Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱԼԻՐ ԴԻՏԱՐԿԵԼ»

Հոկտեմբեր 14,2010 00:00

\"\"ԳԹԿ արտաքին գնահատումների արդյունքները մտահոգիչ են

Հանրապետության 91 ավագ դպրոցներում Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) անցկացնում է ընթացիկ արտաքին գնահատումներ: Այս մասին «Առավոտը» զրուցեց ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանի եւ ԳԹԿ մշակումների եւ կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանի հետ: Պարոն Խաչատրյանը մինչ բուն թեմային անցնելը հիշեցրեց, որ վերջերս երկու քննարկում է կազմակերպվել Երեւանում՝ նվիրված կրթության որակի բարձրացմանը: Մեկ ամիս առաջ էլ ՀՀ ԿԳ նախարարությունում է կոլեգիայի ընդլայնված նիստ անցկացվել՝ ընթացիկ գնահատումների եւ կրթության որակի թեմայով: Ըստ Գ. Խաչատրյանի, արտաքին գնահատումների նպատակը հետեւյալն է. «Ավագ դպրոցների մեծ մասը նոր է ձեւավորվում, ուստի հարկ է իմանալ, թե տվյալ աշակերտը դպրոցից ի՞նչ պաշարով է եկել, որպեսզի հետագայում կարողանանք դիտարկել նրա առաջընթացը, տեսնել, թե դպրոցը որքանո՞վ է նպաստել երեխայի գիտելիքների որակի բարձրացմանը»: Մարզերում գործընթացը կայացել է մի քանի փուլով: Երեկ ԳԹԿ ներկայացուցիչները աշխատել են Արմավիրում, Արագածոտնում եւ Արարատում:
Տնօրենը նշում է, որ հաջորդ շաբաթ երկու փուլով էլ երեւանյան դպրոցներին կանդրադառնան, կստուգվեն երեխաների գիտելիքները հայոց լեզու, գրականություն եւ մաթեմատիկա առարկաներից:
«Մարզերում մեզ լավ են դիմավորում, քանի որ ավագ դպրոցների աշակերտների մեծ մասը այլ դպրոցներից է եկել, իրենց էլ է հետաքրքրում այդ երեխաների մակարդակը: Ի դեպ, որոշ մարզային դպրոցներ սեփական ռեզերվներով արդեն անց էին կացրել գնահատումներ»,- նշում է Գ. Խաչատրյանը: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ իրենց բավարարո՞ւմ են արդյունքները: Նա ասաց, որ վիճակը տխուր է եւ համեմատաբար բարվոք՝ թեքումով դասարաններում: Հավելեց, որ դպրոցներ կան, որտեղ ողջ դասարանից ընդամենը մեկ-երկուսը գիտեն, օրինակ՝ ամենահայտնի Վիետի թեորեմը կամ սովորական քառակուսի հավասարում լուծել: ԳԹԿ աշխատակիցների գրանցած զավեշտալի փաստ եւս: Երեխան շարադրություն է գրել համերգի մասին ու «ներկայացրել», թե ինչպես է երգչուհին խուլուհամրերի համար զուգահեռ «թարգմանում» դուդուկը: «Փաստորեն՝ երեխան ոչ միայն գրագետ չէ, այլեւ զուրկ է մտածողությունից»,- նշում է Խաչատրյանը: Սիսիանի դպրոցներում էլ երեխաներից մեկը, ըստ գնահատումների կազմակերպիչների, նախադասություն վերլուծելիս որպես ենթակա ընդգծել է բացառական հոլովով դրված նախադասության այլ անդամ:
Ո՞վ է մեղավոր՝ ուսուցի՞չը, դասագի՞րքը, ծրագի՞րը, դպրո՞ցը, թե՞ ԳԹԿ-ն:
Ըստ Գ. Խաչատրյանի, պետք է խնդիրը համալիր դիտարկել. «Ոչ միայն իրական վիճակը պետք է ցույց տալ, այլ որոնել այն ազդակները, որոնք ազդում են կրթության որակի առաջընթացի վրա»:
