Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայկական գամփռը՝ միջազգային ասպարեզում

Հոկտեմբեր 14,2010 00:00

\"\"Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Գեղեցկության միջազգային չեմպիոնի թեկնածու /CACIB կարգի/ բոլոր ցեղատեսակների շների միջազգային ցուցահանդես: Օրերս Խուլուհամրերի մշակույթի կենտրոնում մոտ 40 ցեղատեսակի շներ կային. հայկական գամփռից մինչեւ շվեյցարական սպիտակ օվչարկա, չաո-չաո, տաքսա, լաբրադոր, ամերիկյան բուլդոգից մինչեւ պուդել:
Ցուցահանդեսը կազմակերպել էր Հայաստանի կինոլոգիական միությունը, որն այս տարվանից հանդիսանում է IKU-ի՝ Միջազգային կինոլոգիական միության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Շների ցուցահանդեսի դատավորներն էին IKU-ի նախագահ Վլադիմիր Ուրաժեւսկին եւ Վրաստանի կինոլոգիական միության նախագահ Միխայիլ Մոդեբաձեն:
\"\"«Բելառուսից, Ուկրաինայից, Իրանից մասնակիցներ ունենք, որ բերել են իրենց շներին: Մեր ընկերներն են մեծ կազմով եկել Վրաստանից: Հայաստանում Ռուսաստանի եւ Բուլղարիայի դեսպաններն են իրենց շներով այստեղ: Լիքը ասելու բան ունեմ, բայց ամենամեծ նվաճումը այն է, որ մեր հայկական գամփռը դուրս է գալիս միջազգային ասպարեզ: Դեկտեմբերի 11-ին Մոսկվայում կայանալու է աշխարհի առաջնությունը, Հայաստանը պատրաստվում է ներկայանալ դրան: Ես անձամբ որպես դատավոր եմ հանդես գալու. դատավորի միջազգային կոչում ունեմ»,- ասաց Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը:
Ցուցահանդեսին մասնակցելու համար 150 շուն էին գրանցել, բայց անկարգապահություն նկատվեց: «Շատերը ուշացումով են գալիս: Այս անգամ ներողամիտ ենք, գարնանը ավելի խիստ կլինենք: Տարին երկու անգամ պետք է անցկացվի ցուցահանդեսը, իսկ մի տարի հետո պարտադրում են՝ տարին 4 անգամ իրականացնել միջոցառումը: Այսօրվա հաղթող շունը ընտրվելու է ամենավերջում. բոլոր ցեղատեսակների լավագույն շներից կընտրվի մեկը: Գավաթներ ենք տալու, մրցանակները սառնարանի, լվացքի մեքենայի, համակարգչի տեսքով են»,- նշեց Հայաստանի կինոլոգիական միության նախագահը:
Ըստ bravo.am-ի՝ Կինոլոգիական ակումբի ղեկավար Կարեն Նանումյանը եւս կարեւորեց  շների ցուցահանդեսները, նշելով՝ «այստեղ հրաշալի մթնոլորտ է, հրաշալի մրցանակներ: Մարդիկ սպորտային ազարտի մեջ են ընկնում, սկսում ավելի լավ խնամել իրենց շներին, փորձում լավ արդյունքների հասնել, տեր-շուն հարաբերություններն են լավանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել