Լրահոս
Օրվա լրահոսը

Նպաստել դեպքի հետաքննությանը

Հոկտեմբեր 09,2010 00:00

\"\"Երեկ ՀՀ ԱԺ խմբակցությունները նամակ են հղել միջազգային կառույցների ղեկավարներին: Նամակում, մասնավորապես, ասված է. «Հոկտեմբերի 5-ին՝ գիշերվա ժամը 3-ին, Ադրբեջանում մահացել է Հայաստանի սահմանամերձ գոտուց առեւանգված քաղաքացիական անձ, հովիվ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը: Հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության եւ ռազմական դատախազության համատեղ հայտարարությանը՝ այդ երկրի լրատվամիջոցները նշում են, թե տեղի ունեցածը «ինքնասպանություն» է: Մինչ այդ ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվել էր մի տեսահոլովակ, որում պարզ երեւում են Մ. Սարիբեկյանի վրա առկա խոշտանգումների հետքերը:
Ադրբեջանի կողմից բարձրաձայնվող ինքնասպանության պաշտոնական վարկածը մեր կողմից գնահատվում է որպես պատասխանատվությունից խուսափելու եւ անպատժելիության կիրառման փորձ, քանի որ քաղաքացու մոտ նախքան մահն առկա են եղել բռնության հետքեր: Ինքնասպանության վարկածի դեպքում անգամ ծագում է քաղաքացուն ինքնասպանության հակելու կամ հասցնելու վարկածը, ինչը պետք է մանրամասն քննության առնվի Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից՝ անպայմանորեն գործընթացին մասնակից դարձնելով Հայաստանի Հանրապետության եւ միջազգային փորձագետներին:
Մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք միջազգային փաստաթղթեր վավերացրած Ադրբեջանի Հանրապետությունը պատասխանատու է իր երկրի վարչական սահմաններում գտնվող յուրաքանչյուր անձի անվտանգության համար: Օտարերկրյա քաղաքացու կյանքի դեմ ուղղված յուրաքանչյուր ոտնձգության բացահայտմանը պետք է մասնակից դարձվեն այն երկրի ներկայացուցիչները, որի հովանավորության ներքո գտնվում է տվյալ անձը: Ուստի պահանջում ենք Հայաստանի Հանրապետության հովանավորությունը կրող Մանվել Սարիբեկյանի մահվան գործի քննությանը ներգրավել ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Նաեւ կոչ ենք անում ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին, ՄԱԿ-ի եւ Եվրոպական Միության համապատասխան մարմիններին նպաստել այս դեպքի կապակցությամբ հետաքննությանը ներգրավելու Հայաստանի եւ միջազգային անկախ փորձագետներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել