Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղտնիքը՝ հայկական կովերն են

Հոկտեմբեր 06,2010 00:00

Պաղպաղակ՝ ամբողջ ձմեռ

\"\"«Մարոժնիանոցի» մշակույթը երեւանցիների մեջ պահպանելու նպատակով երեկ «Մարիոթ» հյուրանոցային համալիրի ներսում բացվեց պաղպաղակի անկյուն՝ «Scooop» սրճարան եւ վաճառքի կետ: Ի դեպ, հենց «Scooop»-ում էլ պաղպաղակը արտադրվում է:
«Մարիոթ» հյուրանոցի վաճառքի եւ մարքեթինգի տնօրեն Զոլտան Կոնշանսկիի փոխանցմամբ, պաղպաղակն արտադրվում է միայն բնական հումքերով եւ վաճառվելու է միայն իրենց մոտ՝ «Scooop»-ում. «Պաղպաղակը հենց այդպես էլ կոչվում է՝ «Scooop»: Մեր նպատակն է՝ երեւանցիներին պարգեւել եւս մեկ հաճելի վայր, որտեղ հնարավորություն կունենան եւ իրենց ժամանցն անցկացնել, եւ երեխաներին ուրախացնել»:
\"\"Հարցին՝ ինչո՞ւ է «Scooօp»-ն իրենց մոտ գրված երեք o-ով, երբ քերականորեն երկու o-ով է, պարոն Կոնսանզկին պարզաբանեց. «Դա միտումնավոր է արված: Պաղպաղակները միշտ գնդակներով են մատուցվում, չէ՞, ու սովորաբար երկու գնդակով, մենք էլ որոշեցինք փոխել այդ սովորությունը: Մեր կարգախոսն է՝ երկուսը քիչ է: Թող երեք լինի, որ երեխաները չդժգոհեն, թե քիչ է»:
Թե ինչո՞ւմ է «Scooop»-ի գաղտնիքը, ըստ տնօրենի՝ բնական հումքերը եւ հայկական կովերը. «Ամեն ինչ բնական ու հայկական է, մրգերը, կարագը, կաթը: Այսինքն՝ չենք կեղծելու ոչինչ: Բացումը կազմակերպեցինք պաղպաղակի սեզոնի ավարտին, բայց դա ուղղակի զուգադիպություն էր: Կարծում եմ՝ յուրաքանչուր պաղպաղակ ուտող երեխայի ժպիտ արեւի է նման: Այնպես որ՝ ողջ ձմեռ Հանրապետության հրապարակում արեւ է տիրելու»:
Բացման արարողությունը կատարվեց «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության սաների աջակցությամբ, ովքեր էլ առաջինը համտեսեցին «Scooop»-ի պաղպաղակը: 8-ամյա Սարգիսը պաղպաղակ շատ է սիրում: Իր խոսքով՝ «բոլոր մարոժնիներն էլ սիրում եմ ու էլի կուզենամ գալ այստեղ»: 13-ամյա Մարին էլ նշեց. «Չնայած արդեն ցուրտ է եւ պապաղակ տեսնելիս մրսում ես մեկ-մեկ, բայց այնքան շատ եմ սիրում, որ ամառ թե ձմեռ չեմ հրաժարվի»:
«Օրրան» բարեգործական կազմակերպության մամուլի պատասխանատու Սուսաննա Մանուկյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ «Մարիոթ» հյուրանոցի հետ իրենց համագործակցությունը մշտական բնույթ է կրում. «Սա առաջին անգամ չէ, որ մեր երեխաների մասնակցությամբ է «Մարիոթում» բացվում ինչ-որ սրահ, կամ անցկացվում են միջոցառումներ: Այստեղ են տեղի ունենում մեր ամենամյա ճաշկերույթները: Բացի այդ, ամեն տարվա օգոստոսին հյուրանոցը, կարելի է ասել, գտնվում է մեր սաների տիրապետության տակ. այսինքն՝ տարբեր սրահներում բացվում են մեր սաների ձեռքի աշխատանքների, նկարների ցուցահանդեսները»:
Նշեմ նաեւ, որ «Scooop» այցելող երեխաներին, պաղպաղակից բացի, երեկ նվիրեցին «Scoօp» ծաղրածուի կերպարանքով եւ «Մարիոթի» նշանով արձանիկներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել