«Դուք ասում եք՝ մեր ապրանքը այնքան որակյալ է… Նիկոլ Փաշինյանն էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում։ Հիմա մի հատ ձեր մեջ կողմնորոշվեք՝ հասկանանք՝ ո՞ւմ ենք լսում, ո՞ւմ ենք հավատում»,- խորհրդարանում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մինչ այդ, Գեւորգ Պապոյանն ասել էր, որ անհիմն է համարում հայ տնտեսվարողների նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումները․ «Չէր պլանավորվել, որ հայ արտադրողների մուտքը ռուսական շուկա անհիմն կսահմանափակվի, որպեսզի Հայաստանում որոշ քաղաքական ուժեր մի քանի տոկոս ձայն ստանան ու հայտնվեն Ազգային ժողովում։ Մենք կարծում ենք, որ անհիմն սահմանափակումները պետք է օր առաջ ավարտվեն»։
Ըստ նրա, Հայաստանից արտահանվող արտադրանքը շատ բարձր որակի է ու դրա ապացույցն այն է, որ ռուսական շուկայի փոխարեն` հայկական ապրանքները շատ արագ հայտնվեցին Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի ու ԵՄ շուկաներում։
Կարդացեք նաև
Պապոյանը համարում է, որ հայ գյուղատնտեսներին ճնշելով, ՌԴ-ում ակնկալում էին, որ մի քանի հազար մարդ դուրս կգա փողոց՝ բողոքելու, բայց կառավարությունը կարողացավ սուբսիդավորել վնասը, օգնել մարդկանց եւ հարցը լուծվեց։
Արթուր Խաչատրյանը նաեւ նկատեց․ անցյալ տարի՝ դեկտեմբերի 4-ին, ընդունվեց 2026 թվականի բյուջեն. «Նախատեսված էր 5.4% տնտեսական աճ։ Քսան օր հետո ընդամենը պարզվեց, որ 7.2% է կազմել աճը։ 40%-ով սխալ է եղել։ Մի հատ ես կխնդրեմ՝ ասեք՝ սխալը որտեղ՞ է եղել, որտեղ՞ այդ 40%-ը դուք չեք կարողացել հաշվեք»։
Նաեւ հետաքրքրվեց՝ տնտեսության կոնկրետ ո՞ր ճյուղերով են կառավարությունում պլանավորում կես տրիլիոն հավելյալ հարկային մուտքեր ապահովել։
Գեւորգ Պապոյանը ճշտեց՝ էկոնոմիկայի նախարարն ու նախարարությունը միակն են եղել, որ ամբողջ անցած տարի ասել են 6.5%- 7% աճ․ «Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Կենտրոնական բանկը, Ֆինանսների նախարարությունը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը… այ, մյուսները ձեր նշած թվերն էին ասել։ Հետևաբար, ես խնդրում եմ՝ այդ հարցը ինձ մի՛ ուղղեք, միջազգային ֆինանսական կառույցներին ուղղեք, որովհետև իմ նշածների մեջ էլի ամենաբարձրը Ֆինանսների նախարարությունն էր կանխատեսել, մյուսները ավելի ցածր տնտեսական աճ էին կանխատեսել»։
Իսկ հայկական ապրանքների որակի մասին էլ նկատեց․ «Նախ, ես կարծում եմ, որ վարչապետին պետք չէ վերագրել մտքեր, որոնք որ ինքը չի ասել։ Այո՛, յուղոտ ձկան մասին ասել է, բայց վարչապետը նաև հաջորդ հարցազրույցում ասել է՝ ես չեմ ասել, որ Հայաստանում արտադրվող ձուկը որակյալ չէ, ես ասել եմ, որ այն ձուկը, որը արտադրվում է Հայաստանում, իմ քիմքին հարմար չի՝ յուղոտ է և այլն։ Այսինքն, գիտե՞ք, ես այդ հարցին այսպես պատասխանեմ՝ օրինակ, չգիտեմ, թանկարժեք ձկնամթերք ես չեմ ուտում, որովհետև իմ քիմքին հարմար չի, բայց դա չի նշանակում, որ դա վատն է և հրաշալի բան չի։ Այսինքն, եթե ես մի բան չեմ սիրում, կամ դուք մեկ այլ բան չեք սիրում, դա չի նշանակում, որ դա վատն է։
Որակի վերաբերյալ ամենալավ կարծիքը էլի տալիս է արտահանումը։ Մենք Հայաստանի Հանրապետությունից արտահանում էինք կատարում կենդանի ձուկ։ Այդ ձուկը գնում է Ռուսաստանի Դաշնություն՝ ուրիշ ոչ մի շուկա չէր գնում։ Երբ որ այդ ձուկը հայտնվեց սահմանափակման տակ, մեր տնտեսվարողները նոր շուկա գտան։ Ի՞նչ են անում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ է հիմա արտահանվում մեր ձուկը, այդ ձուկը մշակվում է, պաղեցվում կամ սառեցվում է երկու ձևով էլ, գնում է և մշակված եղանակով գնում է Արաբական Միացյալ Էմիրություններ այդ նույն ձուկը։ Չկա չարիք առանց բարիքի․ մենք գիտեինք, թե մեր ձուկը վատն է ու մենակ Ռուսաստանում կարող է վաճառվել, պարզվում է՝ մեր ձուկը շատ էլ լավն է, Էմիրություններում էլ կարող է վաճառվի, Եվրոպական միությունում էլ կարող է վաճառվի։ Որ մի քիչ էլ պահեն էս սահմանափակումները, ընդհանրապես ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով։
Ինչի՞ եմ ես սա կարևոր համարում, նրա համար, որ երբեմն պետք է նաև այդ ․․․Հայաստանում դիվերսիֆիկացիա, և այդ մտածողությունը չէր կարող փոխվեր, քանի դեռ այսպիսի բան մեր հետ տեղի չէր ունեցել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Գեւորգ Պապոյանը հայտարարեց՝ ռուսական սահմանափակումների պատճառով ընդամենը 60 միլիոն դրամի շուկա է կորցրել Հայաստանը։ Այնուամենայնիվ այդ վեճը նա համարում է տնտեսական եւ դա է պատճառը, որ դիմել են՝ Հայաստանի սահմանափակումների դեմ սահման ճանաչվի։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ






















