Կ. Նասիբյանն էլ փաստեց, որ իրենց հետ հանդիպումներում ուսուցիչները մշտապես դժգոհում են դասագրքերից եւ ծրագրերից, սակայն նրանց ձայնը չի հասնում հասցեատիրոջը: Օրինակ, Վեդիի դպրոցներից մեկի տեխնոլոգիայի ուսուցիչը նեղսրտել է, թե 5-րդ դասարանի ծրագրում հարցեր կան, որոնք երեխան մաթեմատիկայից կամ ֆիզիկայից անցնում է միայն 6-րդ դասարանում. «Այսինքն ուսուցիչը ստիպված է մի բանի մասին խոսել՝ ըստ ծրագրի, որի մասին աշակերտները դեռ գաղափար չունեն: Նույնն էլ վերաբերում է ֆիզիկային, քիմիային՝ միջառարկայական կապն է բացակայում»:
Հետաքրքրվեցինք՝ ԳԹԿ-ի միասնական քննությունները վերացնելու մասին առաջարկությամբ, որի մասին տեղյակ է նաեւ ՀՀ վարչապետը: Գ. Խաչատրյանն ասաց, որ դեմոկրատիայի առումով ավանդույթներ ունեցող շատ երկրներ, թեկուզ ԱՄՆ-ը, դեռ չեն հրաժարվել քննություններից, Հայաստանում էլ այդ հարցը դեռ պետք է լուրջ քննարկումներ անցնի:
«Երրորդ տարին է՝ «կռվում» ենք ավարտական քննությունները չանցկացնելու կամ պակասեցնելու հա
մար»,- նշեց Կ. Նասիբյանը եւ փաստեց, որ ավագ դպրոցներում գնահատումները եւս այդ նպատակն ունեն: Եթե հաջողվի նույն առարկայից երեխային ստուգել նաեւ 11-րդ եւ 12-րդ դասարաններում, պարզ կլինի նրա վերջնական «պատկերը»: «Եթե կարողանանք ժողովրդի մեջ սերմանել այն մտայնությունը, որ այդ կրեդիտներով երեխան կընդունվի բուհ, ուրեմն կարելի է աստիճանաբար հրաժարվել միասնական քննություններից: Բուհերն էլ պետք է իրենց սանդղակներն իջեցնեն, ու պարզ լինի, թե ինչ միավորների դեպքում երեխան կարող է ընդունվել»,- շարունակեց Կ. Նասիբյանը:
Գ. Խաչատրյանը կարծում է, որ մի քանի տարի ուսումնասիրելով աշակերտի «աճման» դինամիկան, կարելի է պարզել նաեւ նրա դպրոցի նկարագիրը եւ նույնիսկ կազմել կրթօջախների վարկանիշային ցուցակներ: Մի բան, որ ընդունված է ողջ աշխարհում: «Դպրոցները դեռ երեք տարի ժամանակ ունեն, գործընթացը նոր է սկսվում: Եթե կլինի այնպիսի կրթօջախ, որ առաջընթաց չի ապրի ու վատ արդյունքներ կունենա, ուրեմն թող տվյալ տնօրենը պատժվի»,- զգոնանալու կոչ է անում Գ. Խաչատրյանը:
ԳԹԿ տնօրենը խոսեց նաեւ ավարտական թեստերի անցյալ տարվա արտահոսքի հայտնի դեպքի մասին: Նա չի բացառում որեւէ վարկած, բայց հակված է համարելու, որ դա դիտավորություն է եւ ԳԹԿ-ն վարկաբեկելու փորձ: Ասում է՝ տպարանում նկարահանող սարք կար, թեստերի հետ առնչություն ունեցող աշխատակիցները ստորագրություն էին տվել, որ որեւէ խախտման դեպքում խստորեն կպատժվեն, այնպես որ՝ շահագրգիռ կողմ չկար. «Չեմ բացառում մի տարբերակ եւս՝ արտահոսքը գրանցված լինի թեստերը բանկեր տեղափոխելու ժամանակ: Մի բան էլ, եթե հատուկ միտում չկա, ինչո՞ւ հենց 9-րդ դասարանի թեստերի արտահոսք եղավ եւ ոչ թե 11-րդի, չէ՞ որ վերջիններիս թեստերն ավելի արժեքավոր էին»:
Հ. Գ. Ի դեպ, անցյալ տարի ԳԹԿ-ն վերլուծություն է անցկացրել ու պարզել, որ աշակերտների կիսամյակային արդյունքներն ու բանավոր քննության միջինը եւ ԳԹԿ-ի գնահատականը խիստ տարբերվում են: Եթե դպրոցների միջինը կազմում է 6, ԳԹԿ-ինը՝ 3: Համապատասխան հետեւությունները թողնում ենք համապատասխան մարդկանց:
Գ. Խաչատրյանը թեստերի արտահոսքի մեջ ԳԹԿ-ն վարկաբեկելու միտում է տեսնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել