Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Մանուկյանը՝ արբանյակների ծրագրի մասին. «3.2 միլիարդ ծախսվել է, գոնե հասկանանք՝ այդքան գումարի օգուտ եղե՞լ է ժողովրդին»

Նոյեմբեր 06,2026 13:38 Share
Աջակցեք aravot.am-ին

«Արբանյակը, որ թռավ տիեզերք՝ հայտնի մի քանի միլիարդ դրամանոցը, գնացի, ուսումնասիրեցի, քրեական գործ են հարուցել, ԱԱԾ-ն է տվել խաբարը… Այդ արբանյակը մեր վրա ի՞նչ նստեց, որովհետև այս բյուջեի բացատրագրում գրված է, որ նոր արբանյակի բանակցություններ եք սկսել վարել։ Ուզում եմ հասկանալ՝ էն նախորդ մի երեք միլիարդ դրամանոցը մեր ժողովրդին ի՞նչ օգուտ տվեց, մեր պետությանն ի՞նչ օգուտ տվեց, ու մեկ էլ՝ հիմա էդ ինչի՞ համար եք սկսում, ու էդ ինչքա՞ն է բեռ նստելու մեր վրա»,- խորհրդարանում՝ 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

«Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է հետևյալ, երևի թե ամենամեծ արդյունքը, որ նման ծրագիրը կարող է տալ. դա մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորումն է։ Օրինակ՝ մեր կազմակերպությունը, որը զբաղվում է դրանով, համալրված է արդեն մի քանի տասնյակ մասնագետներով, ովքեր ունեն փորձ և կարող են, գիտեն՝ ինչի մասին են խոսում, կարող են վերլուծել, օրինակ, տիեզերքից ստացած նկարները, կարող են հանձնարարություններ տալ արբանյակներին, կարող են վարել, նախագծել և վարել տիեզերական ծրագիր։ Սա չկար տարիներ առաջ, հիմա մեր երկիրն ունի այս կարողությունը, և ամենամեծ արժեքը կայանում է սրանում։

Այն, ինչ մենք հիմա նախատեսում ենք անել՝ պայմանականորեն անվանենք երկրորդ արբանյակների ծրագիր, այն կառավարության ծրագրով, որ գրված է հնգամյա՝ երեք արբանյակ՝ երկուսը՝ երկրի դիտարկման և մեկը՝ կապի արբանյակ, մենք այդ ծրագիրն ամբողջությամբ իրականացնում ենք մեր ներքին ռեսուրսներով, ոչ թե խորհրդատուներ ներգրավելով, ոչ թե լսելով արտասահմանյան մասնագետների կարծիքները, այլ հիմնական ներուժը մեր ներքին ներուժն է, որը ձևավորվել է հենց առաջին ծրագրի իրականացման արդյունքում։ Օրինակ՝ հիմա, մինչև այդ ծրագրի իրականացումը, ես չեմ կարծում, որ որևէ երիտասարդ ինժեներ, որը ուզում էր կամ երազում էր տիեզերական ոլորտում աշխատել Հայաստանում, աշխատանք գտնելու հնարավորություն կունենար։ Իսկ հիմա կա այդ հնարավորությունը, հիմա կա կազմակերպություն, որը փնտրում է որակյալ ինժեներների՝ հենց տիեզերքի ուղղությամբ մասնագիտացված։ Իսկ թե դա ի՞նչ է տալիս ռազմավարական առումով երկրին՝ չգիտեմ, ինձ թվում է՝ դա պետք չի բացատրել, դա բոլորս քաջ գիտակցում ենք»,- եղավ պատասխանը։

«Արսեն Թորոսյանը, որ ասում է՝ չէ, չհասկացա, մի հատ նորից կասե՞ք… մոտավորապես այդպիսի մի բան։ Բայց չէ՛, էլի, 3.2 միլիարդ ծախսվել է, դրա գոնե հասկանանք՝ այդպես մի միլիարդի օգուտ եղե՞լ է, թե՞ չէ՝ ժողովրդին»,- արձագանքեց Մեսրոպ Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել