Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը դարձյալ կրկնապատկում է ռազմական բյուջեն

Հոկտեմբեր 14,2010 00:00

Իսկ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարն այդ առիթով մտահոգվելու խնդիր չի տեսնում

«2011 թվականի բյուջեում Ադրբեջանը այս տարվա համեմատությամբ կրկնապատկում է ռազմական ծախսերը»,- տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով «Ֆրանսպրես» լրատվական գործակալությանը: Խորհրդարանում ներկայացնելով պետբյուջեի նախագիծը՝ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովն ասել է, որ պաշտպանական բնագավառի ծախսերը 2011 թվականին աճելու են 89.7 տոկոսով եւ կկազմեն 2.5 միլիարդ մանաթ (շուրջ 3 միլիարդ 100 միլիոն դոլար): Ադրբեջանի 2010 թվականի բյուջեով ռազմական ծախսերին հատկացվել է 1 միլիարդ 187 միլիոն մանաթ։ «2011 թվականի բյուջեում ռազմական ծախսերը կկազմեն 19.7 տոկոս՝ 2010 թվականի 10.7 տոկոսի համեմատությամբ, այսինքն՝ ռազմական ծախսերը բյուջեում համարյա կրկնապատկվում են»,- ասել է նախարարը։
Ըստ նրա, մոտավորապես 1 միլիարդ 400 միլիոն դոլարը ուղղվելու է ադրբեջանական բանակի արդիականացմանը՝ ժամանակակից սպառազինություններ ձեռք բերելու համար։ Նա նաեւ ասել է, թե Ադրբեջանի ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար ավելի շատ գումար է հատկացվելու, քան այս տարի, բայց չի կոնկրետացրել գումարի չափը: «Ֆրանսպրեսը» նշում է, որ Ղարաբաղի հարցով Հայաստանի հետ երկարատեւ հակամարտություն ունեցող Ադրբեջանը էներգակիրների արտահանումից ստացած գումարների հաշվին անցած երկու տարիների ընթացքում ռազմական ծախսերը առանց այդ էլ համարյա կրկնապատկել էր։
1990-ականների ռազմական առճակատման հետեւանքով երկու կողմից շուրջ 30 հազար մարդ է զոհվել: Գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական հաղորդագրություններին, նաեւ հավելում է, որ այս տարի լարվածությունն ավելացել է՝ 2010-ին երկու կողմից 18 զինծառայող է զոհվել, որից 8-ը՝ միայն անցած ամսվա ընթացքում:
Այս առիթով պատասխանելով «Առավոտի» հարցին՝ արդյոք Հայաստանը մտահոգվելու առիթ չունի՞, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ասաց, որ խուճապի մատնվելու առիթ չի տեսնում: Ավելին, նախկին փոխնախարարը հայտարարեց, որ ինքն ավելի ուրախ կլինի, որ Ադրբեջանի բանակի բյուջեն կազմի ոչ թե 3,1 միլիարդ դոլար, այլ 7,5 միլիարդ: Իսկ թե ինչո՞ւ՝ «Որովհետեւ դա կորած փող է»,- պարզաբանեց մեր զրուցակիցը ու հավելեց, որ ադրբեջանական բանակում ինչքան շատ փող կորչի, այնքան մեզ ձեռնտու է: Նախկին փոխնախարարը համոզված է, որ բանակին տրամադրված գումարները, մեծ հաշվով, ոչինչ չեն տալու մեր հարեւան երկրի բանակին. «Ադրբեջանի ղեկավարության մի զգալի մասն այդ գումարի առյուծի բաժինն իր գրպանն է դնելու»: Եվ, որ ամենակարեւորն է, պարոն Շիրխանյանը չի գտնում, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազքի մեջ մտնի, քանի որ դա կնշանակի խաղալ հակառակորդի խաղը, իսկ դա անել պետք չէ. «Պետք է բոլոր ուժերը դնել Հայաստանում բանակն էլ ավելի մարտունակ, կարգապահ, օրինական վիճակի բերելու համար: Իսկ դրա հնարավորությունները կան՝ առանց մեծ ներդրումների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել