Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սերբ ֆանատները խափանել են հանդիպումը

Հոկտեմբեր 14,2010 00:00

\"\"Եվրո 2012-ի հերթական տուրն աչքի ընկավ նաեւ տհաճ անակնկալով: Դա Ճենովայում նշանակված Իտալիա-Սերբիա հանդիպման ձախողումն էր, որի գլխավոր մրցավար՝ շոտլանդացի Կրեյգ Թոմսոնը, սերբ ֆուտբոլասերների խուլիգանական պահվածքի հետեւանքով տրիբունաներում անվտանգության ապահովումն անհնարին դառնալու պատճառով արդեն 6-րդ րոպեին խաղը դադարեցնելու որոշում է ընդունել: Իտալական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, սերբ ֆանատները տեղի ոստիկանության հետ մարտականորեն հարաբերվելու տրամադրություն ունեցել են դեռ ցերեկվանից: Նրանք քարեր են նետել անգամ իրենց թիմին ստադիոն բերող ավտոբուսի վրա, ինչի հետեւանքով վնասվածք է ստացել ու կազմից հանվել դարպասապահ Վլադիմիր Ստոյկովիչը: Այնուհետեւ  սերբ ֆանատներն անկարգությունները շարունակել են նաեւ «Լուիջի Ֆերրարի» ստադիոնում: Խաղի մեկնարկը, դաշտի տերերի տուգանային հրապարակ նետած ծխաբերի պատճառով, հետաձգվել է 35 րոպե: Իսկ երբ զարգացումներն ավելի բուռն են դարձել, գլխավոր մրցավարն արդեն 6-րդ րոպեին այն դադարեցրել է:
Այժմ սերբերին ամենայն հավանականությամբ տեխնիկական պարտություն կգրանցվի: Սակայն բացառված չէ նաեւ, որ ՈՒԵՖԱ-ն այդ երկրի նկատմամբ բացառիկ վճիռ կայացնի՝ հեռացնի մրցաշարից:
«AP» գործակալությունը երեկ արդեն տեղեկացրել է, որ Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, արդեն սկսել է «Եվրո 2012» ընտրական մրցաշարի Իտալիա-Սերբիա հանդիպման ձախողման պատճառների եւ տեղի ունեցած իրադարձությունների հետաքննությունը եւ որոշում կկայացնի հոկտեմբերի 28-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել