներ անպայման եղել ու լինելու են: Այս տարի աշխատել ենք դրանք հասցնել նվազագույնի: Եվ եթե իմ կարծիքն էլ կուզենաք լսել եւ Գիան էլ որպես մարզիչ դա փաստեց, իմ կարծիքով՝ այս թիմն անհամեմատ ավելի զորեղ է:
– Եվրոգավաթի մեր մրցակիցներին ծանո՞թ եք եւ ո՞վ է ֆավորիտը:
– Գ. Ղ. Վիճակահանության ավարտից հետո մտածում էինք, որ մեր բախտը բերել է, որովհետեւ մեզ բաժին են հասել թիմեր, որոնք չեն մասնակցել Եվրոգավաթի նախորդ խաղարկությանը: Սակայն «Էլիտզուրը» վերջերս շատ լուրջ ձեռքբերումներ է ունեցել՝ գնելով մի քանի բարձրակարգ խաղացողներ, որոնք հանդես են գալիս Իսրայելի ազգային հավաքականում:
– Այդուհանդերձ, այս տարի «Հատիսի» առջեւ ի՞նչ խնդիրներ են դրված:
– Գ. Ղ. Համենայնդեպս, առնվազն անցած տարվա արդյունքը համարել նվազագույն առաջադրանք:
– Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն իր մամուլի ասուլիսում հայտարարեց, որ հիմնականում լեգեոներներով համալրվող «Հատիսի» օրինակը խանգարում է բասկետբոլի զարգացմանը, եւ որ հավաքական հրավիրվում են հիմնականում փողով խաղացող բասկետբոլիստներ: Ի՞նչ կասեք այդ մասին:
– Հ. Ռ. Ինքս էլ եմ կարդացել այդ ասուլիսի մասին նյութերը: Ինչի՞ մասին է խոսքը, երբ «Հատիսից» առաջ Հայաստանում բասկետբոլով զբաղվում էր ընդամենը չորս հազար երեխա, իսկ հիմա մարզվում է մոտ ինը հազարը: «Հատիսի» խաղերին տրիբունաները լեփ-լեցուն են լինում, եւ հանդիսականներից ոչ ոքի զոռով չեն բերում՝ մարզպետարանների աշխատակիցներին՝ աշխատանքից, դպրոցականներին՝ դասերից չեն հանում ու այդպես տրիբունաները փորձում լցնել: Հիմա ինքներդ որոշեք, թե «Հատիսի» օրինակը բասկետբոլի զարգացմանը հանրապետությունում օգնո՞ւմ է, թե՞ ոչ: Եվ հարցի երկրորդ մասի պատասխանը: Հենց հիմա այստեղ է «Հատիսի» եւ Հայաստանի հավաքականի անդամ Քրիստինե Քեփենեկյանը: Նա եկել է Ամերիկայից եւ «Հատիսի» կազմում նորամուտը նշել Կուրսկի մրցաշարում: Բոլորիդ ներկայությամբ եմ նրան հարցնում. դեպի Հայաստան օդանավի տոմսի գումարը դո՞ւ ես վճարել, հավաքականում խաղալու համար դու գումար ստացե՞լ կամ ստանալո՞ւ ես: («Օդանավի տոմսի գումարը ես չեմ վճարել, իսկ իմ երկրի հավաքականում խաղալու համար ոչ մի գումար էլ չեմ ստանում»,- պատասխանեց բասկետբոլիստուհին: Ա. Հ.): Կարծում եմ, ձեր հարցի պատասխանը տրվեց: Ոչ Քրիստինեին, ոչ էլ մյուս հրավիրվածներին հավաքականում խաղալու համար գումար չենք տվել: Թեեւ, եթե հավաքականն ունենար ֆինանսական միջոցներ, պետք է վճարվեին, բոնուսներ ստանային, որովհետեւ նրանք պրոֆեսիոնալ մարզիկներ են, եւ այդ կարգը գործում է ամբողջ աշխարհում: Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնց մոտ մի բան չի ստացվում, նման հայտարարություններ անելուն թեթեւ ենք նայում եւ առաջարկում ենք` թող դիմեն, խորհուրդ հարցնեն: Եվ ամենայն լրջությամբ եմ ասում, որ կօգնենք թե ճիշտ աշխատելու, թե եղած գումարները նպատակային ծախսելու, թե ճիշտ լեգեոներներ գտնել-բերելու, թե ճիշտ միջոցառում կազմակերպելու հարցերում:
– Ասացիք ճիշտ լեգեոներներ ընտրելու մասին: «Հատիս» հրավիրվածներն ովքե՞ր են:
– Բարձրակարգ բասկետբոլիստուհիներ, որոնք եկել են եվրոպական առաջատար թիմերից, խաղացել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում: «Հատիսն» արդեն 14-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում՝ կրկին հրավիրված հատուկ ֆիզպատրաստականության մարզչի ղեկավարությամբ: Նա ամերիկյան դպրոցի ներկայացուցիչ է եւ մասնագիտացած է զուտ բասկետբոլի մեջ, որի աշխատանքի արդյունքը երեւաց Կուրսկի միջազգային մրցաշարում: Այնտեղ մեր աղջիկները սպասվածից շատ ավելի լավ հանդես եկան: Եվ վերջում ավելացնեմ, որ վաղը ժամանելու է նաեւ Կանադայի ազգային հավաքականի առաջատար խաղացողներից մեկը, որն աշխարհի առաջնությանը մասնակցելու պատճառով է միանում թիմին:
– Բոյանա Վուլիչի անունն ինչո՞ւ է բացակայում թիմի կազմից:
– Գ. Ղ. Նա լավ պայմաններով պայմանագիր է ստորագրել Ֆրանսիայի ակումբներից մեկի հետ:
– «Հատիսը», փաստորեն, ինտերնացիոնալ թիմ է: Ո՞վ է ավագը:
– Գ. Ղ. Աննա Պոկոյովան, որն անցած տարվանից է մեզ մոտ եւ եկել է Ուկրաինայից:
Ասուլիսի ընթացքում հնչեցին նաեւ բազմաթիվ այլ հարցեր, որոնց տրվեցին հանգամանալից պատասխաններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել