Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացիները գովեցին հայկական կրթահամալիրը

Հոկտեմբեր 14,2010 00:00

\"\"«Մխիթար Սեբաստացիի» հերթական նախաձեռնությունը զարմացրել է նրանց

Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց պետական այլընտրանքային հեղինակային մանկավարժական ծրագրերի հոկտեմբերյան ամենամյա 5-րդ բաց հավաքը, որի շրջանակներում կրթահամալիրը հյուրընկալել է Վրաստանից Թբիլիսիի «Aia-gess» մասնավոր եւ Սայաթ-Նովայի անվան թիվ 98 դպրոցների 10-12-րդ դասարանների 20 աշակերտի, ուսուցիչների ու տնօրենների:
3-օրյա հավաքի ընթացքում վրաց մասնագետները կծանոթանան կրթահամալիրի՝ տարբեր դպրոցների կողմից ներկայացվող արտակարգ ունակություններ դրսեւորած սովորողների ուսուցմանը, կրտսեր դպրոց-պարտեզին եւ ՏՀՏ տեխնոլոգիաների կիրառմանը՝ Հայաստանում:
Հյուրերը շրջայց կատարեցին դպրոցում, ականատես եղան՝ ինչպես են կիրառվում էլեկտրոնային գրատախտակները, անցկացրին ուսումնական պարապմունքներ ՏՀՏ խորացված ուսուցմամբ դասարաններում:
Ըստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի, միջոցառման նպատակն է լայն հասարակությանը ներկայացնել կրթահամալիրի կողմից մշակվող եւ իրականացվող կրթական ծրագիրը. «Կա պետական կրթական ծրագիր, որն իրականացնում են ՀՀ բոլոր դպրոցները, եւ կա պետական այլընտրանքային ծրագիր, որի հեղինակը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչներն ու սովորողներն են: Հոկտեմբեր ամսին մեր մշակած ծրագրերը ներկայացնում ենք ծնողների եւ կրթության նախարարության դատին, մայիսին կներկայացնենք դրանց արդյունքները: Կրթահամալիրը կապեր ունի Թբիլիսիի ամենահայտնի դպրոցների հետ, որոշեցինք այս անգամ եւս նրանց հրավիրել: Վրացիներն այս անգամ ավելի մեծ խմբով են ժամանել: Դա նշանակում է, որ իրենց գրավել է մեր հավաքի թեման՝ տեղեկատվական նոր տեխնոլոգիաները՝ հանրակրթության մեջ»:
Թբիլիսիի Սայաթ-Նովայի անվան թիվ 98 դպրոցի տնօրեն Գեորգի Մոմցելիձեն նշեց, որ վաղուց է ծանոթ հայկական կրթական համարգին եւ այստեղ կիրառվող մեթոդներին: Համեմատելով հայկական եւ վրացական հանրակրթությունը, նա ասաց. «Ի տարբերություն Հայաստանի, մենք ամեն ինչ նոր ենք սկսում եւ անհրաժեշտություն ունենք միջազգային փորձի: 21-րդ դարում ենք ապրում, եւ առանց համակարգչի, ինտերնետի, էլեկտրոնային գրատախտակների՝ հնարավոր չէ լիարժեք ուսուցում իրականացնել: Միայն տպագիր գրքով առաջնորդվելը սխալ է, դրա համար էլ մեր կառավարությունը եւս մշակում է քայլեր, որոնք ենթադրում են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում հանրակրթական դպրոցներում»:
«Aia-gess» դպրոցի սան Մալխաս Դարբաիձեն կրթահամալիրում շրջայց կատարելուց հետո «Առավոտին» խոստովանեց, որ շատ կցանկանար սովորել Հայաստանում. «Այստեղ ամեն ինչ համապատասխանում է 21-րդ դարի պահանջներին: Իսկ մենք դեռ հին մեթոդներով ենք սովորում: Վրաստանում ամեն ինչ այլ է, մինչդեռ ձեզ մոտ ոչ միայն գիտելիք են տալիս, այլեւ տարբեր ուղղություններով հմտացնում՝ սպորտ, մշակույթ, անգամ վարորդական իրավունք»: Նույն դպրոցից Սոֆիո Լելաշվիլիին գրավում է հայ ուսուցիչների վերաբերմունքը աշակերտների հանդեպ. «Թբիլիսիում հազվադեպ հանդիպող երեւույթ է, որ ուսուցիչներն այսքան սիրալիր լինեն աշակերտի նկատմամբ: Դրանից քո վերաբերմունքն էլ փոխվում է սովորելու հանդեպ»: Վրացի դպրոցական Թինա Կեկելիան էլ հավելեց. «Հայաստանում պայմաններն ավելի լավն են, քան մեզ մոտ. ամեն ինչ կա լավ գիտելիք ստանալու համար: Ինձ թվում է՝ Վրաստանի իշխանությունները տեղյակ են, որ մեր կրթական համակարգը դեռեւս շատ հետ է բարձրակարգ կրթություն ապահովելու համար»:
Ա. Բլեյանը տեղեկացրեց, որ հավաքի վերջին օրը Վրաստանի պատվիրակությանը կմիանա նաեւ Վրաստանի կրթության նախարարը:
Նա նաեւ նշեց, որ հավաքի շրջանակներում նախատեսվում է հայ-վրացական հանրակրթական համատեղ կայքի ստեղծում՝ հայերեն, վրացերեն եւ անգլերեն. «Վրացական կողմի հետ համագործակցությունը վաղուց է սկիզբ առել: Ավելի քան 100 սովորող մեր կրթահամալիրից՝ այցելել է Վրաստան, ծանոթացել այնտեղի կրթական համակարգին: Իսկ այսօր ներկա 20 վրաց աշակերտները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների հյուրերն են: Հենց այս կապի արդյունքում էլ կրթահամալիրի առաջարկով առաջին անգամ հայ կրթական համակարգում հայ-վրացական համատեղ միջազգային ծրագիր է մշակվում, որը կներկայացնենք Վրաստանի կրթության նախարարին՝ իր այցի ժամանակ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել