Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալացի վերականգնողներին խաբել-չեն վճարել

Հոկտեմբեր 15,2010 00:00

\"\"Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը հստակ պատասխաններ չուներ Վերահսկիչ պալատի նախագահին:

ՀՀ մշակույթի նախարարությունը վերլուծել է «Պատմության եւ մշակույթի հուշարձանների վերականգնում ու վերանորոգում» բյուջետային ծրագրով իրականացվող այս տարվա աշխատանքները եւ բացահայտել, որ հուշարձանների վերականգնման համար 2010 թվականի պետբյուջեով հատկացված ֆինանսական միջոցների վերաբաշխման անհրաժեշտություն կա: Երեկ կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը մանրամասնեց. «Խոսքը 74 միլիոնի մասին է, օրինակ՝ Լճաշենի վերականգնման վրա դրված է 12 միլիոն դրամ, բայց քանի որ պեղման աշխատանքներն այնտեղ չեն ավարտվել, այդ գումարը տեղափոխում ենք մեկ այլ վանքի վրա, նույնը արվում է Ոսկեվազում: Քոբայրի վանքում որոշակի աշխատանքներ պետք է արվեն՝ որմնանկարները պաշտպանելու համար, իսկ դա ծրագրով նախատեսված չէր»: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն էլ միջամտեց՝ տեղեկացնելով, որ նախորդ տարի Քոբայրում ու Հնեվանքում իրենց կատարած ստուգումների արդյունքում քրեական գործեր հարուցվեցին. «Ամբողջը վերագրվեց շինարարին, թե սխալ էր կառուցել ու լավ չէր աշխատել, մենք էլ որոշեցինք, որ շինարարը իր միջոցներով վերականգնի այդ վանքերը, այս ամենից հետո վերաբաշխո՞ւմ եք առաջարկում: Ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում»: Ավելի ուշ պարոն Զաքարյանը փոխնախարարին հարցրեց. «Ինչո՞ւ չեք պարտադրում, որ շինարարը վերականգնի»: Տիկին Սամուելյանն էլ դժվարացավ պատասխանել: Վերահսկիչ պալատի նախագահն էլ շարունակեց իր հարցադրումները. «Առաջարկում եք ամիսներ առաջ վերականգնման ծրագրում ընդգրկված հուշարձանները հանել ու ներդրած գումարներով վերականգնել նոր հուշարձաններ, էդ դեպքում՝ ընդամենը մի քանի ամիս առաջ այդ նույն հուշարձանները ինչո՞ւ էին հայտնվել վերականգնման ծրագրում»:

Իսկ թե ինչու է նախարարությունը վերականգնման ծրագրում նոր վանքերի նախագծեր առաջարկում, տիկին Սամուելյանը բացատրեց. «Մտցրել ենք միայն Օձունը ու Թարգմանչաց վանքը: Այս երկու հուշարձաններն էլ դեռ սովետական տարիներից ունեին նախագծեր, Թարգմանչաց վանքը անհրաժեշտ է բարեկարգել, իսկ Օձունը վթարային վիճակում է՝ գմբեթը խիստ վթարված է»: Պարոն Զաքարյանն էլ հավելեց. «Ի դեպ, այդ վանքերի որմնանկարները միակ պայծառ բանն են, որոնք իտալացի մասնագետները վերականգնել են, նրանց չեն վճարել, մարդիկ թողել ու վերադարձել են իրենց երկիր»: Պարոն Զաքարյանը նաեւ առաջարկությամբ հանդես եկավ. «Դուք ունեք 41 պատմամշակութային հուշարձան, որոնք նորոգելու համար նախորդ տարիներից նախագծային աշխատանքներ են արվել, սակայն հուշարձանների մեծ մասը մնացել է առանց նորոգման… Ավելի լավ է մի քանի եկեղեցի ու հուշարձան հիմնովին նորոգենք, հետո նոր անցնենք մյուսին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել